Google ընկերությունը սկսել է որոնել գործընկերներ Հնդկաստանում, որոնք կզբաղվեն իր Pixel սմարթֆոնների բաղադրիչների հավաքմամբ։ Նախապայման է, որ այդ գործընկերների արտադրական հզորությունները լինեն Չինաստանի սահմաններից դուրս։ Այս քայլով Google-ը ցանկանում է իր սմարթֆոնների արտադրությունն իրականացնող հզորությունները դուրս բերել Չինաստանից։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Lava International եւ Dixon Technologies India ընկերությունների հետ։
Foxconn-ի հնդկական մասնաճյուղը եւս կարող է դառնալ Google-ի գործընկերն այս հարցում։ Եթե գործարքը Հնդկաստանում գործող ընկերությունների հետ կայանա, ապա Google-ը կդառնա վերջինը տեխնոլոգիական հսկաներից, որ իրականացնում է Չինաստանում ունեցած իր արտադրական հզորությունների դիվերսիֆիկացիա։ Նման գործընթացներ իրականացրել են Apple, Samsung, Microsoft եւ այլ ընկերություններ։
Ամերիկյան բարձր տեխնոլոգիական ընկերությունների այս վարքագիծը պայմանավորված է առաջին հերթին չին-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներով եւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի լարմամբ։