Հասարակություն

Ասում են էս կեղտի մեջ առեւտուր արեք, չենք անում՝ վարչական են կիրառում.  բողոքում են առեւտրականները

Ասում են էս կեղտի մեջ առեւտուր արեք, չենք անում՝ վարչական են կիրառում.  բողոքում են առեւտրականները

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի  որոշմամբ 15.000 դրամ վարչական տուգանք է նշանակվել Հրազդանի շուկայի տարածքում առեւտուր իրականացնող մի քանի առեւտրականների նկատմամբ:  Տարիներ շարունակ Հրազդանի «շուկա» կոչված տարածքում ո՛չ ջուր կա, ո՛չ էլ առեւտրականների համար  համապատասխան տաղավարներ: Այս խնդիրը ոչ մի ձեւով չի կարգավորվում, իսկ առեւտրականները ստիպված դուրս են եկել շուկայից դուրս, եւ  իրենց առեւտուրը իրականացնում են  փողոցի մայթերին, քաղաքապետարան էլ՝ մայթերին  առեւտուր իրականացրած առեւտրականների նկատմամբ վարչական տուգանքներ նշանակում:  Առեւտրականները մեզ հետ զրույցում նշում էին, որ չեն պատրաստվում վարչական տուգանքները  մուծել, ապա ցույց տալով շուկայի ներսում կուտակված աղբն ու կոյուղաջրերը մեզ հարց ուղղեցին. «Էս կեղտի միջից դո՞ւք առեւտուր կանեք, որ ձեր երեխան ուտի»:  

70-ամյա Դուսյա Հունանյանը, ով տան միակ աշխատողն է, մեզ ցույց տվեց, այն փոքր սեղանիկը, որի վրա դրված էր մի քանի տեսակի կանաչիներ.  «Մի քանի  դաստա կանաչի եմ ծախում, օրական 1000դրամ չի մնում, ամեն կանաչուց  50 դրամ ա մնում,  ես ի՞նչ եմ առնում, որ մի հատ էլ վարչական տույժ մուծեմ: Տանից մենակ ես եմ աշխատում, թող աշխատանք լինի իմ տան տղամարդիկ աշխատեն, ես հանգստանամ , իմ տարիքն ա հանգստանալու, ոչ թե,   էս տարիքին ես աշխատեմ»: 
Առեւտրակաները նշում էին, որ եթե քաղաքապետարանը վարչական տուգանք կիրառելով ուզում է փողացային առեւտուրի դեմը պայքարի, ապա,  թող սկսի քաղաքի այլ բանուկ հատվածներից, որտեղ մայթերի վրա միրգ ու բանջարեղեն են վաճառում,  եւ շուկան կարգի բերեն. «Եկեք շուկայի ներսը տեսեք, զիբիլը ներսում, կոյուղաջրերից ահավոր հոտ ա գալիս, աշխատող չկա, որ ստեղ մաքրեն, մենք էս շուկայում ո՞նց առեւտուր անենք: Մեր կողքի հետ մեծ շինարարություն են անում, ասում էին իբր  շուկայի առեւտրականները կտեղափոխվեն այդտեղ, բայց արդեն ամեն մեկն արդեն իր տեղն ունի: Մեզ ոչ մեկն այդտեղ տեղ չի տա»: 

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ  է քաղաքապետարանը առեւտրականներին տուգանել 15 հազար դրամով, այն դեպքում,  երբ շուկայում  առեւտուր անելն  անհնար է, իսկ նրանք այդ առեւտրով օրվա հացի գումար են վաստակում.   «Կարգը էսպես ա, ոստիկանները դեպքը արձանագրում են, փողոցային առեւտրի հետ կանգնած, հետո  արձանագրությունը ուղարկում են համայնքապետարան,  իսկ վարչական տուգանք կիրառում է համայնքապետարանը: Մոտ 2 տարվա  հաշվարկով բազմաթիվ են եղել արձանագրությունները,  պարզապես  համայնքի ղեկավարը չի ուզեցել ցավացնել  վաճառականներին: Դուք էլ եք հասկանում, անընդհատ արձանագրություներ գա, համայնքապետարանը քայլ չձեռնարկի, կարծում եմ դա էլ ճիշտ չի»:  

-Վարչական տուգանք կիրառելով հարցին լուծում կտրվի՞:

-Դե, դա լուծում չի, դուք որպես  Հրազդանի քաղաքացի լուծում ասեք: Շուկան մերը չի,  ունի մի քանի սեփականատեր: Բազմիցս մենք ենք շուկայի տարածքում մաքրության արել: Անցած տարի մաքրեցինք, պայմանները նորմալ էր, վաճառականները չուզեցան տեղափոխվել:  

-Ինչո՞ւ քաղաքի այլ հատվածներում փողոցային առեւտրով զբաղվողներին չեք տուգանում:

-Այս պահին դեպքերը դրանք են,  մնացած առումով ես չեմ կարող մեկնաբանություն տալ:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image