Ըստ իս, Նիկոլ Փաշինյանի մասին ամենից սրամիտ խոսքն ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Անցած գարնանը՝ Բագրատ սրբազանի շարժման օրերին, հարթակից ելույթ ունենալիս, թե լրագրողների առջեւ՝ Բագրատյանն ասել էր, որ Փաշինյանի եւ ՔՊ-ականների մասին խոսելիս արդեն մի քանի ամիս կլինի՝ նրանց կենդանիների հետ չի համեմատում, որովհետեւ չի ուզում կենդանիներին վիրավորել։
Ես կենդանիների, կենդանական աշխարհի երկրպագու չեմ, հետեւաբար՝ առանց կենդանիներին վիրավորելու մասին մտահոգության, կարող եմ ինձ թույլ տալ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի հնչեցրած շաղակրատանքները «կենդանու ձայնարկություն» կոչել, իսկ իր մոտեցումներն ու կեցվածքը՝ «կենդանու վարք»։
Այդքան բովանդակազուրկ, ծանծաղ, դատարկամիտ, կեղծ, ստորաքարշ, կենդանական մակարդակի տգիտություն ի ցույց դրած խոսքին այլ բնութագիր հնարավոր չէ տալ։ Փաշինյանը, օրինակ, ձայնարկել է, թե ցեղասպանության ժամանակ հայկական պետություն չի եղել, ցեղասպանությունն անցյալի պատմություն է, որն ընդամենը հայերի ճշմարտությունն է, ի՞նչ արժեք ունեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, նույնիսկ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունները կամ խաղաղության համաձայնագրերը, հարեւանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններն են իր համար կարեւորը, Արեւմտյան Հայաստանը Թալինն է, ինքը զարմացել է, որ թուրքերենում ու հայերենում գոյություն ունեն նույն իմաստով ասույթներ, ու այդպես շարունակ։
Անձամբ ես premier-minister.am կայքում տեղադրված հանդիպման սղագրությունում նայեցի հարցերի մեծ մասը, բայց պատասխանները երկու-երեքից ավելի չկարողացա կարդալ։ Եթե կինոլոգներից բացի այլ անձինք կգտնվեն, որ կկարողանան սղագրությունն ամբողջությամբ կարդալ (առավել եւս՝ տեսանյութը դիտել) հարգանքներս իրենց։
Արեւմտյան Հայաստանի թեման
«Արեւմտյան Հայաստան» աշխարհագրական, պատմական եւ քաղաքական եզրույթը Փաշինյանի ուղեղը չէ, որ բացակա լինի կամ որտեղ ասես՝ տեղադրվի։ Ներկայիս Թուրքիայի գրեթե ողջ արեւելքը զբաղեցնող Հայկական բարձրավանդակը Armenia կամ Armenia Major է կոչվել հազարամյակներ, բոլոր քարտեզներում ու գրավոր աղբյուրներում՝ անտիկ աշխարհի Քսենոֆոնից ու Մար Կատինայից մինչեւ միջնադարյան ճանապարհորդ Մարկո Պոլո, նոր ժամանակներում հաթերի (այլ արտասանությամբ՝ խեթեր, հեթիթներ) եւ հայերի նույնականության գիտական վարկածը հեղինակած Peter Albrecht Jensen եւ այլք: Նույնիսկ Օսմանյան կայսրության ժամանակ կազմված քարտեզներում Հայկական բարձրավանդակի վրա գրվում է Armenia։ Այդքանով էլ Հայաստան կամ Հայկական բարձրավանդակ կոչվող աշխարհագրական տարածքը, որն այսօր թուրքերը խեղաթյուրմամբ կոչում են Արեւելյան Անատոլիա, երբեւէ չի ունեցել եւ չի կարող ունենալ այլ պատմագիտական անվանում, քան Հայաստան-Հայկական բարձրավանդակ-Հայկական լեռնաշխարհ- Մեծ Հայք հոմանիշները։ Այդ տարածքի այն հատվածը, որը գտնվել է Բյուզանդական, այնուհետ՝ Օսմանյան կայսրությունների կազմում, կոչվում է Արեւմտյան Հայաստան։
Փաշինյանին թվում է, որ եթե ինքը թուրքերի նման Armenia-Armenia Major-Armenian Highlands տարածքը կոչի Արեւելյան Անատոլիա, ոչ թե Արեւմտյան Հայաստան, դրանից հայերի 4500-ամյա ներկայությունը, պատմությունը եւ մշակութաստեղծ դոմինանտությունն Արեւմտյան Հայաստանում կփոխվի՞, թե՞ Սեւրի դաշնագիրը կամ դրա հիմքերը կջնջվեն։ Ոչինչ չի փոխվի եւ ոչինչ չի ջնջվի։ Միայն Փաշինյանի անհատակ տգիտությունն ու շնաբարո էությունն աշխարհի համար կպարզվի։ Փաշինյանը թող Հայաստանի Հանրապետությունը ու վերջինիս մարզերը Հայկական բարձրավանդակից, Մեծ Հայքից ու Արեւմտյան Հայաստանից տարբերի, եթե, իհարկե, հոգեմետ դեղերի կամ թմրանյութերի ազդեցության տակ չէ, եւ ուղեղի հյուսվածքները դա թույլ են տալիս։ Իսկ եթե այն վիճակում է, որ այդքանը չի տարբերում, թող այդ թեմաներից հեռու մնա։
Հայոց ցեղասպանության թեման
Թուրք լրագրողներից մեկը հարցրել է, թե ցեղասպանության հարցում իր ոչ օրդինար հայտարարություններով Փաշինյանն ինչի՞ է ձգտում հասնել։ Ի պատասխան, Փաշինյանը երկար եւ անբովանդակ դատարկախոսել է, հընթացս զառանցելով, թե ցեղասպանության ժամանակ հայկական պետություն չի եղել, եւ ցեղասպանությունը հայերի պատմական ճշմարտությունն է։ Իսկապես, Բագրատյանի դիլեման է ծագում՝ Փաշինյանին ո՞ր կենդանու հետ համեմատես, որ այդ կենդանուն չվիրավորես։
Այս անհամեմատելի արարածը չգիտի՞, որ Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում 1915-ի ապրիլի 24-ը, եւ այն շարունակվել է մինչեւ Օսմանյան կայսրության վերացումը՝ 1923-ին։ Այդ ընթացքում՝ 1918-ին, Հայաստանի անկախությունն է վերականգնվել, Առաջին Հանրապետությունն է հռչակվել, այն Ազգերի լիգայի անդամ է ճանաչվել, Վերսալյան վեհաժողովին է մասնակցել, Սեւրի դաշնագիրն է ստորագրել, այդ հանրապետության սահմաններն են Վիլսոնի իրավարար վճռով գծվել, այդ հանրապետության զորքերն են պատերազմել եւ հայությանը պաշտպանել, այդ հանրապետության տարածք ներխուժած Լենինի ու Քեմալի ռուս-թուրքական հրոսակներն են 1920-ին իշխանությունը փոխել եւ կոմունիստական իշխանություն հաստատել, որից հետո արդեն Երկրորդ Հանրապետության պատմությունն է ստեղծվել։ Այդքանը չգիտի՞ Փաշինյանը, թե՞, ինչպես կենդանիների մոտ է, ինքը միայն ձայնարկում է, գիտակցության ֆունկցիա չկա։
Գալով Հայոց ցեղասպանությանը՝ դա հայության ճշմարտությունը չէ, այլ՝ պատմական իրողություն, որի հետեւանքների վերացումը հայության խնդիրն է։ Անկախության վերանվաճումից ի վեր հայության խնդիրը չէր կարող մնալ ցեղասպանությունը հիշել-ճանաչել-դատապարտելը, ինչի մասին դատարկախոսել է Փաշինյանը՝ նսեմացնելով նույնիսկ այդ ջանքերը։ Հայության խնդիրն անկախության նվաճումից ի վեր պետք է դառնար (վատ է, եթե մինչեւ հիմա չի դարձել, նշանակում է` այսուհետ պետք է ջանքերը կրկնապատկվեն) ցեղասպանության հետեւանքները մշակութային, տնտեսական, քաղաքական հարթություններում վերացնելը։
Մշակութային դաշտում ո՞վ պետք է այսօրվա Թուրքիայի տարածքում հայտնված Հայկական բարձրավանդակում սփռված հայկական մշակութային, ազգային, քրիստոնեական անգնահատելի ու անվերջանալի ժառանգության պահպանությամբ մտահոգվի։ Թուրքե՞րը։ Նրանք ի՞նչ առնչություն ունեն այդ ամենի հետ՝ մտավո՞ր, թե՞ հոգեւոր։ Թուրքերը Հաթուշայի արձանագրությունների՞ հետ կապ ունեն, թե՞ Կիլիկիայի հայոց ու խաչակրաց ամրոցների, Մծբինի Սուրբ Հակոբ վա՞նքն են թուրքերը կառուցել, թե՞ Վանի միջնաբերդն ու Աղթամարի եկեղեցին, Անի քաղաքն ու տաճարը թուրքերի հետ առնչություն ունե՞ն, թե՞ Նեմրութի հայկական պանթեոնը կամ լուվիական հորջորջվող հայալեզու արձանագրությունները։ Ի վերջո, Fertile Crescent կոչվող տարածքի առյուծի բաժինը գտնվում է Հայկական բարձրավանդակում։ Հայկական բարձրավանդակը նաեւ այն նախահայրենիքն է, որտեղ կազմավորվել է հնդեվրոպական քաղաքակրթությունը՝ հայերեն նախալեզվից մինչեւ նյութեղեն կոթողներ ու տիեզերքին առնչված մտքի թռիչքներ։ Այլեւս չասած Արեւմտյան Հայաստանում սփռված քրիստոնեական ժառանգության մասին, որի հետ համեմատելի արժեքներ աշխարհում քիչ կան։
Թուրքերը ո՛չ քրիստոնեության հետ առնչություն ունեն, ո՛չ Հին աշխարհի կամ միջնադարի, որ հնդեվրոպական ու քրիստոնեական քաղաքակրթության ակունքներում կանգնած հայկական մշակութային ժառանգության արժեքը գիտակցեն։ Նրանք կարող են, լավագույն պարագայում, դրանք չավերել կամ պահպանել։ Հայերն են Հայկական բարձրավանդակում սփռված անգնահատելի ժառանգության ստեղծողը եւ հայերն էլ պետք է միջազգային ջանքեր կոորդինացնելուն հետամուտ լինեն` UNESCO-ից մինչեւ մասնավոր նախաձեռնություններ ու հիմնադրամներ՝ այդ ամենը պահպանելու, վերծանելու, զարգացնելու համար։
Tehcit-ի օրենքը, Սեւրի դաշնագիրը
1915-ին օսմանյան կառավարության ու խորհրդարանի ընդունած Tеhcir-ի օրենքի հիմքով 1,5 միլիոն հայությունից արձանագրված եւ բռնագրավված գույքային, ֆինանսական կարողությունների վերադարձման կամ հատուցման խնդիրներին ո՞վ պետք է հետամուտ լինի` հայությունից բացի։ Ո՞վ է Փաշինյանի նման տգետ ու բարոյազուրկ էակին թույլ տվել, դիցուք` իմ պապիկների ու տատիկների ընտանիքներին պատկանած միլիոնավոր դոլարների կողոպուտը համարել անցած պատմություն, որի էջն ինքն այսօր շրջում է։ Ասենք, Վանին մերձակա Շատախ քաղաքի քաղաքապետարանի շենքն օսմանյան իշխանությանը նվիրել է իմ տատիկի ընտանիքը։ Իրենք նոր տուն են կառուցել քաղաքով հոսող գետակի մյուս ափին, հին տունն էլ նվիրել են քաղաքային իշխանություներին։ Հնարավոր է մինչեւ հիմա էլ Շատախի իշխանությունն այդ շենքում է գործում։
Իմ տատիկի ընտանիքի նման` Tehcir-ի օրենքով, հայկական վիլայեթներից տեղահանված 1,5 միլիոն հայությանը պատկանած նյութական գույքն ու միջոցները նույն Tehcir-ի օրենքով գրավոր արձանագրվել են, եւ հնարավոր է՝ հիմա էլ թուրքական արխիվներում են։ Ցեղասպանության ընթացքում հայությունից բռնագրավված ու կողոպտված գույքային արժեքների վերադարձումը կամ փոխհատուցում ստանալը հայության անօտարելի իրավունքն է, եւ Ենոքավանից սերած մի ոմն Նիկոլ Փաշինյան՝ հայոց պատմության ու միջազգային իրավունքի հարցերում տառաճանաչության մակարդակից չբարձրացած իր գիտելիքներով, չի կարող ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքներին առնչվել, առավել եւս՝ տնօրինել։
Վերջապես ու ամենաէականը` Փաշինյանն ինչ կուզի բարբաջի, ցեղասպանության զոհերի ժառանգներին ներկայացնող այսօրվա հայկական սփյուռքը՝ հրեաների, պաղեստինցիների օրինակով, նույն միջազգային իրավական քայլերով Սեւրի դաշնագրին հետամուտ լինելու բոլոր իրավունքներն ունի։ Եթե Փաշինյանի նման մի հիվանդ չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը, այլ մտքի ուժ, համախմբելու կարողություն եւ կշիռ ունեցող մի անձ, հիմա սփյուռքին վաղուց ուղղորդած կլիներ ինքնակազմակերպվելու եւ հրեաների ու պաղեստինցիների օրինակին հետեւելու։ Այստեղ հարցն այն չէ, որ Փաշինյանի նման տգետը ոչինչ չի անում եւ չի էլ կարող անել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման առնչությամբ, հարցն այն է, թե սա ինչու է խոսում Հայոց ցեղասպանության թեմայով առհասարակ` դա իր մտավոր ունակություներին հասանելի՞ թեմա է։
Ամփոփելով, Թուրքիայի լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությունները կատարելապես բովանդակազուրկ են, սխալ, տգետ ու անպատշաճ, այդքանով էլ՝ ոչ մի արժեք չունեցող։