Հասարակություն

«Հրապարակ»․ Իմ քեռին է առել կամ ուրիշ՝ իքս մարդ, ի՞նչ կապ ունի

«Հրապարակ»․ Իմ քեռին է առել կամ ուրիշ՝ իքս մարդ, ի՞նչ կապ ունի

Չարենցավան համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Նարեկ Բաբայանն ընդգրկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական ցուցակի թեկնածուների կազմում, որը հաստատվել է ՔՊ վարչության կողմից: Իսկ մինչ ցուցակում ընդգրկվելը, Նարեկ Բաբայանը, մյուս թեկնածուների նման, կուսակցությանն է «մուծվել» 500 հազար դրամ` որպես մասնակցության գումար, որը Նիկոլ Փաշինյանն է սահմանել, այսպես կոչված` մանդատի գինը:

Նարեկ Բաբայանը եւ մեկ այլ ՔՊ-ական՝ նույնպես Չարենցավանի ավագանու անդամ Արթուր Գալստյանը, դարձել են Չարենցավանի «ասողները»: Մեր տեղեկություններով՝ Չարենցավանի սանէպիդկայանի շենքը պետգույքի կոմիտեից գնել է Նարեկ Բաբայանի քեռին՝ Գեւորգ Սաֆարյանը, որը Չարենցավանում ՍԱՖԱՐԻ ՀՈԼ հարսանյանց սրահի սեփականատերն է: Նարեկ Բաբայանը նաեւ անցած տարի Չարենցավանի կինոյի տան մոտ կայացած ակցիայի կազմակերպիչներից է: Նրանք պահանջում էին, որ Մայր Աթոռը քաղաքի կինոյի տունը վերադարձնի համայնքին:

Նարեկ Բաբայանին հարցրինք, թե կինոյի տան հետ կապված ակցիան ինչ լուծում ստացավ։ «Գրություն ենք ուղարկել Մայր Աթոռ, Մայր Աթոռը հրաժարվել է շենքը հետ վերադարձնել համայնքին»: Օտարվել է նաեւ Չարենցավանի սանէպիդկայանի շենքը, ինչո՞ւ մի այդպիսի ակցիա էլ չեք կազմակերպում, որ այդ շենքը հետ վերադարձնեն համայնքին, չարենցավանցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ սանէպիդկայանը յուրահատուկ կառույց է, եւ այն որպես թանգարան կարող էր ծառայել քաղաքին։ «Դա մշակույթի տուն չի կամ արվեստի գործ չի, դրա համար էլ չենք անում: Համայնքը որ ուզենա թանգարան սարքի, մենք լիքը ազատ տարածքներ ունենք, կարող է թանգարան ստեղծել»:

Որպես համայնքի մասին մտածող քաղաքացի եւ ավագանու անդամ՝ նման գաղափար առաջարկե՞լ եք` համայնքում թանգարան ստեղծել։ «Ճիշտն ասած, ոչ, մենք Չարենցի տուն-թանգարան ունենք, բայց առանձին Չարենցավանի համար էդպիսի բան չենք մշակել»: Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Ձեր քեռին է գնել սանէպիդկայանի շենքը։ «Ես տեղյակ չեմ, պետգույքին գրություն ուղարկեք, թող սեփականատիրոջ անունն ասի»: Գեւորգ Սաֆարյանը Ձեր քեռի՞ն է, հիմա Ձեզնից ենք ուզում ճշտել այդ տեղեկությունը։ «Ես տեղյակ չեմ, ով որ էդ տեղեկությունը տվել է, իրեն ասեք՝ թող պետգույքից գրությունով իմանա: Կամ՝ եթե պետգույքն էդ շենքը դրել է աճուրդի, ուրեմն նպատակահարմար է գտել, որ այդ գույքը վաճառվի, հիմա իմ քեռին է առել կամ ուրիշ՝ իքս մարդ, ի՞նչ կապ ունի»,- ասաց Նարեկ Բաբայանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image