Հասարակություն

Պառակտումը, այն էլ՝ եկեղեցական հողի վրա, շատ մեծ ճոխություն է հայ ժողովրդի համար

Պառակտումը, այն էլ՝ եկեղեցական հողի վրա, շատ մեծ ճոխություն է հայ ժողովրդի համար

Հոկտեմբերի 26-ին Մայր Աթոռում եւ Հովհաննավանքում տեղի ունեցած եկեղեցական արարողությունների մասին, բնականաբար, դեռ կխոսվի։ Ու կխոսեն թե՛ նրանք, որ կոմպետենտ են խոսելու, թե՛ նրանք, որոնց մոտ աստվածաբանության կամ կրոնի իմացությունը չի հատում սիրողական մակարդակը, թե՛ նաեւ նրանք, որոնց համար այս ամենն ընդամենը ներքաղաքական պայքարի կենտրոն բերելու լավ առիթ է։ Տողերիս հեղինակի համար տեղի ունեցածը տխուր փաստի արձանագրում է։ Սակայն միաժամանակ ե՛ւ Մայր Աթոռում եկեղեցական արարողության մասնակիցներն են ինձ համար շարունակում մնալ հայ ու Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ե՛ւ Հովհաննավանքում տեղի ունեցած եկեղեցական արարողության մասնակիցները։ Երկու կողմում էլ, ինչպես ընդունված է ասել, «մերոնք» են։ Առհասարակ՝ սխալ եմ համարում «մերոնք-ձերոնք», «Քրիստոսին հաղորդակցվողներ-Նիկոլին հաղորդակցվողներ» զատորոշումը եւ, ընդհանրապես, ցանկացած նման զատորոշում, որովհետեւ զատորոշումը նախաքայլն է պառակտման։

Իսկ պառակտման նման «ճոխություն» մենք մեզ թույլ տալ չենք կարող ո՛չ հայրենիքում՝ լինի պատմական կամ իրական, ո՛չ սփյուռքում՝ լինի հին, թե նոր սփյուռքը։ Տեղի ունեցածը եւ տեղի ունեցողն ինձ համար պարզապես մի փուլ է մեր ժողովրդի եւ եկեղեցու պատմության մեջ։ Թե սերունդներն ինչպես են այս օրերը որպես պատմություն արձանագրելու եւ հիշելու, որոնք ապրում ենք այսօր, ցույց կտա ժամանակը։ Ի վերջո, Աստված ու ժամանակը եւ հատկապես Աստված, որ Տերն է նաեւ ժամանակի, ամենամեծ դատավորն է լինելու։ Ասել եմ ու նորից ասելու եմ՝ երբեք չեմ եղել Առաքելական եկեղեցու ջերմեռանդ հավատացյալ, սակայն նաեւ չեմ ուզենա, օրինակ, որ տեղի ունեցողն այնքան խորանա, որ Հայաստանում էլ լինի եկեղեցական այն պատկերը, ինչը կա այսօր Ուկրաինայում։

Այլ խոսքով՝ չեմ ուզենա, որ իրար կողք-կողքի առճակատման պայմաններում գոյատեւեն կանոնական առաքելական եկեղեցու եւ այլընտրանքային առաքելական եկեղեցու համայնքներն ու հետեւորդները։ Թող ներվի, սակայն սփյուռքում տխուր նախադեպ կա, երբ նույն քաղաքում առկա են էջմիածնական առաքելական եկեղեցու եւ անթիլիասական առաքելական եկեղեցու համայնքներ։ Ու դա շատ վատ է, որքան էլ պատմականորեն գիտակցենք, թե որքան կարեւոր են Էջմիածինն Անթիլիասի համար եւ Անթիլիասը՝ Էջմիածնի համար։ Կրոնական հողի վրա պառակտումը սարսափելի բան է։ Նույնիսկ մենք, որ, ի տարբերություն ուղղափառների, ավելի սառն ենք նման հարցերում, կանգնած ենք լուրջ վտանգների ռիսկի առաջ։

Ասել եմ ու կրկնում եմ՝ ճիշտ ճանապարհը լեգիտիմ ձեւով հարցը լուծելն է․ կա խնդիր, ուրեմն Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնապես պահանջեն, որ գումարվի Ազգային-ակեղեցական ժողով՝ քննարկելու եղած խնդիրների ողջ փաթեթը, ու լուծում տրվի, որը կարող է լինել, օրինակ, Աթոռակից կաթողիկոսի ընտրությունը կամ ժամանակավոր կերպով Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդի նշանակումն Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, եթե նման որոշման հանգի ԱԵԺ-ն, մինչեւ իրավիճակը հանգուցալուծվի։ Երկու ինստիտուտի մասով էլ՝ թե՛ Աթոռակից կաթողիկոսի, թե՛ Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդի, նախադեպեր կան եւ ոչ թե միջնադարի պատմական փուլի, այլ մեր ժամանակակից պատմական փուլի շրջանակներում։ Կարծում եմ, որ անդառնալիության կետը դեռ չի հատվել, ու քանի դեռ տեղ կա, պետք է անել ամեն բան՝ այդ կետը չհատելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image