Քաղաքականություն

«Հրապարակ». Քաղաքական խնդիր են լուծում, ժողովրդի աչքին թոզ են փչում. դեմն ընտրություններ են

«Հրապարակ». Քաղաքական խնդիր են լուծում, ժողովրդի աչքին թոզ են փչում. դեմն ընտրություններ են

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ էր 2-ը, 26 հոգի՝ ընդդիմությունը, ձեռնպահ։ Առողջության համընդհանուր ապահովագրության մեկնարկը նախատեսվում է 2026թ. հունվարի 1-ից: Ըստ նախագծի՝ առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ կունենա: Այդ խմբերն են՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող անձինք: Այս խմբի համար կվճարի պետությունը: Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաեւ 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները: Այս խումբն ինքը կվճարի իր փաթեթի համար. տարեկան՝ 129 հազար դրամ, ամսական՝ 10 հազար 800: Այս թիվը տարիների ընթացքում կավելանա, բայց ըստ առողջապահության նախարարի՝ կառավարությունը սուբսիդավորման մեխանիզմով առաջին փուլում կթեթեւացնի նրանց ֆինանսական բեռը:

200-500 հազար դրամ եկամուտ ունեցողները զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական 5 հազար 500-ի փոխարեն 1000 դրամ կվճարեն, մնացած 4 հազար 500 դրամը կուղղվի ապահովագրությանը, իսկ եկամտահարկի վերադարձի հաշվին կտրամադրվի մինչեւ 6 հազար դրամ սոցիալական կրեդիտ: 500 հազարից մինչեւ 1 մլն դրամ ստացողները կվճարեն 1000 դրամ զինապահին, 7 հազար 500 դրամ՝ ապահովագրությանը եւ հետ կստանան մինչեւ 4 հազար դրամ սոցիալական կրեդիտ, իսկ 1 մլն դրամից բարձր եկամուտ ունեցողները կպահպանեն 15 հազար դրամ վճարումը՝ ստանալով մինչեւ 4 հազար դրամ վերադարձ։

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այս նախագծի վերաբերյալ՝ հարցրինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին։ «Եթե կարողանան նախագիծը կյանքի կոչել, վատը չի, բայց նախարարությունը պատրաստ չի այս պահին, այս ծավալով ապահովագրական գործընթաց սկսել եւ հավուր պատշաճի իրականացնել: Խոցելի խմբերի մի մասին փորձում են ապահովագրել, մի մասին՝ բաց թողնել: Կենսաթոշակային տարիքի 65 եւ բարձր մարդկանց, էդ տարիքային շեմն ո՞վ է որոշել, բա 62-65 տարեկան մարդիկ ի՞նչ են անելու: Բացի դա, որ ամպագոռգոռ բաներ են ասում, դա էդպես չի: Խմբեր կան, որ վիճակագրությամբ հանել եմ՝ 110 հազար 65 տարեկան եւ ավելի մարդ փաստացի օգտվում է անվճար բժշկական ծառայությունից: 0-18 տարեկան 700 հազար երեխա հիմա այդ ծառայությունից օգտվում է: Ցանկով չեն հստակեցնում, ասում են, որ 129 հազար դրամի չափով է լինելու, ամսական 10 հազար 800 դրամ, կոնկրետ չեն ասում, թե որ հիվանդությունները եւ ինչ ծառայություններ են ապահովագրության շրջանակներում լինելու անվճար: Ամենախոցելի խնդիրն այն է, որ համակարգն այսօր պատրաստ չի դրան, այս պահին: Խոցելի խումբ ունեցող մարդիկ հիմա օգտվում են անվճար բժշկական ծառայությունից: Կա Ռադիոլոգների ասոցիացիայի կողմից տրված ուղեցույց, որը որ իրավական ուժ չունի, ո՛չ օրենք է, ո՛չ կառավարության որոշում է, այդ ցանկն ուղարկել են բուժհաստատություններ, ասում են՝ դուք այս ծառայությունները, ինչ որ նշված է, սրա շրջանակներում կարող եք պետպատվեր ուղեգիր տալ: Բուժառուն լսում է, որ ՄՌՏ եւ ԿՏ ծառայությունն անվճար է, գնում է հիվանդանոց, ասում է՝ տվեք ուղեգիր, նախարարն ինձ ասել է, որ ես անվճար պետք է գնամ ՄՌՏ: Ասում են՝ բեր քո բժշկական ցուցումը: Բժշկական ցուցումն այն ցուցումն է, որը չի բռնում Ռադիոլոգների ասոցիացիայի կողմից տրված անվճար բուժօգնության ցանկի հետ: Դրա համար խնդրահարույց է, քաղաքական խնդիր են լուծում, դեմն ընտրություններ են, փորձում են ժողովրդի աչքին թոզ փչել: Բացի դա, ով որ ունի խոցելի խումբ, կարող է ըստ անհրաժեշտության, ընդունենք՝ 3 անգամ գնա, սրտի սոնոգրաֆիա անի, իսկ այս անվճար բուժօգնության պայմաններում ինքը կարող է 1 ամիս օգտվել, եթե դա պլանային անհետաձգելի չի, 6 ամիս պետք է մնա հերթում: 6 ամիս հետո նոր մարդը պետք ա գնա հետազոտության: Հիմա ավելի հստակ է կարգավորված այս ամենը: 65 տարեկան մարդիկ, ովքեր խոցելի խմբում չեն ընդգրկված, ասում են, որ մեզ համար լավ է այս ամեն ինչը, բայց դե, այնքան կսեղմեն… Հունվարին լավն ու վատը կերեւա»:

Գումարի չափի հետ կապված ի՞նչ կասեք։ «Տեսեք, հիմա, որ կա բժշկական ապահովագրությունը, մարդը 30 հազար դրամ վճարում է եւ գիտի, թե ինչի դիմաց, եւ ինչ ծառայություններ են իրեն հասնում անվճար: Իսկ այս նոր կարգով ցանկը չեն հստակեցնում, թե 129 հազար դրամն ինչ նպատակով է ծառայելու: Բացի դա, այստեղ ուրիշ խնդիր էլ կա: Իրենք հիմնադրամ են ստեղծելու, որոշ ապահովագրական կազմակերպություններ մրցակցությունից դուրս են մնալու: Գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունները գոյատեւում են առողջապահական ապահովագրության հաշվին, քանի որ տրանսպորտային միջոցների հաշվից իրենք մեծ շահույթ չունեն: Դեռ հիմնադրամի ստեղծումն էլ անհասկանալի է: Նախարարը մրցույթ է հայտարարել, որի իրավունքը չունի՝ հիմնադրամն իր ենթակայության տակ չի: Եթե առողջապահական ապահովագրությունը տարան հիմնադրամ, մյուս ԱՊՊԱ կազմակերպությունները կա՛մ դուրս կմղվեն շուկայից, կա՛մ ավտոմատ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կթանկացնեն: Փուլ առ փուլ պետք է արվեր, բայց բերել են՝ ոտքի վրա շփթփ անելով, արագ անցկացնում են, արդյունքում չգիտեմ ինչ կլինի: Իրենք այդքան բուժպերսոնալ չունեն, որ կարողանան այս ամենը կազմակերպել, գոնե եղածը չավիրեն»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image