Քաղաքականություն

Բոլշեւիկ է Նիկոլ խանը…

Բոլշեւիկ է Նիկոլ խանը…

Փաշինյանին եւ նրա գլխավորած մեծամասնությանը բոլշեւիկ ասելու մեջ տրամաբանական սխալ չկա: Այն, ինչ շատ է՝ «բոլշե», բոլշեւիկ է: Կարելի է ասել՝ բոլշեւիկը Աֆրիկայում էլ բոլշեւիկ է: Բայց մենք Փաշինյանին բոլշեւիկ չենք ասում, որովհետեւ դրանով կարող ենք թույլ տալ մարդաբանական սխալ: Չկա աշխարհում բոլշեւիկների այնպիսի տեսակ, այնպիսի իշխանություն, որ զօրուգիշեր մտածի միայն իր բոլշեւիկությունը, հետեւաբար՝ նաեւ իր ունեցած դիրքն ու պաշտոնները պահպանելու մասին: Ընդ որում՝ կապ չունի, թե ինչ գնով դա կանի. հող կտա, բանակը կքանդի, անցյալ ու պատմություն կուրանա, ազգը կդարձնի անհայրենիք քոչվոր ցեղ… Սրանք մանր բաներ են, եթե մեջտեղում իշխանություն ու աթոռ պահելու խնդիր կա: Այս իմաստով նիկոլական բոլշեւիզմը եզակի է:

Փոխարենը մենք գիտենք բոլշեւիկների, որոնք, օրինակ, մերժեցին Ցարին, բայցեւ կյանքի գնով պահեցին հողը՝ այդ նույն Ցարի հողը, ավելի ընդլայնեցին երկիրը, երբեք հայրենիքը չնույնացրին իրենց ստեղծած պետության հետ, դիմագրավեցին խոշորագույն ինտերվենցիաների, համաշխարհային պատերազմ հաղթեցին, Եվրոպայի մի հսկայական հատված դարձրին բոլշեւիկյան: Բայց դուք մի հատ մեր բոլշեւիկների արածը տեսեք: Ռուս բոլշեւիկներն իշխանության գալուց 5 տարի անց ստեղծեցին աշխարհի ամենահզոր երկիրը՝ ԽՍՀՄ-ը: Մերոնք 6,5 տարի է՝ խոսում են ժառանգություն ստացած 40 հազար քառակուսի կիլոմետրանոց երկրի մնացորդացը պահելու մասին: Էն էլ ինչպես են խոսում՝ թեական, կա՛մ կկարողանան պահել, կա՛մ՝ չէ: Ժխտեցին ու մերժեցին ամեն ինչ՝ սփյուռք, եկեղեցի, Արեւմտյան Հայաստան, Արարատ, Վան, Կարին, Կարս, Արցախ: Բա ուռոդ չե՞ն սրանք՝ մեր բոլշեւիկները: Արա ՔՊ, Նիկոլն էլ ձեզնից անպակաս, դուք էս ի՞նչ միլլեթ եք, արա, դուք էս ի՞նչ սորտի բոլշեւիկ եք:

Թե բա՝ մենք բոլշեւիկ չենք, նեոբոլշեւիկ ենք․ նոր Հայաստան՝  նոր բոլշեւիզմ: Ու մեկ էլ չեն մոռանում հիշեցնել, որ իրենց ժողովուրդն է ընտրել: Արա, ժողովուրդը ձեզ ընտրել էր, որ Արցախ հանձնեի՞ք, որ Կիրանցը տայի՞ք, որ Սեւ լիճը տայի՞ք, որ Գորիս-Կապան ճանապարհը տայի՞ք, որ Տիգրանաշենը տա՞ք, որ Սյունիքը տա՞ք: Ինչ է, հայ ժողովուրդն էդ աստիճանի ոչխա՞ր էր, արա: Ամբողջ աշխարհին խնդացրիք մեզ վրա՝ բա այսպիսի բոլշեւիզմ կլինի՞:
Մի պահ պատկերացրեք, որ Լենինը կամ Ստալինը բեղերը սափրելու գնով փորձեին ավելի բոլշեւիկ երեւալ, ավելի սարսափազդու, ավելի խարիզմատիկ: 1944 թվականին Ստալինն իր նույն դիմանկարը՝ բեղերով, ուղարկեց Չերչիլին եւ Ռուզվելտին: Ոչ մի բառ՝ դարձերեսին: Ռուզվելտն ու Չերչիլն ուշադիր զննեցին լուսանկարի իրենց օրինակները… Վերջը Չերչիլը հասկացավ, թե ինչ էր ասում բոլշեւիկ Կոբան: Արագ կապ տվեց Ռուզվելտին՝ Ստալինն ասում է՝ ժամանակն է երկրորդ ճակատը բացելու: Բոլշեւիկն այսպես կլինի: Թե չէ՝ դու Նիկոլի նկարը (թրաշով թե անթրաշ) ուղարկիր Պուտինին, Ալիեւին կամ Էրդողանին: Կխնդան, ախպեր, կասեն՝ է՞ս ով ա: Այ, այսքան է մեր նեոբոլշեւիկի կշիռը: Ոչ մի տեղ չկա. ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԱՊՀ, ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԲՌԻԿՍ, ո՛չ G20, ո՛չ G120… Միայն մեծ-մեծ խոսելով ման է գալիս: Նախկինների հարցերն էլ լուծել, անցել է յուրայիններին՝ նախարար է, որ պատերին է ծեփում, ուժային է, որ զգետնում է, պատգամավոր է, որ հօդս է ցնդեցնում: Էն, որ ասում են՝ փոթորիկ մի բաժակ ջրում, իսկը սրանն է: Բայց դու նրան ասա՝ բոլշեւիկ ջան, թիմիդ հետ մի օր գնա անտառ: Կլցնի տակը, չի գնա: Էդ թիմում գիտե՞ք ինչեր կան՝ Քոչարյան Անդո կա, Սուքիասյան Խաչատուր կա, մինչեւ վերջերս Խաչատրյան Սասուն կար, Քյարամյան Արգիշտի կար, Սանոսյան Գնել կար… Իրեն, ինչ է, թվում է, թե կարողացա՞վ գլխատել հիդրային: Չէ, ապեր, հիդրայի կտրված գլուխների տեղը նորերն են դուրս գալիս: Մի օր քեզ հենց քո բոլշեւիկ թիմը կուտի, կվերջացնի: Էլ ո՛չ դատ, ո՛չ դատաստան: Մյուս կողմից էլ դատավճիռը վաղօրոք է գրվել՝ ազգակործան պատուհաս:

Նեոբոլշեւիզմի առանցքային հատկանիշներից մեկն էլ ստախոսությունն է: Սրանք իրենց հարիֆ ընտրազանգվածին հավատացրել են, որ հենց այդ ընտրազանգվածի ձայների շնորհիվ են իշխանության եկել Հայաստանում: Ընտրազանգվածին էլ թվում է, թե ինքը եւս բոլշեւիկ է, այսինքն՝ մեծամասնություն: Չկա այդպիսի բան: Այդ ամենը, սկսած 680 հազար թվից, նկարչություն է, բլեֆ, սուտ, նեոբոլշեւիզմ: Նիկոլը ոչ մեկին ոչինչ պարտք չէ՝ ո՛չ փող, ո՛չ իշխանություն: Ավելին, նա բոլորից ստացել այն, ինչը համարել է, որ դուք եք իրեն պարտք՝ հող, հայրենիք, մարդկային կյանքեր, բանակ, պետական կառույցներ… Ձերը, օ՜վ իմ բոլշեւիկ խալխ, Աստծու տված այս փոքրիկ արոտավայրն է, էն էլ չգիտեմ՝ վաղը ձեռքներիցդ կխլեն, թե չեն խլի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image