Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը միմյանց սկսել են լավ ճանաչել քովիդի օրերից: Այդ օրերի ամենափողաբեր հիմնարկն առողջապահության նախարարությունն էր: Հիմա էլ ոչինչ, բայց Արսեն Թորոսյանի ժամանակ այդ նախարարությունը, ամենայն հավանականությամբ, ապահովում էր կառավարության բիրդան ղեկավարի «ձախ» եկամուտների մեծ մասը, եւ դա էր թերեւս պատճառը, որ Նիկոլն ուղղակի հիացած էր քովիդի դեմ պայքարում Արսեն Թորոսյանի ձեռքբերումներով:
Այսօրվա պես հիշում եմ՝ Նիկոլը մի անգամ նույնիսկ հայտարարեց․ «Քովիդը հնարավորություն է»: Չմանրամասնեց, թե ինչի հնարավորություն է, իսկ հարիֆ հանրությանը թվաց, թե նկատի ունի քովիդի դեմ պայքարի ձեւերի ու մեթոդների զարգացման հնարավորությունը: Հարիֆ հանրություն, էլի… Դիմակները կապած՝ վազվզում էին փողոցներում ու մի բան էլ տուգանվում, երբ որեւէ քայլ Արսեն Թորոսյանի ասածի պես չէին անում: Ինչքա՞ն գումար հավաքվեց այդ տուգանքներից, ի՞նչ գումարներ ծախսեցին քովիդով հիվանդներին «ձրի» բուժելու համար, ո՞ւր գնացին օգնությունները՝ բուժտեխնիկայի ու չոր փողի տեսքով: Նիկոլն այդ օրերին զենք չի առել, չէ՞, Արսեն Թորոսյանի հաշվետվությունները տարան կորցրին, չէ՞, Արսեն Թորոսյանին գործից հանեցին ու բերեցին ԱԺ, չէ՞: Բա որ Արսեն Թորոսյանը մենակ կերած լիներ այդ ամենը, կկարողանա՞ր մարսել: Դե ուրեմն նրա ու Նիկոլի միջեւ մի բան կա, որ Նիկոլն այդպես գուրգուրում էր նրան: 3 տարի շարունակ պահեց առողջապահության նախարարի պաշտոնում՝ ներառյալ 44-օրյա պատերազմի օրերին, եւ միայն 2021թ․ հունվարին ազատեց՝ տեսնելով, որ պատերազմի զոհերի դիակների խայտառակ պատմությունը ջրի երես է դուրս գալիս: Նրա փոխարեն Անահիտ Ավանեսյանին նշանակեց՝ հուսալով, որ վերջինիս կին լինելու հանգամանքը փոքրիշատե կմեղմի ամբոխի զայրույթը:
2021թ. հունիսին Նիկոլն Արսեն Թորոսյանին բերեց խորհրդարան, որ ի՞նչ անի… Գլխի չե՞ք ընկնում: Բերեց, որովհետեւ վախենում էր, որովհետեւ Արսենն էն տիպը չէր, որ իրենց համատեղ «գործերից» կոմպրոմատներ չունենար պահած: Քիչ էր մնացել Արսեն Թորոսյանի՝ Երեւանի քաղաքապետարանի հետ ծագած կոնֆլիկտը վերածվեր համահայաստանյան սկանդալի: Մի կերպ կոծկեցին, չե՞ք հիշում: Փոխարենը Նիկոլն էր լավ հիշում դա ու շարունակում գուրգուրել «դոկտոր մահին»: Հա, վերջը Արսենին նորից տարավ կառավարություն, նշանակեց սոցապնախարար՝ ի վայելումն մեր հանրության ամենախոցելի խավի՝ թոշակառուների: Բարով վայելեք:
Ասենք, որ այս ոլորտում փող քերելը նույնքան հեշտ չէ, որքան նախորդ պաշտոնում: Առողջապահության նախարարությունը, գիտեք, մեր ամենամաֆիոզ կառույցն է: ԱԱԾ, ՆԳՆ, Դատախազություն… գլուխները պատին են տվել «մեդիկների» մոտ: Թորոսյանը դա լավ է հասկանում, բայց ձեռը ճար չկա` պետք է գոհանա սոցապ ոլորտին հատկացվող բյուջետային «գրոշներով»: Օրենսդրությունն այստեղ ավելի հստակ է, 1 թոշակառուին՝ 1 թոշակ… Ո՛չ պարգեւավճար, ո՛չ բան: 63 տարին լրացավ՝ մարդն անցնում է թոշակի: Աշխատած տարիները «կըծըֆըռ» հաշվում են` 49 հազար դրամ շրխկացնում ու սպասում, թե երբ է մեռնելու թոշակառուն, որ թոշակը կտրեն: Ասում են՝ ամեն տարի ծննդյանդ օրը պիտի ներկայանաս բանկ, նկարվես, որ իմանանք՝ ո՞ղջ ես, թե՞ մեռել ես արդեն: Այ, այսքան դժվար են թոշակ տալիս, որովհետեւ բյուջեում թոշակառուի համար երբեք փող չկա: Փոխարենը փող կա Արսեն Թորոսյանին եւ նրա աշխատակազմին պարգեւավճարներ տալու համար: Եվ հարց է առաջանում՝ այդ ի՞նչ են անում, որ մի բան էլ պարգեւավճար են ստանում:
Ինձ որ մնա, կասեմ՝ նրանք արթուն պահակի պես հսկում են, որ թոշակառուն հանկարծ մի երկու կոպեկ ավել թոշակ չստանա: Էս քեշբեք-մեշբեք, որ հնարել են, կատարյալ էշություն է: «Լոխոտրոն»….Բոլորին թվում է, թե «սիրելի պետությունը» դրանով իրենց թոշակը բարձրացնում է: Միամիտ չլինեք: Դուք այդ փողով կես կիլո էժանագին նրբերշիկ եք գնում, իսկ դրանից գոյացած հարկերով վճարում Արսեն Թորոսյանի ու մյուսների յուղոտ պարգեւավճարները: Յուրաքանչյուր թոշակառու իր գրպանից վճարում է այդ պարգեւավճարները, բայց եթե Նիկոլ Փաշինյանը դրանից «քյար» չունենար, լռելյայն կհամաձայնե՞ր: Սիրում եմ ձեզ, սրտիկ-մրտիկ… Չամուռ է դարձել՝ կպել եկեղեցու պատին, եկեղեցականների բարեվարքության կանոններ է գրում… Այ ընկեր, 600 հազար թոշակառու սպասում է, որ հռռաս կամ բռռաս իր խնդիրներով… Մի ձայն հանիր, ասա՝ Արսեն Թորոսյան, գլուխդ պատին տուր, պատը` գլխիդ, ֆեյսբուքներում թրեւ գալու փոխարեն, մարդկանց թոշակները բարձրացնելու ձեւը գտիր:
Շատերը կասեն՝ սոցապնախարարի ձեռքին ի՞նչ կա, որ ինչ անի… Թոշակը պետությունը տալիս է, ինքն էլ բաժանում է: Ամեն ինչ, սիրելի թոշակառուներ, այդքան պարզ չէ: Նրանք, որ նոր-նոր են անցնում թոշակի, ինձ լավ կհասկանան: Արդյոք ձեր աշխատած տարիներն ամբողջությա՞մբ են հաշվարկվել եւ ներառվել թոշակի չափի մեջ: Մի մասը հաշվել են, դուք զայրացել եք, բողոքել, ձեզ ասել են՝ հետո գտնենք՝ կավելացնենք: Խնդրում եմ հիմա ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր նման խնդրի չեն բախվել: Իսկ ինձ հետ պատահածի մասին ընդհանրապես չեմ խոսում: «Դպրություն» թերթում աշխատածս տարիները «չէին գտնում»: Ասում եմ՝ այ մարդ, ո՞նց թե չկա, պետական թերթ էր, ես այնտեղ աշխատել եմ, սա էլ՝ աշխատանքային գրքույկս… Տարան-բերին, տարան-բերին՝ վերջը ասին՝ չկա: Զայրացա… Ես ձեր տիրոջ մերը… Արա, ասի՝ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ աշխատելու «Դպրություն» թերթում, ես արդեն աշխատում էի, իսկ երբ գնաց, ես էլի աշխատում էի: Այդ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի ստաժում «Դպրության» ժամանակահատվածը կա, իմ ստաժում՝ չկա: Արսեն Թորոսյանի բախտը բերեց, որ այդ օրերին սոցապնախարար չէր: Նախկինը մի քիչ խելքը գլխին մարդ էր, երեւի, գնաց, իսկույն գտավ ստաժս, բայց հետո ինչ մախինացիա արին, էլ չիմացա… Թոշակս մնաց նույնը՝ 49 հազար 800 դրամ: Կարելի է ասել՝ քերելու փայը միշտ կա:
Դուք, ենթադրենք, թոշակառու եք եւ զուգահեռ նաեւ աշխատում եք: Սա նշանակում է, որ ամեն տարի ձեր թոշակը պետք է 1000 դրամով ավելանա: Նորություն չեմ ասում, չէ՞: Համակարգ են տեղադրել, բանկերով են թոշակը տալիս… թվում է` այս հասարակ բանը նույնպես պետք է ներառված լիներ այդ համակարգում: Բայց՝ ոչ: Աշխատող թոշակառուն թոշակի անցնելուց 1 տարի հետո պետք է անձամբ ներկայանա սոցապբաժին, որ այդ 1000 դրամը տան: Հակառակ պարագայում դա էլ են քերում: Ես, էշի ականջում քնած, սպասում էի, թե երբ է թոշակս 1000 դրամով ավելանալու: 1 ամիս անցավ, 2 ամիս անցավ… Գնացի բանկ՝ ինչո՞ւ թոշակս չեք ավելացրել: Մենք կապ չունենք, սոցապը պիտի ասի, որ ավելացնենք: Գնացի սոցապ… Մի տիկին ինձ մանրամասն բացատրեց, որ 7 ամիս ուշ եմ դիմել: Հունվարից կստանաք՝ ասաց: Իսկ անցած ամիսնե՞րը… Ցավում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող, 7000 դրամ կորցրել եք: Բա համակա՞րգը, բա ձեր հարկայի՞նը… Չգիտե՞ն, որ ես աշխատում եմ, հարկեր եմ վճարում, եւ, օրենքի տառին համաձայն, թոշակս պետք ավելանա: Տիկինն այս հարցի պատասխանը, բնականաբար, չուներ, իսկ ինձ համար մի բան էր հստակ՝ իմ 7 հազարն էլ քերեցին, փաստորեն: Ո՞վ… Նիկոլը, Արսեն Թորոսյանը, հարկայինը, սոցապը… Կա այդպիսի բանդա, «պետական ռեկետ» է կոչվում: Իսկ ինձ՝ ապուշիս, մնում է հուսալ, որ սրանք այդ փողը չեն լափի եւ մի օր կասեն՝ զենք ենք առել: