Քաղաքականություն

Անցում դեպի բռնատիրություն

Անցում դեպի բռնատիրություն

Ոստիկանությունը կամ իրավապահ համակարգն ամբողջությամբ Հայաստանի պես երկրներում միշտ պաշտպանում է իշխանությանը, ինչպիսին էլ այն լինի՝ ավտորիտար, թե թույլ: Ժողովրդավարության պայմաններում այն ապահովում է հասարակական կարգը եւ պաշտպանում քաղաքացիների իրավունքները: Իր շարժումը նիկոլական Հայաստանն սկսեց «ագորային», այն է՝ որոշումների կայացման թափանցիկություն ու հրապարակայնություն ապահովելու խոստումներով, եւ շատ արագ անցում կատարեց դեպի ավտորիտար կառավարում: Իսկ այս օրերին կատարվում է անցում դեպի խիստ բռնատիրություն: Որովհետեւ հանուն անձնական իշխանության պահպանման՝ ռազմական հեղաշրջման մասին մամուլով կեղծ նարատիվներ շրջանառելն ու դրանց հիման վրա Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ ու արքեպիսկոպոսներ կալանավորելը վկայում են հենց խիստ բռնատիրական համակարգին բնորոշ երեւույթի մասին: 
Ինչո՞ւ եմ դա վստահորեն պնդում: Որովհետեւ 90-ականների վերջից աշխատելով լրատվական գործակալությունում, այնուհետեւ` հասարակական կազմակերպությունում, ծանոթացել եմ հանրապետության ներքին կյանքին: Սկզբում դա արել եմ չեզոքության դիրքերից, բայց շատ արագ անցել եմ ընդդիմության շարքերը, քանի որ գրագետ ու հայրենասեր անձը չի կարող չլինել ընդդիմադիր: Ընդդիմադիր թե՛ նախկիններին եւ թե՛ հատկապես գործող իշխանությանը: Եվ, որպես այդպիսին, համեմատելով նախկինների ու նիկոլական իշխանությունները՝ կարող եմ վստահ պնդել, որ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք Հայաստանը շատ ավելի ժողովրդավարական էր, քան այսօր է: Չնայած այն ժամանակ Արեւմուտքը համարում էր, որ մեր երկիրը գտնվում է, այսպես կոչված, անցումային փուլում, իսկ դեռ երեկ այն բնորոշում էին որպես «ժողովրդավարության փայլուն աստղ»: 

Իրականում, Հայաստանը բազմաթիվ առումներով ու անգամներով նահանջել է իրական ժողովրդավարությունից: Ու դրա վերջին վկայությունը կեղծ նարատիվների հիման վրա կատարված ձերբակալություններն են: Ինչը նույնիսկ ողջունվել է իրական ժողովրդավարական երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահի կողմից: Ի դեպ, վերջին մեկ շաբաթում Ֆրանսիայում երկու տարօրինակ ինքնասպանություն (ըստ առաջին արձագանքի) է տեղի ունեցել: Առաջինը նախագահ Մակրոնի կնոջ սեռափոխության առումով բացահայտումներ անող բժիշկն էր: Նա իրեն դուրս է գցել տան պատուհանից: Մյուսը Մակրոնին 2017 թվականի կոռուպցիոն գործարքի մեջ մեղադրող ընդդիմադիր պատգամավոր էր, որը կախվել է իր տանը: Այն հարցը, թե ինչու պետք է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը կախվի, մնում է բաց: Նույն ձեւով բաց է մնում առաջինի մահվան հարցը, որ խոստացել էր հրապարակել իր հավաքած փաստերը: Երկուսն էլ, ինչպես բնութագրում են նրանց ճանաչած մարդիկ, ինքնասպանության մոլուցքով չեն տառապել: Ու չէին կարող տառապել, եթե ակտիվ հանրային կյանքով էին ապրում եւ մոտակա օրերի համար անելիքներ էին պլանավորել: Այդպես ուղղակի չի լինում:

Ինչեւէ, արեւմտյան ժողովրդավարությունները չնկատելու են տալիս Հայաստանի անցումը դեպի բռնատիրություն: Քանի որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը պետք է ավարտին հասցնի այն գործընթացը, հանուն ինչի իրեն աջակցել են փողոցի բռնի ուժով իշխանությունը գրավելու հարցում, իսկ դա հենց հեղաշրջում է, որ կա: Եվ թե հատկապես իշխանությունը պահպանելու գործում: Փաստորեն, իրական հեղաշրջմամբ իշխանություն գրաված անձն ընդդիմադիրներին մեղադրում է հեղաշրջում, այն էլ՝ ռազմական, կազմակերպելու մեջ, կարծես թե ինքը կուսական ժողովրդավարության պրոդուկտ է: Ինչեւէ, վերը նշված անձին աջակցելու գործընթացն ունի երկու կողմ: Մեկը Հայաստանի հարավային տարածքով եւ դրա հաշվին թյուրքական աշխարհի միասնականությունն ապահովելն է: Եվ որպես առաջին նպատակի ածանցյալ՝ մեզ հարեւան Իրանը հյուսիսից թյուրքական տարրերով շրջափակելն է ու արտաքին աշխարհից կտրելը: Երկրորդը Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելն է ու, ինչպես Իրանի դեպքում է, նրան շրջափակելը, բայց իր դեպքում՝ հարավից: Իսկ թյուրքախոս աշխարհի միասնություն ապահովելով էլ՝ Ռուսաստանը մասնատելն ու նրան թուլացնելը: Դա այն նպատակն է, որը դրվել էր ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցելու հիմքում ու, ինչպես երեւում է, գնում է դեպի ամբողջական տապալում:    

ՀԳ. Անկեղծ ասած, նախագահ Մակրոնի վերաբերյալ այդ պատմություններն ինձ բացարձակ չէին հետաքրքրի, եթե վերջինս չողջուներ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վերջին գործողությունները: Ինչ վերաբերում է այդ երկու տարօրինակ մահերին, ապա աշխարհում բազմաթիվ նման իրադարձություններ են տեղի ունենում, ինչն այս օրերին դուրս է իմ հետաքրքրությունների շրջանակից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image