Մշակույթ

«Սպանություն՝ երեկոյան ժամերգության ժամանակ»․ սերիալ, որն արժե դիտել

«Սպանություն՝ երեկոյան ժամերգության ժամանակ»․ սերիալ, որն արժե դիտել

Էկրան է բարձրացել նոր դետեկտիվ սերիալ․ «Սպանություն՝ երեկոյան ժամերգության ժամանակ»։ Այն անգլիական գյուղական դետեկտիվ ժանրի հիանալի օրինակ է։ Ինչ խոսք, անգլիացիներն այս ժանրում անգերազանցելի են։ Երիտասարդ գյուղական քահանա Դենիել Քլեմենթը, որի կերպարը մարմնավորել է Մեթյու Լյուիսը, չի կարողանում գրել հերթական պատարագի քարոզը։ Հեռուստացույցի բարձր ձայնը, որ լսվում է հարեւան սենյակից, նրան պարզապես «սպանում է»։ Մտքերը չեն կենտրոնանում։ Հարեւան սենյակում հեռուստացույց է դիտում նրա իսկ մայրը՝ խստաբարո եւ անզիջում Օդրին (Ամանդա Ռեդման)։ Հոգեւորականի առօրյան մոր՝ իր մոտ տեղափոխմամբ ամբողջովին խաթարվում է։ Ամեն ինչ ավելի է խառնվում իրար, երբ երեկոյան՝ գյուղական հնամենի եկեղեցում հայտնաբերում է մարդկային դիակ՝ արյան լճակի մեջ։ Պարզվում է, որ սպանվածը տեղի զինվորական պատմության հետազոտող մասնագետ Էնթոնի Բոունեսն է (Ադամ Սմեթհյորսթ)։

Ի՞նչ էր անում պատմաբանը երեկոյան այդ ուշ ժամին եկեղեցու տարածքում, եւ ո՞ւմ էր նա այդքան խանգարում, որ նրա հանդեպ նման դաժան հաշվեհարդար են տեսել՝ զրկելով կյանքից, այն էլ Աստծո տանը՝ պարտիզպանի մկրատով խոցոտելով։ Անգլիական գյուղական դետեկտիվներն ակամա այն միտքն են առաջացնում, որ անգլիական խուլ գյուղերն աշխարհի ամենավտանգավոր վայրերն են, որտեղ տեղի են ունենում առեղծվածային հանցագործություններ, ու թվացյալ անվրդով ու խաղաղ կյանքը պարզապես ծխածածկույթ է եւ ոչ ավելին։ Անգլիական դետեկտիվ ժանրում կա մի ուրույն ենթաժանր, որ բառացիորեն կոչվում է «հարմարավետ դետեկտիվ»։ Այստեղ չկան ատրճանակից կրակոցներ, գոտեմարտային տեսարաններ, ավտոմեքենաների վազանցներ եւ այլն։

Դրա փոխարեն՝ գյուղացի ծեր կանայք փոխանակվում են կարկանդակների բաղադրատոմսերով, թեյ են պատրաստում ու բամբասում՝ փոխանցելով մեկմեկու գյուղական կյանքի ու առօրյայի «ուշագրավ» նորությունները։ Ամեն ինչ՝ ինչպես հարիր է հին ու բարի Անգլիային։ Սպանության քննությունը ստանձնում է ոչ այնքան փորձառու քննիչ Վանլուն (Ամիթ Շահ)։ Երիտասարդ եկեղեցականն անփորձ քննիչին իր օգնությունն է առաջարկում։ Ու դա կարծես թե ինչ-որ մեկին դուր չի գալիս, ու եկեղեցականը սկսում է ստանալ սպառնալիք պարունակող գրություններ։ Ֆիլմի հիմքում հանրահայտ Ռիչարդ Քոուլզի ստեղծագործությունն է։

Ուշագրավ է հենց Քոուլզի կենսագրությունը։ Սկզբում եղել է երաժիշտ, հետո՝ հեռուստահաղորդավար, սկսել է հետաքրքրվել կրոնով։ Ընդունել է կաթոլիկություն, հետո դարձել անգլիկան եւ ապա՝ ձեռնադրվել անգլիական քահանա։ Նրա կերպարը դարձել է «Պատվելին» հեռուստակատակերգական նախագծի նախատիպը։ 22 թվականից ուժերն է փորձում գրականության մեջ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image