Բառարաններում «Ուխտերթն» եմ փնտրում: Չկա: Google-ն էլ անընդհատ «Ուղտերթն» է դեմ տալիս: Ի՞նչ է ստացվում… Ստացվում է, որ ՀՀ իշխանական վերնախավն ու «իսկական» հավատացյալների մի զգալի հոտ մասնակցել է մի բանի, որ գոյություն չունի առհասարակ: Դեռ վերնախավն ու ոչխարները մի կողմ: Ցավալի է, որ այդ ոչ մի բանին մասնակցել է նաև խելքը գլխին 10 մարդ՝ 6 արքեպիսկոպոս և 4 եպիսկոպոս, ու նրանցից ոչ մեկը չի փորձել այս հիմար նախաձեռնության հեղինակին համոզել, որ ուրիշ բան մտածի, որպեսզի ոչ ինքը խայտառակ լինի, ոչ հոտը, ոչ պետությունը: Ի դեպ՝ պետության մասին: Պետական ողջ ապարատը, ներառյալ իրավապահ համայնքը՝ պարետից մինչև ԱԱԾ ժուչոկներ, ինչպես կգնային շքահանդեսի, եկել էին այդ տուպոյ «ուխտերթին»՝ աշխարհին ցուցադրելու Հայաստանի Հանրապետությունում իշխող տուպիզմը: 100 տարվա ծանոթ ոստիկանին հարցնում եմ՝ էս ի՞նչ եք, անում, ախպեր, պատասխանում է՝ հրաման ենք կատարում:
-Բա ինչո՞ւ ես «գրաժդանսկի»…
-Հրաման ենք կատարում:
Ի՞նչ ասեմ, կատարեք, բայց գոնե հրամանի իմաստը հասկացեք և նոր կատարեք: Այլապես ձեզ հավաքել բերել են «ուխտերթ», որը չգիտեք էլ՝ ինչ է:
ՔՊ-ականներից ոմանք սրան «ուխտաերթ» ասին: Այդ բառն էլ չկա որևէ բառարանում: Խայտառակություն է: Փաստորեն հակաեկեղեցական պայքարի առաջնորդն ու ռահվիրան այսքան մարդու հիմարացրել է իր շինովի բառով ու հանել փողոց: Սրանք էլ, Աստված տվել չի խնայել, էս ձմռան ցրտին, ռայոններից, թաղերից մերումանուկով լցվել են Երևանի կենտրոնական փողոցները, թե գնում ենք «ուխտերթ»:
Ճարս կտրած՝ մի հատ էլ Google-ի թարգմանչին դիմեցի՝ գուցե այլ լեզուներում կա մեր նորահայտ վարդապետի ստեղծած այդ բառը՝ «ուխտերթ»: Անգլերենը տվեց «Oath», իսկ թուրքերենը՝ «Yemin», որոնց հայերն համարժեքը «Երդումն» է: Բայց նույնիսկ այս դեպքում պարզ չէ, թե սա ինչ չտեսնված ու չլսված երթ էր: Ո՞վ էր երդում տվել, ում էր երդում տվել, ինչու էին մարդիկ հավաքվել և ինչու նրանց դարձրին այս քաղաքական ապուշության մասնակից:
Մարդը երբ որևէ ուխտ է անում, այն կատարում է միայնակ, ինքնամփոփ, սովորաբար՝ լուռ և անաղմուկ: Ենթադրենք՝ ուխտ է արել գնալ այսինչ մատուռը, մոմ վառել, դիմել, սրբերին որ իր հարազատին առողջություն պարգևեն: Նա մի հարմար օր գնում, իր ուխտը կատարում, վերադառնում է, գուցե մի երկուսին էլ պատմում է այդ մասին, խնդիր չկա: Այդ մարդը, երբ գնում է իր ուխտը կատարելու, կոչվում է ուխտավոր: Նրա արածը կամավոր ուխտագնացություն է, ոչ թե բռնի և հարկադիր «ուխտերթ»: Եվ ապա՝ ուխտի գնում են լավ նպատակով… Ես ի՞նչ իմանամ, մեկը՝ որ իր աղջկա բախտը բացվի, մյուսը՝ որ երեխա ունենա, երրորդը՝ որ աշխարհին խաղաղություն լինի, չորրորդը՝ որ իր բիզնեսը ծաղկի… Բայց դուք սրանց այսօրվա խեղկատակությանը նայեք ու փորձեք տեղավորել այն ուխտագնացություն հասկացության մեջ: Լավ, Սուրբ Գրիգոր Լուսավորչից երթով գնում ես Սուրբ Աննա, որ ի՞նչ անես, սա ի՞նչ կապիկություն է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում չէիր կարո՞ղ ուխտդ կատարել, եթե, իհարկե, որևէ ուխտ ունեիր: Միանգամից գնայիր Սուրբ Աննա, մոմդ վառեիր, խաչհամբույր տայիր տոնի առիթով, ամենակալ Տիրոջից խնդրեիր քաղցր աչքով նայել ժողովրդին: Վեր ես կացել, միլիցով, թրով, թվանքով երթ ես անում եկեղեցիների միջև, մի հատ էլ անունը դրել ես «ուխտերթ»: Բա հետիդ բառադիների՞ն ինչ ասեմ, որ իծաշարուկ գցել էիր հետևիցդ ու ստիպել մասնակցել այս էշությանը: Մենակ չասես, էլի, որ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանը անհատ ուխտավորներ էին, որոնց տեսար ճանապարհին ու միասին եկաք ուխտի:
Եվ ավարտեմ… Լսվա՞ծ բան է, որ մարդ ուխտի գնա չար նպատակով: Ես, օրինակ, չեմ կարողանում պատկերացնել մի ուխտավորի, որ հասնի սրբի դուռն ու խնդրի, որ կրակներով մոխրացնի իր հարևանի տունը, մյուսի այծը սատկացնի կամ երրորդի կովը: Սուրբն առնվազն կասի՝ Աստծուց վախեցիր, այ անասուն, այդ ինչ ապուշ ցանկություններ են… Վստահ եմ, որ այսօրվա խայտառակության մասնակիցների ճնշող մեծամասնությունը գիտեր այս մասին ու չէին մասնակցի երթին», եթե չլինեին ինչ-ինչ հանգամանքներ՝ կապված աշխատանքի ու հացի հետ: Նրանցից քանի՞սը մտավ եկեղեցի այսօր: Իսկ ինչո՞ւ պետք է մտնեին եթե եկեղեցին քանդելու ուխտ չէին արել: