Քաղաքականություն

Ո՞վ է մեր օրերի վիպական հերոսը

Ո՞վ է մեր օրերի վիպական հերոսը

Եթե որևէ հայ արձակագիր 100-150 տարի անց որոշի վեպ գրել այս օրերի քաղաքական իրադարձությունների մասին, ի՞նչ եք կարծում, ով կլինի գլխավոր հերոսը:

Մինչ այդ հուշեմ. որպեսզի վեպը հաջողություն ունենա՝ հերոսը չպետք է ներկայացվի զուտ դրական կամ բացասական լույսի ներքո: Որովհետև այդպիսի մարդ կյանքում համարյա թե չի լինում՝ եթե հերոսը լինի դրական: Իսկ բացասականի դեպքում էլ կլինի չարիքի մարմնացում, ինչը հակադաստիարակչան ազդեցություն կունենա ընթերցողի վրա: Վեպն էլ չի լինի հետաքրիր, չի գրավի ընթերցողին: Դա որպես ժամանակին բանասիրական կրթություն ստացած անձ եմ ասում:

Հեծանիվ չեմ հայտնաբերի՝ եթե անմիջապես ասեմ, որ բացասական հերոսը կլինի Նիկոլը: Նախկին «դուխովն» ու «փրկիչը», հետո պարտության խորհրդանիշն ու իր «սիրելի» ժողովրդի ասած «խեղճ հարիֆը»: Իսկ պետական միջոցներով աճեցված ու ուղեղից զուրկ զանգվածի համար՝ «հզոր վարչապետը»:

Կարծում եմ, որ վերին պարբերությունը կարդալը չնպաստեց գլխի ընկնելուն, թե ով կարող է լինել վեպի հերոսը: Կիսաբացեմ փակագծերը՝ նա, ով տարիներ առաջ մեծամասնականով հաղթեց իր հայրենակցին և դարձավ ԱԺ պատգամավոր: Բայց լուրջ կասկած ծնեց ԱԺ ընտրությանը մասնակցելու իրավունքի հարցը: Քանի որ տասականների սկզբին գործող Ընտրական օրենսգրքով արտերկրում ուսանելը չէր համարվում, այսպես ասած, հարգելի պատճառ, ինչը կթույլատրեր մասնակցությունն ընտրությանը: Բայց այդ հարցը այնքան էլ շատ չքննարկվեց՝ հաշվի առնելով, որ ինքն այդ տարիների քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ էր: Այսինքն, հանրության այն հատվածի, որ սովորաբար այդ տարիներին նման հարցեր էր քննարկում: Քանի որ մեր օրերում այդ տարիների քաղհասարակությունն այդպիսին չէ՝ այն հիմնականում իշխանական է (այսպես կոչված «գոնգո»), նման քննարկումներն էլ տեղափոխվել են լրատվական դաշտ: Իհարկե, նաև Ֆեյսբուք, բայց դա արդեն ուրիշ կինոյից է՝ ուրիշ գործող անձանցով:

Չմոռանամ ասել, որ, որպես գործող պատգամավոր, նա նաև կուսակցություն հիմնադրեց:
Կարծում եմ, որ հասուն տարիքի մարդիկ արդեն պատկերացրին, թե ում մասին է խոսքը: Այո, խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր ու նախագահ Էդմոն Մարուքյանի մասին է: 2012-ին իշխանության թույլտվությամբ ԱԺ ընտրությանը մասնակցելով՝ Մարուքյանը շարունակեց դիրքավորվել որպես ընդդիմադիր:

Ի գիտություն երիտասարդների ասեմ, որ նախկինների օրոք քաղաքացիական հասարակության անդամը լինելը նշանակում էր լինել ընդդիմադիր՝ արմատական, թե ոչ՝ դա էական չէ: Հինգ տարի անց ընդդիմադիր Մարուքյանն իր «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ միավորվեց Նիկոլի ու Արամ Զավենիչի հիմնադրած կուսակցությունների հետ՝ կազմելով «Ելք» դաշինքն ու կրկին ներառվեց ԱԺ-ում: Որտեղ իրեն պահեց որպես ոչ արմատական ընդդիմադիր, ինչն այսօր ես կողջունեի, ու այդ պատճառով, ինչպես ասում էին, ընկավ Նիկոլի աչքից:

2018-ի ապրիլյան իրադարձություններից ու մայիսյան իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, որպես հեղափոխականների կուսակցություն, հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո 2018-ի դետեմբերի ԱԺ ընտրություններին անցավ խորհրդարան: Հետո եղավ 44-օրյա պատերազմն ու «չշշկռվելիք գլխավորի» հրամանատարությամբ մեր խայտառակ պարտությունը: Ինչից հետո դեռևս հեղափոխական մարուքյանականները չկարողացան մուտք գործել ԱԺ, քանի որ կար «հեղափոխության» գլխավոր գործող անձը: Որն է ստացավ այն ձայները, որ այլ դեպքում կարող էին հատկացվել «Լուսավոր»-ին:

Այսօր ևս առկա է նման բնույթի խնդիր: Չնայած, ըստ Էդմոն Մարուքյանի, կուսակցությունն ունի կայացած կառույցներ (մի թեթև կասկածում եմ), բայց ինքը դիրքավորվել է որպես ընդդիմադիր: Իսկ ընդդիմադիր դաշտը գրավել են շատ ավելի խոշոր խաղացողները: Ստացվում է, որ ինքը կրկին փորձում է մտնել նույն (2021-ի նման) խաղի մեջ, բայց ստանալ այլ արդյունք: Որքան հասկանում եմ, դա չլինելու բան է՝ ինչքան էլ այսօր «մոռանամ» անցյալն ու իրեն հարգեմ որպես ընդդիմադիր գործչի:

Հատկապես, որ ինքն օբյեկտիվորեն չի դիտարկվում որպես այդպիսին: Դրա պատճառը 2022-2024 թվականների մարտից-մարտը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնելն է: Եվ, ինչը շատ ավելի կարևոր է, որ համաձայն է եղել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Արցախի Հանրապետության ինստիտուտները փակելու քաղաքականությանը: Թեև ինքն արդարանում է, որ ընդունել է այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, որպեսզի օգուտ տա հայոց հայոց պետականությանը: Բայց դա միամիտ արդարացում է, քանի որ արտաքին աշխարհում այլ պատկերացում ունեին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Ու նրանք էլ գծում էին անփոփոխելի սցենարը, որի իրականացման «լավագույն» դերակատարն էլ հենց Փաշինյանն է: Ի դեպ, Արցախը պաշտոնապես «ջնջելն» այն սահմանագիծն է, որ այսօր հստակորեն բաժանում է իշխանությունն ընդդիմությունից: Ու այդ պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ չքննարկեց Միքայել Սրբազանի ղեկավարությամբ իմփիչմենտի գաղափարը՝ ներկայացված Մարուքյանի կողմից:

Ու չնայած Սրբազանն էլ հրաժարվեց այդ գաղափարից՝ հիմա էլ առաջ է քաշել Սրբազանին որպես նախագահ նշանակելու գաղափարը: Դրդապատճառը հասկանալի է՝ վերջինս այն քիչ անձանցից մեկն է, ով կարող է մարմնավորել մեր ժողովրդի մեջ խտացված բարոյականությունն ու հայրենասիրությունը: Բայց, որքան հասկացա, ինքը այս դեպքում ևս չունի Սրբազանի համաձայնությունը, թե՞ ինչ-որ բան բաց եմ թողել: Ու, բացի դրանից, եթե նույնիսկ առկա լինի համաձայնությունը, դեռ պետք է շահել ընտրությունները: Ինչին, անկեղծ ասած, շատ եմ կասկածում՝ որքան էլ այսօր դրական վերաբերմունք ունենամ Մարուքյանի նկատմամբ: Իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում գործադիրին հակակշիռ ստեղծելը կլինի ոչ թե անձ (Խաչատուրյանին), այլ ինստիտուցիոնալ՝ Սահմանադրություն փոխելու տարբերակով:

Ինչևէ, ինչպիսին է լինեն զարգացումները, Էդմոն Մարուքյանը 100-150 տարի անց գործող վիպասանի համար կարող է վերածվել մեր ժամանակների հերոսի նախատիպի: Մի պայմանով, որ մենք կարողանանք, նախ, երկիրն ազատել թշնամու գործակալի դերակատարողից: Եվ երկրորդ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության գոյությունը առաջիկա 100-150 և, ինչու չէ, 1000-1500 տարիներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image