Նոյեմբերի 7-ին, ուրբաթ օրը, «Հրապարակի» խմբագրությունում ստացել ենք ՀԿԱԾ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Լեւոն Սիմոնյանի ստորագրությամբ որոշում՝ կատարողական վարույթ հարուցելու մասին, որում, հղում անելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված Կատարողական թերթի, պահանջվում էր hraparak.am համացանցային կայքից հեռացնել Լուսինե Պետրոսյանի «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» վերատառությամբ հոդվածը՝ հրապարակված 23.09.2025թ-ին։ ՀԿԱԾ-ից ստացված գրությունը կից հրապարակում ենք։
Ընդսմին ֆիզիկապես ստացել ենք միայն այդ գրությունը, որի բովանդակությունից չի էլ հասկացվում, թե պահանջի կատարման ինչ ժամկետ է տրված։ ՀԿԱԾ-ից ասացին, թե խմբագրության էլեկտրոնային փոստին այլ փաստաթղթեր էլ են ուղարկվել, դրանցում արտացոլված են ժամկետներ, սակայն խմբագրության էլեկտրոնային փոստում ՀԿԱԾ-ից որեւէ հաղորդագրություն չկա։ Արդեն e-Request հարթակով գրավոր դիմել ենք ՀԿԱԾ, որպեսզի կատարողական վարույթ հարուցելու որոշմանը կցված որեւէ այլ փաստաթղթեր, որոնք ուղարկվել են էլեկտրոնային փոստով, վերստին ուղարկվեն փոստային առաքմամբ, թղթային տարբերակով։ e-Request-ի համակարգ մուտքագրված դիմումի համարն է հ․1704845 08-11-2025թ։
Գալով ՀԿԱԾ-ի ուղարկված որոշմանը, դատական գործի հարուցման մասին չտեղեկացած՝ դատարանից ՀԿԱԾ ուղարկված Կատարողական թերթի մասին տեղեկանալ միայն փաշինյանական սոդոմ-գոմորում է հնարավոր։ Դա էլ շնորհիվ նրա, որ Քաղ․ դատ․ օր․ գործող խմագրությամբ թույլատրված է հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջոցի միջնորդություն ներկայացնելու դեպքում, հայցադիմումի օրինակը պատասխանողին չուղարկել, դատարանը հայցի ապահովման միջոցի միջնորդությունը քննարկի, որոշում կայացնի, դրանից հետո պատասխանող անձը տեղեկանա, որ իր դեմ դատական հայց է ներկայացված։ Մի ավելի տխմար մեխանիզմ էլ կա, կարելի է սկզբնապես այսպես կոչված նախնական հայցի ապահովման դիմում ներկայացնել դատարան, երկու շաբաթ հետո՝ նոր հայցադիմումը։
Այդուհանդերձ, պատասխանող կողմին առանց տեղեկացնելու նրա դեմ հայց ներկայացնելը եւ հայցի ապահովման միջոց կիրառելը, որքան էլ կամայականություն լինի, չի կարող վերածվել ամենաթողություն եւ իրավական вакханалия-ի, քանի որ գոյություն ունեն Քաղ․ դատ․ օր․ 128-րդ եւ 361-րդ հոդվածներ։ 128-րդ հոդվածով սահմանված են հիմքերը, որոնց դեպքում կարող է հայցի ապահովման միջոց կիրառվել։ 361-րդ հոդվածում էլ ամրագրված է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված հայցի ապահովման միջոցի կիրառման որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման ( «Հոդված 361 1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` ․․․3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները»), ինչը անվերապահորեն նշանակում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը պետք է տրամադրվի պատասխանող կողմին եւ տրվի այն բողոքարկելու ժամկետ։
Դատելով datalex.am հարթակում առկա տվյալներից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի (Արաբկիրի նստավայր) դատավոր Ռուբեն Բունիաթյանն է դատավորը, ով կայացրել է իմ «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածը, ենթադրելի է՝ որպես հայցի ապահովման միջոց, կայքից հեռացնելու մասին որոշումը եւ ուղարկել է հարկադիր կատարման՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորություն եւ ժամկետ տալու։ Այդքանով էլ կոպտագույնս ոտնահարել է 361-րդ հոդվածում ամրագրված դատավարական իրավունքի նորմը։ Ինչպես ստորեւ կփաստարկենք՝ խախտվել են նաեւ 128-ով հոդվածով սահմանված նյութական իրավունքի նորմերը։
Պարզ է, որ երկուշաբթի կդիմենք Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, կպահանջենք պաշտոնապես տրամադրել դատավոր Ռուբեն Բունիաթյանի կայացրած որոշման օրինակը, որի հիման վրա ՀԿԱԾ-ում կատարողական վարույթ է հարուցվել, եւ տրամադրելուց հետո որոշումը վերաքննության կարգով կբողոքարկենք՝ կասեցնելով դրա գործողությունը մինչեւ վերաքննության ավարտ։ Միաժամանակ ՀԿԱԾ-ում կայացված Կատարողական վարույթ հարուցելու որոշման դեմ վիճարկման հայց եւ որոշման գործողությունը կասեցնելու միջնորդություն կներկայացնենք ՀՀ Վարչական դատարան։ Դատավարական ընթացակարգերի մասին այսքանը, ընթացքի եւ արդյունքների մասին կտեղեկացնենք։
Գալով դատավոր Ռուբեն Բունիաթյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման մեջ նյութական իրավունքի նորմերի ոտնահարման հարցին, ապա Քաղ, դատ․ օր․ 128-րդ «Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը» հոդվածում սահմանված են դեպքերը, որոնց հիմքով կարելի է հայցի ապահովման միջոց կիրառել։ «1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին»:
Այժմ հարց՝ 128-րդ հոդվածում թվարկված ո՞ր հիմքով է դատավոր Ռուբեն Բունիաթյանը որոշում կայացրել պարտավորեցնելու «Հրապարակ» օրաթերթին համացանցային կայքից հեռացնել «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածը։ Հոդվածի առկայությունը անհնա՞ր է դարձնում դատական ակտի կատարումը, եթե դիցուք երեւակայենք, թե տարիներով, երեք ատյաններով դատաքննություն ընթանալուց հետո հանկարծ ակտ ընդունվի, թե «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածում որեւէ փաստ չի համապատասխանում իրականությանը եւ հոդվածը պետք է հեռացվի։ Պարզ է, որ հոդվածի առկայությունը կայքում ոչնչով չի կարող խոչընդոտել դատարանի համապատասխան վճռի դեպքում՝ կայքից դրա հեռացմանը։
Իսկ եթե մեկնաբանվի, թե 23.09.2025թ-ի «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածի առկայությունը hraparak.am կայքում «էական վնաս» կարող է հասցնել հայցվոր Հովնան (Կորյուն եպս․) Բաղդասարյանին, ապա ի գիտություն դատավոր Ռուբեն Բունիաթյանի, հնարավոր վնասը արդեն հասցվել է, եւ դատելով հոդվածի դեմ հայցի փաստից՝ նշանակալի արդյունավետությամբ։ Հոդվածը իմ կողմից գրվել եւ հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, այն նպատակով եւ մտադրությամբ, որ դրա բովանդակությանը եւ շարադրվող անհերքելի փաստերին տեղյակ դառնան հաջորդ օրը՝ 2025թ-ի սեպտեմբերի 24-ին Երուսաղեմում գումարվող Սրբոց Յակոբեանց միաբանության Ընդհանուր միաբանական ժողովի անդամները։
Սեպտեմբերի 24-ին, Միաբանական ժողովում հայցվոր Հովնան (Կորյուն եպս․) Բաղդասարյանը կատարելապես ջախջախվել է։ Միաբանական ժողովը մերժել է ոչ միայն Armenian Gardens տարածքի վարձակալության գործարքի վերաբերյալ միջնորդ-հաշտարարի առաջարկները, ում հետ մեկեւկես տարի բանակցողն ու առաջարկներն էլ կրծքով պաշտպանողը Հովնան Բաղդասարյանն է եղել, այլեւ Միաբանական ժողովի որոշմամբ հակականոնական, անվավեր, առ ոչինչ է հայտարարվել բուն 2021-ին Xana Gardens LTD-ի հետ կնքված վարձակալության գործարքը, ինչի գերանհրաժեշտության մասին նախադասությամբ էլ սկսվում էր իմ հոդվածը։ Պարզ է, որ Միաբանական ժողովի որոշումը հայցվոր Հովնան Բաղդասարյանի բարոյական, իրավական, կրոնական ֆիասկոն էր։ Եվ եթե Միաբանական ժողովից մեկեւկես ամիս հետո Հովնան Բաղդասարյանը դեռ այնպես է այրվում, հանգստանալ չի կարողանում, որ իմ հոդվածի դեմ դիմել է դատարան, նշանակում է հոդվածը ոչ երկրորդական դեր է կատարել այդ ֆիասկոյի մեջ։ Նման արդյունքին տեղեկանալը ինձ ավելի քան հաճելի էր, անկեղծորեն ուրախ եմ դրա համար եւ դա պատիվ եմ համարում։
Իսկ նոր վնաս հայցվոր Հ․ Բաղդասարյանին սեպտեմբերի 23-ին հրապարակված «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածը որեւէ կերպ հասցնել չէր կարող, որ կայքից հեռացվելն էլ իբրեւ թե վնասը կանխի։ Հոդվածի դերակատարությունը եղել եւ ավարտվել է 2025թ․ սեպտեմբերի 24-25-ին։ Հետեւաբար, գոյություն չունի Քաղ․ օր․ 128-րդ հոդվածի նախատեսած որեւէ պայման, որի հիմքով դատավոր Ռուբեն Բունիաթյանի «Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում» հոդվածը hraparak.am կայքից հեռացնելուն պարտավորեցնելու որոշումը հնարավոր լինի համարել օրինական։
Նոր էական վնաս Հ․ Բաղդասարյանին կարող է հասցնել միայն դատական գործընթացը, որ ինքը կարճամտորեն սկսել է։ Ես միայն ուրախ եմ, որ հոդվածը դառնում է դատական քննության առարկա, ինչը թույլ կտա հայցվոր Հովնան Բաղդասարյանին Երուսաղեմից բերման ենթարկել Հայաստան, դատարանի դահլիճ եւ հարկադրել պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ էր գիտակցաբար եւ հետեւողականորեն ռաբբիական կրթության ճանապարհ ընտրում՝ տարիներով Jewish texts ուսումնասիրում՝ արտաքուստ քրիստոնյա հոգեւորական ներկայանալով, ինչո՞ւ էր միջոցների մեջ խտրություն չդնելով կարողացածն անում ընդդեմ հայոց շահերի, որպեսզի Հին Երուսաղեմի Հայկական թաղամասի 12.000քմ, կամ թեկուզ 7․000քմ մակերեսով հողակտորի հանդեպ, այն էլ Սիոն լեռան կատարին, իսրայելցի՝ կեղծարարություններով եւ հանցագործություններով աչքի ընկած գործարար Danny Rothman-ի՝ Արաբական Էմիրություններում գրանցած Xana Gardens ընկերության վարձակալությունը օրինականացվի, ինչը համազոր կլիներ այդ տարածքի փաստացի կորստյան։ Դա անում էր նյութակա՞ն ակնկալություններից դրդված, թե՞ Իսրայելին մատուցվող ծառայությունների դիմաց պատրիարքությունում կարիերային վերելքի հավակնություններով։
Ես միայն ուրախ կլինեմ Հովնան (Կորյուն եպս․) Բաղդասարյանին դատարանում տեսնելու։ Մանավանդ, իր մտավոր կարողությունների առնչությամբ տպավորություն եւ կարծիք ունեմ։ Դատավարությունը հնարավորության կտա շատ ավելին, քան գրված է հոդվածում, հրապարակայնացնել դատարանում՝ լուսաբանման անհամեմատ մեծ ինտենսիվությամբ եւ ծավալով։ Դրանից հետո վախենամ՝ առհասարակ Հովնան Բաղդասարյանին կարգալույծ անելու թեմա ծագի։ Եվ վերջում, լոկ սպորտային հետաքրքրության մի հարց՝ ՀՀ չգիտեմ որ մարզի որ գյուղում ծնված, ենթադրաբար ծննդավայրում էլ հաշվառված, Հ․ Բաղդասարյանը ինչպե՞ս է դիմել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատելով ԿԸՀ Ընտրողների ռեգիստրից բացակայելու հանգամանքից, այդ անձը ՀՀ հաշվառում, հավանաբար նույնիսկ քաղաքացիություն էլ չունի։ Հնարավո՞ր է ՀՀ դատարան է դիմել որպես Իսրայելի քաղաքացի։ Ավելի ստույգ՝ իսրայելյան սուբյեկտների շահերը առանձնակի սպասարկած եւ ծառայություններ մատուցած քաղաքացի։

