Վերլուծություն

Հեղափոխական իրավիճակ չկա, բայց կլինի

Հեղափոխական իրավիճակ չկա, բայց կլինի

Հայաստանում հայտնվել են արմատական հեղափոխականներ, որոնք պահանջում են հեղափոխություն հենց հիմա՝ ոչ մի վայրկյան ուշացում: Ընդդիմությանը մեղադրում են վախկոտության, դանդաղկոտության, իշխանությանը ծախվելու կամ պայմանավորվելու մեջ, սպառնում են, որ եթե հիմա հեղափոխություն` իշխանափոխություն չանեն, հասարակությունը կհիասթափվի ընդդիմությունից, կդառնա այդ ընդդիմության ընդդիմությունը եւ այլեւս երբեք չի ների իրենց խաբած ուժերին: Մի մասն անկեղծ է, ուզում է արագ ազատվել նողկալի իշխանությունից, մի մասն ուղղորդված է, չեմ բացառում, որ հենց նույն իշխանության կողմից: Այդպես եմ մտածում, որովհետեւ համոզված եմ, որ Հայաստանում այս պահին չկա հեղափոխական իրավիճակ, եւ եթե այս պահին ընդդիմությունը ֆալշ ստարտ տա, փորձի հեղափոխություն-իշխանափոխություն անել եւ ձախողվի, հետո այլեւս չի կարողանա կոտրված եւ հուսալքված հասարակությանը ոտքի հանել: Փաշինյանը կցանկանա, որ ընդդիմությունը հիմա նման փորձ անի եւ տապալվի, որովհետեւ ինքն էլ գիտի, որ առաջիկայում երկրում նոր, անհամեմատ ավելի արմատական եւ հեղափոխական իրավիճակ է ձեւավորվելու:

Իմ ավագ ընկեր, տաղանդավոր արձակագիր Լեւոն Ջավախյանն առաջին տեսակն է, որ անկեղծորեն ուզում է՝ երկիրը րոպե, վայրկյան առաջ ազատվի այս աղետից. նա իր սոցիալական ցանցի հարթակում գրում է. «Երկաթը տաք-տաք են ծեծում։ Սառչող երկաթը մեռածն է… Ժողովրդին ոտքի հանեք կամ հրաժարվեք ձեր մանդատներից… Ազգը ոչ լեգիտիմ Ազգային ժողովի կարիքը չունի»: Լեւոնը՝ որպես անկեղծ մարդ եւ մտավորական, արտահայտում է մեր հասարակության հույզերն ու սպասումները, մի քիչ էլ՝ հիասթափությունն ընդդիմությունից: Երկաթը, իհարկե, տաք-տաք են ծեծում, բայց արդյո՞ք այս պահին երկաթը տաք է կամ բավականաչափ տաք է, որ այն ծեծեն: Ավելի պարզ ասած՝ արդյո՞ք երկրում հասունացել է հեղափոխական իրավիճակ, երբ ընդդիմության կոչով հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոցներ ու կսրբեն անօրինական եւ անօրեն իշխանությունը:

Հեղափոխության մեծ տեսաբան եւ պրակտիկ Վլադիմիր Ուլյանով-Լենինը, խոսելով հեղափոխության իրականացման հարմար պահի ընտրության` հեղափոխական իրավիճակի ձեւավորման մասին, կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված իր նամակներից մեկում գրել էր․ «Երեկ դեռ շուտ էր, վաղը ուշ կլինի, ուրեմն` այսօր»: Թվում է, մեր հեղափոխության այսօրն էլ է հիմա, երբ հասարակությունը վրդովված եւ ըմբոստացած է ապօրինի եւ կեղծված ընտրությունների դեմ, երբ մարդկանց մի մասը մտածում է, որ Փաշինյանը կեղծել է հասարակության ընտրությունը` իր ուժային լծակները եւ ձեռնասուն ԿԸՀ-ն օգտագործելով, ինքն իրեն հռչակել է հաղթած եւ պատրաստվում է բռնազավթել իշխանությունը: Մի՞թե սրանից ավելի հարմար պահ կարող է լինել, հնարավոր է, որ մենք կորցնում ենք ամենաթանկ ժամանակը, երբ այլեւս կարող է ուշ լինել, մանավանդ որ կողքից էլ բազմաթիվ մարդիկ ընդդիմությանը դրդում են գործել արագ եւ վճռական: Էլ սրանից ավել ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությունը հասարակությանն ըմբոստության կոչ անի:

Ինչո՞ւ եմ կարծում, որ հեղափոխական իրավիճակ դեռ ձեւավորված չէ, եւ երբ այն կձեւավորվի: Այդ հարցին պատասխանելուց առաջ մի հիշեցում եւս. բոլորի, այդ թվում եւ մեզնով հետաքրքրվող աշխարհի համար Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները բնորոշում էին ոչ միայն սոսկ կառավարիչների, այլեւ ավելի շատ երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրություն, ընտրություն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, եւ պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների եւ ԵՄ կառույցների ղեկավարները, շնորհավորելով կեղծ ընտրությունների արդյունքում ինքն իրեն հաղթող հռչակած Փաշինյանին, ասում էին, թե Հայաստանն ընտրեց եվրոպական զարգացման ուղին, իսկ Ռուսաստանի իշխանությունն ընտրություններից օրեր անց անգամ հրաժարվում է շնորհավորել Փաշինյանին:
Նախընտրական շրջանում Ռուսաստանը, Հայաստանի արտաքին կողմնորոշումը փոխելու ակնկալիքով, տնտեսության եւ տնտեսվարողների դեմ բազմաթիվ սահմանափակումներ կիրառեց, որոնցից տուժում են տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ եւ շարունակելու են տուժել: Այդ սահմանափակումներն ուղղված էին առաջին հերթին Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականության դեմ, հասարակությանը համոզելու, որ նա երկիրը սխալ ուղղությամբ է տանում, դրանից Հայաստանը չի շահելու: Բայց Փաշինյանին հաջողվեց հասարակության զգալի մասին համոզել, որ, առաջին` այդ սահմանափակումները ժամանակավոր են, ընտրություններից հետո Ռուսաստանը կհամակերպվի իր իշխանության գոյության փաստի հետ, եւ իրեն կհաջողվի պայմանավորվել նախագահ Պուտինի հետ՝ չեղարկելով սահմանափակումները եւ արգելքները։ Երկրորդ․ այդ սահմանափակումները պատճառ կդառնան, որ ԵՄ-ն եւ աշխարհն իրենց շուկաները բացեն հայ արտադրողների առաջ, եւ նրանք կկարողանան իրենց ապրանքը վաճառել ԵՄ ավելի մեծ ու գնողունակ շուկայում։ Երրորդ․ ԵՄ-ն օգնություն եւ փոխհատուցում կտրամադրի ռուսական սահմանափակումներից տուժած ֆերմերներին եւ տնտեսվարողներին:

Արմավիրի մարզի բազմաթիվ գյուղեր, որոնց արտադրած խաղողը կամ խաղողից ստացվող կոնյակն արտահանվում է բացառապես Ռուսաստան, մեծամասամբ ընտրել էին Փաշինյանին, ընտրել էին ոչ միայն վախի կամ սպառնալիքի ազդեցության տակ, այլեւ հավատացել էին, որ ավելի լավ է լինելու: Իսկ որ ավելի լավ չի լինելու, ընդհակառակը` ավելի վատ է լինելու, այդ մարդիկ եւ հարյուր հազարավոր նրանց նմանները համոզվելու են աշնանը, երբ երկրի տնտեսական վիճակը գնալով վատանա, երբ տեսնեն, որ լավ ապրելու փոխարեն ավելի վատ են ապրում, կորցնում են աշխատանք ու եկամուտ, երբ Ռուսաստանը մի բան էլ գազի գինը բարձրացնի, եւ դա հանգեցնի ահռելի գնաճի ու աղքատության: Այ, հեղափոխական իրավիճակն այդ ժամանակ է լինելու, եւ այդ ժամանակ գուցե ընդդիմության կոչն էլ պետք չլինի, որ մարդիկ դուրս գան փողոց` նաեւ այն մարդիկ, ովքեր հավատացել էին Փաշինյանի եվրոպական խոստումներին: Համոզված եմ, որ հենց այդ հեռանկարն աչքի առաջ ունենալով է, որ Փաշինյանն ուզում է, որ հետընտրական զարգացումները լինեն հենց հիմա, ամռանը, որ կարողանա դա խեղդի բռնության միջոցով, որովհետեւ աշնանը եւ ձմռանը նույնիսկ բռնություն կիրառողներին վճարելու փող կարող է չունենալ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image