Մշակույթ

«Հրապարակ». Նիկոլը, միասին վերցրած, քողարկված Էրդողան եւ Ալիեւ է

«Հրապարակ». Նիկոլը, միասին վերցրած, քողարկված Էրդողան եւ Ալիեւ է

ԱՄՆ-ում ժամանակավորապես ապրող գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմիի հետ զրույցը մենախոսության նմանվեց եւ, կարծում եմ՝ կհետաքրքրի ընթերցողին:

«Անհուն տիեզերքում հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Բայց ահա գտնվել է մի մարդ, որը սառնասրտորեն «բազար» է արել հայրենիքի վրա: Նիկոլը հետեւողականորեն սրում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով։ Նիկոլը պատանդ է նրանց ձեռքին, նրանց կամակատարը։ Պուտինը թուրք-ադրբեջանական տանդեմի միակ զսպիչ ուժն էր, նա պարբերաբար ասում էր՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը պիտի լուծել բանակցությունների միջոցով։ Անհրաժեշտ էր Պուտինին գժտեցնել մեզ հետ։ Ո՞վ պիտի աներ դա, պարզ է՝ Նիկոլը։ 2020-ին Պուտինը ժամանեց Երեւան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին դիմավորում են ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ։ Պուտինին ոչ ոք չդիմավորեց։ Նա իր մեքենայով միայնակ եկել, կանգնել էր նախագահական նստավայրի առաջ եւ հավաքվածներին «հարցնում» էր, թե ինչպես բարձրանա վարչապետի մոտ։ Ես էն ժամանակ գրեցի, որ խեղկատակ Նիկոլի ֆարսը շատ թանկ է նստելու հայ ժողովրդի վրա։ Այդպես էլ եղավ․ Նիկոլի դավաճանության շնորհիվ Էրդողանն ու Ալիեւը մտել էին Պուտինի ականջը եւ հաղթահարել նրա վետոն։ Շատ չանցած՝ սկսվեց հայակործան կառավարելի պատերազմը՝ կանխորոշված պարտությամբ։

Ո՞վ կհավատար դրան, եթե հենց ինքն անձամբ չխոստովաներ: Արցախն առանց պատերազմի հանձնել հնարավոր չէր։ Այն ժամանակ, երբ ժողովուրդը զբաղված էր Նիկոլ մեծարելով, վերջինս, Ալիեւի հետ քիթ-քթի՝ պլանավորում էր կառավարելի պատերազմ՝ Հայաստանի պարտությամբ։ Դժբախտ երկիր Հայաստան, զավակներիդ ուղարկել էիր ռազմի դաշտ, իսկ քո դավաճան գերագույն գլխավոր հրամանատարը, առոք-փառոք նստած կառավարական ամառանոցում, ուղղորդում էր թշնամուն՝ ինչպես ոչնչացնի քո բանակները եւ զավթի քո հինավուրց Հայրենիքը։ Դուք այս պատմության սահմռկեցուցիչ շարունակությունը լսեք․ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը նրան հայտնում է, որ թշնամին մեզնից ուժեղ է, եւ պետք է հասնել զինադադարի։ Այդ նեղ պահին Աստված օգնության է ուղարկում միջնորդին` Պուտինին, որն առաջարկում է իր հովանու ներքո կնքել զինադադար։ Դա այն էր, ինչ մենք երազում էինք։ Արցախը, ներառյալ՝ Շուշին, Լաչինը, Քարվաճառը, մնում էին մեզ։ Նիկոլը մերժում է եւ շարունակում է պատերազմը, քանի որ, մեր թշնամու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, պետք է ապահովեր Հայաստանի կապիտուլյացիան, քանի որ «կասեին՝ դավաճան է»։ Եվ սառնասրտորեն զոհաբերելով հազարավոր հայ երիտասարդների՝ բարձր մակարդակով կատարեց մեր թշնամիների առաջադրանքը։ Հաղթանակած դավաճանը մասնատել է երկիրը, պառակտել ժողովրդին, արդարներին դատում է, հանցագործներին` նշանակում պաշտոնների։ Խեղճ հայ ժողովուրդ, ութ տարի մղձավանջի մեջ է, եւ վերջը չի երեւում։ Հիմա մեր ժողովուրդն անուժ է՝ որեւէ բան ձեռնարկելու դավաճանի դեմ, ուղղակի խնդրում-պաղատում է, որ խնայի, չոչնչացնի մեր պետականությունը։ Դե, Նիկոլն էդքան էլ չար չէ, մեծահոգաբար կարող էր տալ համաձայնություն, բայց վախենում է, որ Էրդողանն ու Ալիեւը ականջները կկտրեն։

Հոգեվարքային այս ծանր իրադրության մեջ ուզում եմ որդիաբար կիսվել իմ ժողովրդի հետ եւ ասել ճշմարտությունը։
1. Հայաստանն ունի սահմանափակ հողային տարածքներ։ Դեռեւս անցյալ դարի 50-ականներին, Ստալինի կարգադրությամբ, հայաստանաբնակ ադրբեջանցիները գնացին Ադրբեջան։ Բայց քիրվա-միրվա խաղալով՝ նրանց մի մասը նորից վերադարձավ։ Մեծ քանակությամբ ադրբեջանցիներ կուտակվել էին Մասիսի շրջանում։ Նույնիսկ Մոսկվայի կենտրոնացված ղեկավարության պայմաններում հայերը խուսափում էին այնտեղ ոտք դնել․ վտանգավոր էր։ Ադրբեջանցիների վերաբնակեցումը, որն Ալիեւի անձնական նախագիծն է, նպատակ ունի Հայաստանը դատարկել հայերից։ Քանի որ Նիկոլը վերաբնակեցման մոլի կողմնակից է, ընտրություններին ոչ մի ձայն չպետք է տալ նրան, երկիրը պետք է մաքրել նիկոլախտից եւ խուսափել վերաբնակեցման աղետից։
2. Արդար, ազնիվ ընտրություն անցկացնելու համար միացյալ ընդդիմությունը պետք է պաշտոնապես դիմի Եվրամիությանը եւ պահանջի հրաժարվել Հայաստան պատվիրակություն ուղարկելու գաղափարից։ Հակառակ պարագայում՝ որպես հակակշիռ, պատվիրակություն հրավիրել Ռուսաստանից։
3. Ամենայն հայոց կաթողիկոսը չպետք է սպասի, որ Նիկոլը հաղթի ընտրություններում եւ «գլխատի» իրեն։ Եկեղեցին պետք է բացահայտի, որ Նիկոլը հեռացել է քրիստոնեական հավատից, որ կապի մեջ է մութ ուժերի հետ, եւ մեր ժողովուրդը պիտի մերժի նրան իր քվեն։

Մեր ժողովրդին եմ տրամադրում «բարեկամ» երկրի նախագահ, Նիկոլ ազգակործանի մտերիմ եղբայր Ալիեւի «փայլատակումները»՝ ուղղված մեզ. «Մենք ոչ մի վատ բան չենք արել հայ ժողովրդին: Նրանց ատելության, թշնամության պատճառը պետք է ուսումնասիրեն հոգեբանները, հոգեբույժները, բժիշկները»»: Սիրելի բարեկամներ, Նիկոլը քողարկված Էրդողան եւ Ալիեւ է` միասին վերցրած։

Մեր ժողովրդին, մեր ընդդիմությանը հազար անգամ կոչ արեցի, որ կանգ չառնելով ոչ մի զոհողության առաջ, իջնեն հրապարակ եւ այդ զարհուրելի դավաճանից վերցնեն իշխանությունը։ Բայց անկար հնազանդությամբ մեր ժողովուրդը կրում է այդ անարգանքը եւ մահու չափ ծանր ստորացումը: Հիմա էլ նույնն եմ պահանջում: Թեեւ տարիքս առած մարդ եմ, ես էլ պատրաստ եմ գալու եւ միանալու ձեզ։ Երջանիկ կլինեմ, եթե Հայրենիքի փրկության առաջին զոհը ես լինեմ։ Հույսս էլ է անհույս նայում Հայոց աշխարհին, որի ծաղկման համար քիչ բան չի արել նաեւ իմ սերունդը։ Բայց այսօր հայ տղամարդիկ՝ անատամ, մեղկ ու ողորմելի, դաունի պես նայում են, թե նիկոլաոհմակն ինչպես է լլկում հայի եւ աշխարհասփյուռ հայության Հայրենիքը:
Հույսս փնտրում է հայոց Ժաննա Դ' Արկին, որ ցասումով զինված վրիժառու կանանց ջոկատով ջնջի նիկոլիզմը Հայաստանում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image