Հասարակություն

Ինչու են Հայաստանի իշխանությունները տառապում «ցորենացավով»

Ինչու են Հայաստանի իշխանությունները տառապում «ցորենացավով»

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հանդես էր եկել Հայաստանին վերաբերող հայտարարությամբ, որով ԱՄՆ իշխանություններին մեղադրում էր Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հարաբերությունները փչացնելուն ուղղված գործունեություն իրականացնելու մեջ: «Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվա-քարոզչական արշավ, որը նախատեսում է այդ թվում նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության վարկաբեկումը, նյութերի տարածումը մեր երկիր վաստակի համար եկած հայ քաղաքացիների «ճնշումների» մասին», «Հանուն ԱՄՆ գլխավորած, այսպես կոչված, քաղաքակրթական հանրությանը շփվելու «բարձր նպատակի»՝ հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, պետք է վճարի սեփական ավանդույթներից, ազգային հանրային կարգից եւ ԵԱՏՄ մերձավոր գործընկերների հետ Հայաստանի շահերին համապատասխանող կայուն առեւտրատնտեսական կապերից հրաժարմամբ, որոնք էլ վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը։

Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»,- ասված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարությունում։ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ չպատասխանեցին այս հայտարարությանը, թեեւ կարող էին գոնե հայտարարել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ, այդ թվում՝ եւ Ռուսաստանի կամ նրա ստեղծած կառույցների: Բայց դա Հայաստանի իշխանությունների գործն է, գուցե նրանք մեզնից լավ գիտեն, թե իրենց գործունեությունը որտեղից է ուղղորդվում եւ ում դեմ է ուղղված, եւ կեղծ հերքումների կամ արդարացումների կարիք չեն տեսնում:

Ի՞նչը կարող էր Ռուսաստանին եւ նրա հատուկ ծառայությանը մղել նման հայտարարություն տարածելուն, սա դատարկ մեղադրա՞նք է, թե՞ դրա տակ կան ինչ-որ փաստեր: Այն, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն վարում են հակառուսական քարոզչություն, փաստ է եւ նորություն չէ: Բայց գործնական կյանքում Հայաստանը շարունակում է տնտեսական հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ, ինչի մասին խոսում են նաեւ Վլադիմիր Պուտինը եւ այդ երկրի մյուս պաշտոնյաները: Հենց նրանց խոսքով է, որ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կարող է հասնել ռեկորդային 16 միլիարդ դոլարի, մի թիվ, որը Ռուսաստանը չունի Հայաստանից անհամեմատ մեծ եւ տնտեսապես հզոր հարեւանների, ինչպես, ասենք` Ուզբեկստանի հետ, որի հետ ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է հասնել 10 միլիարդի: Իհարկե, Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրի մեջ գերակշռում է վերաարտահանումը, բայց նույնը տեղի է ունենում նաեւ Ռուսաստան-Ուզբեկստան առեւտրատնտեսական հարաբերություններում: Ինչո՞ւ պետք է նման տպավորիչ արդյունքի դեպքում Ռուսաստանի ԱՀԾ-ն հայտարարություն աներ առեւտրատնտեսական կապերից հնարավոր հրաժարման մասին:

Ռուսաստանի ԱՀԾ հայտարարությունից առաջ ՀՀ իշխանության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ արել էին հայտարարություններ, որոնք կարող էին նման եզրահանգման գալու համար հիմք ստեղծել: Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարել, էր որ Հայաստանը մտադիր է ցորենից անցնել բրնձի օգտագործման, ցորենը փոխարինել բրնձով: Շատերն այս հայտարարությունն ընկալեցին որպես Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները խզելու մտադրության խոստովանություն: Ցորենն ռազմավարական նշանակության այն ապրանքն է, որի բացակայությունը կամ դեֆիցիտը կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների: Եթե Հայաստանը որոշել է խզել առեւտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ, պետք է սկզբում մտածի, թե ինչով է փոխարինելու ռուսական ցորենը, Հայաստանի ներքին արտադրությունը հազիվ բավարարում է ներքին պահանջարկի 20 տոկոսը, մնացած 80-ը` տարեկան մոտ 300 հազար տոննա, ներկրվում է Ռուսաստանից: ԱԽՔ Արմեն Գրիգորյանը որոշել է, որ ցորենը կարելի է փոխարինել բրնձով: Մի քիչ ավելի բանիմաց մարդիկ հասկացան եւ հուշեցին, որ դա անհեթեթություն է, պետք է ավելի ողջամիտ այլընտրանք առաջարկել: Ավելի ճիշտ՝ Գրիգորյանն իր հայտարարությամբ հող նախապատրաստեց հերթական քայլերի համար: 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ իրենք ցորենի ներկրման հարցով բանակցում են այլ երկրների հետ: «Ցորենի ներմուծման այլընտրանքներ ենք դիտարկում: Քննարկում ենք մի քանի երկրի հետ, ընդ որում, ուղիղ ասում եմ, սա որեւէ երկրի դեմ չէ։ Եթե մենք ներմուծեինք մեր ցորենի 99%-ը, պայմանական` Ռումինիայից, ես ՌԴ-ի հետ կբանակցեի ցորեն ներմուծելու համար»,- ԱԺ-ում ասել էր Պապոյանը: Քանի որ հիմա ցորենի 99 տոկոսը ներկրվում է ոչ թե Ռումինիայից, այլ՝ Ռուսաստանից, Պապոյանի ասած երկրների տեղերը փոխելով կարող ենք հասկանալ, որ Հայաստանը ցորենի ներմուծման հարցով բանակցում է Ռումինիայի հետ: Իսկ ինչո՞ւ հենց Ռումինիայի:

Ուկրաինական ցորենը ծանր բեռ է դարձել Եվրամիության համար: Ուկրաինայի բնակչությունը գրեթե կիսով չափ կրճատվել է, իսկ ցորենի արտադրությունը մնացել է գրեթե նույնը: Ուկրաինան իր ցորենն արտահանում է հարեւան երկրներ` Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա: Լոգիստիկայի առումով ամենահարմար երկիրը Ռումինիան է, որի հետ, բացի ցամաքային սահմանից, Ուկրաինան ունի նաեւ ջրային հաղորդակցություն`լաստանավերով: Բայց ուկրաինական ցորենը գլխացավ է դարձել եվրոպական երկրների համար, քանի որ իրենք եւս ունեն ցորենի մեծ արտադրություն, իսկ ուկրաինական էժան ցորենն ազդում է ներքին շուկայի վրա, գցում է տեղի արտադրողների մրցունակությունը: Ավելի պարզ՝ եվրոպացիներին ուկրաինական ցորենը պետք չէ, բայց նրանք ստիպված են ներմուծել, որ ինչ-որ չափով աջակցեն ուկրաինացի արտադրողներին, Ուկրաինային: Չեն կարող փակել սահմանը եւ ասել` ինչ ուզում եք, արեք ձեր ցորենը, մեզ այն պետք չէ` ԵՄ-ն եւ Ուկրաինան դաշնակիցներ են: ԵՄ-ին պետք է ուկրաինական ցորենը վերաարտահանելու շուկաներ գտնել: 

Ամենայն հավանականությամբ, ԵՄ իշխանությունները Հայաստանի առաջ պահանջ են դրել, որ Հայաստանը ռուսական ցորենը փոխարինի ռումինականով, իրականում՝ ուկրաինականով, բայց այն Հայաստան կգա ոչ թե ուղիղ Ուկրաինայից, այլ՝ Ռումինիայից, ծովով դեպի վրացական նավահանգիստներ, այնտեղից էլ երկաթուղով՝ Հայաստան: Ուկրաինական ցորենը Հայաստանի եւ հայ սպառողների վրա ավելի թանկ կարժենա ռուսականից, որովհետեւ անցնում է բավական բարդ եւ դժվար ճանապարհ, մի քանի անգամ բեռնվում է եւ բեռնաթափվում, բայց կարեւորը՝ որ Հայաստանը կկտրվի ռուսական ցորենի մենաշնորհից, կունենա այլընտրանքային մատակարար: Ամեն ինչ հենց այդպես կներկայացվի:

Ահա թե ինչով է տարբերվում իրական ինքնիշխանություն ունեցող երկրի իշխանությունն օտարերկրյա կախվածություն ունեցողից. առաջինի դեպքում այն առաջնորդվում է իր երկրի շահերով, իսկ մյուս դեպքում` դրսից իջեցված հրահանգով, թեկուզ այն հանգեցնի «ինքնասպանության»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image