Ի՞նչ կարող է ստացվել Պետրոս Ղազարյանի եւ Ժաննա Անդրեասյանի արտաամուսնական համագործակցությունից: Խոսքը «Ֆեստիվառ» կոչվող երաժշտական-զբոսաշրջային փառատոնի մասին է, որի նախաձեռնողը Հանրային հեռուստատեսությունն է (Պետրոսը), իսկ ֆինանսները տրամադրում է ԿԳՄՍ նախարարությունը (Ժաննան): Սիրելի Պետրոս եւ Ժաննա, ես անչափ հարգում եմ ձեր միությունը, մի բարձի ծերանաք, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ կնոջ եւ ամուսնու բեմադրությամբ այս հանրային-քաղաքական շոուների դերն ու նշանակությունը մեր համաքաղաքացիների կյանքում: Տեսեք աբսուրդն ուր է հասել… Հարկատուների հաշվին պահվող ԿԳՄՍ նախարարությունը (Ժաննան) պետության փողերը տալիս է հարկատուների հաշվին պահվող Հանրային հեռուստատեսությանը (Պետրոսին), որպեսզի վերջինս հարկատուների հաշվին միջոցառումներ կազմակերպի հանրապետության տարբեր մարզերում, որպեսզի հարկատուների միջոցներով պահվող կառավարության ղեկավար Փաշինյանը հարկատուների հաշվին մասնակցի այդ միջոցառումներին՝ երգի, պարի, արտասանի: Անունն էլ «Ֆեստիվառ» են դրել, որ ոչ ոք գլխի չընկնի, թե ինչ է կատարվում: Կարճ ասած՝ «Операция Ы»:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախաձեռնված ծրագիրն ամբողջությամբ համահունչ է կառավարության՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությանը. «Մշակույթի ռազմավարության կարեւոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու համապատասխան միջավայրերի ձեւավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը: Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում»: Հասկացանք, մշակույթ եք զարգացնում: Իսկ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանն այդ ամենի հետ: Ավելին՝ իսկ ի՞նչ կապ ունեն Նիկոլն ու նրա կինն այդ ամենի հետ, որ ամեն անգամ հայտնվում են «Ֆեստիվառի» կենտրոնում եւ իրենց ներկայությամբ փոխում միջոցառումների բովանդակությունը՝ դրանք վերածելով քաղաքական շոու-օյինբազության: Եթե այդ «ֆեստիվառը» նախընտրական քարոզչություն է, ապա այդպես էլ ասացեք: Էլ ինչո՞ւ եք ինձ ստիպում բերանս ավելորդ բացել Ժաննա-Պետրոս, Նիկոլ-Աննա ընտանեկան զույգերի անհավանական արկածների վրա: Պետական փողեր են ծախսվում, բա չիմանա՞նք՝ ում քարոզչության վրա:
Ժաննա Անդրեասյանը հեշտ հանձնվողներից չէ: Նա ամեն ինչ անում է, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե պետության փողերը քամուն են տալիս: Ահավասիկ, նա հայտարարել է. «Փառատոնային այս ձեւաչափը նաեւ հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին՝ նորովի բացահայտել Հայաստանը»: Վույ, ախչիիիի… կզարմանար մեր հարեւանուհի Սիրուշը, որ ողջ կյանքն ապրել է Հայաստանում ու որեւէ նոր բան Հայաստանի մասին բացահայտելու չունի: 14 տարեկանում փախցրել են, 16-ում՝ հարսանիք արել, 4 երեխա է բերել, կով ու ոչխար ունեին… Իսկ երբ մարդու գործերը լավացան, սկսեց Սեւան գնալ, Ջերմուկ, Ծաղկաձոր, Արցախ, վերջն էլ տեղափոխվեց Երեւան, որովհետեւ Հայաստանում էլ անկյուն չէր մնացել, որ շրջած ու տեսած չլիներ, էլ երգիչ չէր մնացել, որ լսած չլիներ: Ու հիմա Ժաննա Անդրեասյանը, որ տիկին Սիրուշի կրտսեր դստեր հասակակիցն է, Սիրուշի համար պետք է Հայաստան բացահայտի, էն էլ՝ նորովի: Ողբամ զձեզ, ախր ձեր բերած միակ նորությունը 2018 թվի խեղկատակությունն էր, որ ավարտվեց խայտառակ կորուստներով ու անկումներով: Եվ դո՞ւք եք ՀՀ քաղաքացուն հրավիրում՝ նորովի բացահայտելու Հայաստանը: Իսկ չլինի՞ թե դա նոր Հայաստանն է՝ իրական Հայաստանը, որ դուք եք բստրել Նիկոլի հետ: Ու որ չեն ասո՞ւմ՝ ֆեստիվառների ժամանակ բարձրաճաշակ երաժշտություն է հնչում… Մինչեւ այսօր երգածներից ամենաբարձրաճաշակը Թաթան չի՞ եղել: Սիրուշ տոտան, ինչ է, Թաթային «նորո՞վի» պետք է լսի: Դուռդոմ…
Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ մարզերում տնտեսական կյանքի զարգացման վրա փառատոնի թողած ազդեցությունը: Ըստ նրա՝ փառատոնի ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ տեղի տնտեսվարողներին հարթակի տրամադրումը՝ իրենց արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով: Տիկնոջ այս միտքը թերեւս կարելի կլիներ մի կերպ մարսել, եթե այն աղերս ունենար տեղական արտադրողներին եւ տնտեսվարողներին ՀՀ կառավարության ցուցաբերած աննախադեպ աջակցության հետ: Որքան ինձ հայտնի է, վերջին 6 տարում եղել է ընդամենը երկու նմանատիպ աջակցություն: Մեկը, «ոչխար պահեք»-ն էր, մյուսն էլ՝ յոնջայի մասին մի հանպատրաստից դասախոսություն: Իսկ այն, որ Նիկոլը կմասնակցի «ֆեստիվառին» ու տնտեսվարողից ցուցադրաբար մի դույլ խնձոր կգնի, դա ոչ թե հարթակ է տնտեսվարողի, այլ Նիկոլի համար՝ ինքնափիառվելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:
Հիմա քո ուզածն ի՞նչ է, այ ընկեր, «ֆեստիվառի» գաղափարից հրաժարվե՞նք: Եսիմ, եթե շատ եք ուզում, շարունակեք այս ֆեստիվառներով տնտեսություն ու մշակույթ զարգացնել: Բայց դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այդպես անում են այն երկրները, որոնք արդեն չգիտեն փողն ինչի վրա ծախսել՝ շների ֆեստիվառ են կազմակերպում, կատուների հանդես, անսովոր մեծ տորթեր են թխում եւ այլն, եւ այլն: Եվ, որպես կանոն, տվյալ երկրի ղեկավարը թողնում է, որ մարդիկ իրենց համար հանգիստ ֆեստիվառ անեն: Էլ կնգան առած՝ չի գնում-ընկնում ոտատակ, որ հանրային հեռուստատեսությունն էլ գովազդային հոլովակներ պատրաստի իր մասին:
Բա մենք տգետ չե՞նք, որ ուրախանում ենք այսպիսի բաներով: