Կառավարության որոշմամբ, վերաբաշխում է կատարվել 621 միլիոն 746 հազար դրամ գումարի չափով՝ կրթական եւ մշակութային հաստատությունների շենքային պայմանների եւ ենթակառուցվածքների բարելավման նպատակով։
Որոշման համաձայն՝ կրթության գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 359․3 մլն ՀՀ դրամ: Կրթական մի շարք հաստատություններում նախատեսվում է ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության, ինչպես նաեւ՝ շինարարական աշխատանքները: Մշակույթի գծով ծախսերը կազմում են շուրջ 262․5 մլն ՀՀ դրամ: Դրանք հիմնականում կուղղվեն հուշարձանների պեղումներին, պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությանը, ինչպես նաեւ՝ ամրակայմանն ու տարածքի բարեկարգմանը:
Որոշումների ընդունման արդյունքում կապահովվեն կրթական եւ մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։
Ի դեպ, մի շարք կրթական եւ մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու եւ այս տարի շահագործման հանձնելու նպատակով, եւս մի կլորիկ գումար է հատկացվել:
Մասնավորապես՝ ավելի քան 450 մլն դրամ է նախատեսված Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի, ինչպես նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար: Շուրջ 2,5 մլրդ դրամ կհատկացվի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ եւ Աշտարակ, Արմավիրի մարզի Արաքս եւ Խոյ համայնքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Ակունք, Շիրակի մարզի Անի, Աշոցք, ինչպես նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում տարբեր հզորությամբ մանկապարտեզների կառուցման եւ վերակառուցման համար: Շուրջ 1,5 մլրդ դրամ է նախատեսված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի 18 դպրոցի վերանորոգման համար: Համաձայն որոշման՝ եւս 600 մլն դրամ նախատեսված է Շիրակի մարզի Գետափի կրթահամալիրի կառուցման նպատակով: