Քաղաքականություն

Փրկենք կրկեսի վերածված մեր հայրենիքը

Փրկենք կրկեսի վերածված մեր հայրենիքը

Համացանցը պայթում է «Ջուր չի լինի», «Գազ չի լինի», «Լույս չի լինի» եւ նմանատիպ վերնագրերից: Առավոտյան երեխային դպրոց ճանապարհող հարեւանս փնթփնթում է՝ էրեխեքին ասել են՝ տնից շշերով ջուր բերեք հետներդ, ջուր չի լինելու: Ջուր չկա, գազ չկա, լույս չկա… Սրանք մանրուքներ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Սա անպաշտպան երկրի սովորական առօրյա է, կոմունիկացիաների հետամնացության ու մաշվածության պարզ դրսեւորում: Բավական է հետեւել նշված ոլորտներում տիրող իրավիճակի մասին հրապարակումներին, ծայր առած «խլխլոցին», միանգամայն պարզ կդառնա, թե ինչու մի օր գազ չկա, մի օր՝ հոսանք, երրորդ օրը՝ ջուր: Պատճառը մեկն է՝ կառավարություն չունենք: 

Կրթության ու գիտության բնագավառում նույնն է, էկոնոմիկայում՝ նույնը, պաշտպանությունը զրո է, անվտանգությունը՝ զրոյից ցածր, բարձր տեխնոլոգիաները՝ փուչիկ: Հայաստանն այսօր գոյատեւում է այստեղից-այնտեղից վերցրած պարտքերի ու փողոցային առեւտրի շնորհիվ: Հայաստանը ոտքի վրա մեռնող պետություն է: Մեղավորն ո՞վ է, գիտե՞ք. նախկինները, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, անգամ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ու չկա մեկը, որ հարցնի՝ իսկ մեր կառավարությունն ինչո՞վ է զբաղված, վեցուկես տարում վեցուկես քար իրար վրա չկարողացան դնել, ինչ էլ որ արեցին, կորուստ, ցավ, վիշտ, պառակտում, ատելություն բերեց միայն: Ու դեռ այս կառավարություն-խունտան իր ղեկավարով ուզում է վերարտադրվել: Տեսեք՝ ինչ փոթորիկ են անում, կադրային ջարդ… Իբր մաքրագործվում են, վարկանիշ են ուզում ապահովել: Հանկարծ պարզել են, որ կոռուպցիան իրենց մեջ է՝ արմատախիլ են անում, սափրվում են, յուրայինների վրա են մատ թափ տալիս… Աշխատում են: Բայց չգիտեմ՝ շրիշակին ինչ-որ բան կօգնի՞ իր պլանկան մի քիչ բարձրացնելու: 

ՀԱՊԿ-ի վեհաժողովին մասնակցելուց կրկին հրաժարվեցին: Հեռագիր են տվել, թե մենք չենք գա, բայց կողմ ենք ընդունվելիք որոշումներին: Սա ի՞նչ կեցվածք է, ինչպե՞ս կարող ես կողմ լինել մի որոշման, որի բովանդակությանը ծանոթ չես: Տեսեք-տեսեք՝ սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Իսկ եթե առանց ձեզ որոշում կայացվի, որ Հայաստանը պետք է վերջ տա երրորդ երկրներից զենք գնելու «արատավոր պրակտիկային», դարձյա՞լ համաձայն կլինեք: Վաղն էլ ՀԱՊԿ-ից ձեզ կասեն՝ եղբայր, ումի՞ց ես բողոքում, ներկա լինեիր՝ վետո դնեիր այդ որոշման վրա:
COP-29-ն անցավ պատմության գիրկը: Բաքու չգնացին, չմասնակցեցին, ո՛չ հռոց, ո՛չ բռոց: Բաքվից ասացին՝ Հայաստանին հրավեր ուղարկվել է, իսկ մասնակցել-չմասնակցելն իրենց որոշելիքն է: Ինչո՞ւ չգնացին, ի՞նչ ուզեցան ասել դրանով, ի՞նչ հարց լուծեցին: Պատասխան չկա: Վախեցան նույնիսկ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցով ԱԺ հայտարարություն ընդունել: Բայց ես հարց ունեմ՝ Բաքվից իրո՞ք հրավեր եղել է Երեւանին։ Վարչապետի կամ ԱԳՆ պաշտոնական կայքերում նման բան հրապարակվե՞լ է: Չէ՞ որ պաշտոնական հրավերը սովորաբար լինում է թղթի վրա, որ մի կողմը փոխանցում է մյուսին: Այդ թուղթը որեւէ մեկը տեսե՞լ է: Բա որ չեք տեսել, ինչո՞ւ եք կրկնում Փաշինյանի եւ Ալիեւի խոսույթը՝ հրավեր լինելու մասին: Եկեք մի քիչ սառը դատենք: Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս գտնվում են պատերազմական դրության մեջ՝ չկա խաղաղության պայմանագիր: Այնպես որ, հրավիրող կողմը, այսինքն՝ Ադրբեջանը, Հայաստանի ամենաբարձրաստիճան պատվիրակությանը պետք է տար նաեւ անվտանգության երաշխիքներ եւ դա հաստատեր գրավոր տեքստով: Տվե՞լ են, հավաստիացրե՞լ են, որ հայերին չեն ձերբակալի եւ չեն նետի Բաքվի բանտը: Եվ, ուրեմն, ցույց տվեք մեզ Բաքվի հրավերը, որպեսզի հասկանանք, թե ինչու ՀՀ պատվիրակությունը չմասնակցեց COP-29-ին: Իսկ գուցե խոստովանեք, որ ուղղակի վախեցա՞ք մեկնել, վախեցաք հայտնվել մեր պատանդների կողքին: Խոստովանեք, որ այդ պատճառով չմիացաք մեր պատանդներին ազատ արձակելու մասին ԱԺ ընդդիմության հայտարարությանը:

Հրաժարվում են «Արեւմտյան Հայաստան» ասելուց, որ Ալիեւը չասի «Արեւմտյան Ադրբեջան», Ծիծեռնակաբերդը քանդում են, որ Թուրքիան սահմանը բացի, Սյունիքը տալիս են, Անկախության հռչակագիրը մոռանում, փոխում սահմանադրությունը, որ Ալիեւը խաղաղության թուղթ ստորագրի… Ձեռքի հետ էլ ՔՊ-ի ներսում սալյուտ են խփում, որ ժողովուրդը մտածի՝ էս ինչ արդար դատ է անում մեր առաջնորդը, տեսա՞ք բիրիքով քանի գլուխ թռցրեց: Մի քիչ շուտ սափրված լիներ՝ ո՛չ տրանսպորտի թանկացման հարց կունենայինք, ո՛չ ջրի, գազի ու հոսանքի դադարեցման: Սրանք ի՞նչ հարցեր են, որ ուժայիններին մի հարվածով ոչնչացնող առաջնորդը մի օրում չլուծեր:
Առջեւում ընտրություններ են։ Խունտան խնդիր է դրել վերարտադրվելու: Խունտային պետք է կանգնեցնել ամեն գնով: Մենք կրկեսի վերածված հայրենիքը ոտքի կանգնեցնելու խնդիր ունենք: Նաեւ՝ իրավունք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image