Օգոստոսի 8-ի եռակողմ «մեծ» փաստաթղթի ստորագրումից հետո Ալիեւի ախորժակը նկատելիորեն բացվել է: Նա այլեւս չի խոսում սահմանազատման ու սահմանագծման ճանապարհով Հայաստանից ինչ-որ կիսատ-պռատ հողակտորներ ճանկելու մասին: Սկսել է ամբողջական բաներ պահանջել, օրինակ՝ Սեւանը, ինչու ոչ՝ հետագայում նաեւ ամբողջ Հայաստանը: Դիմել է հայերին, թե դուք մեզնից մի վախեցեք, մենք կվերադառնանք ու միասին կապրենք մեր պապերի հինավուրց հայրենիքում: Կվերականգնենք մեր գյուղերի ու քաղաքների հին անունները, կով ա, ոչխար ա, բան ա, կպահեք, կապրեք: Ապագա Հայաստանի ղեկավարի պահով էլ ոչինչ չի ասել: Հավանաբար մտածում է՝ Բաքվից կնշանակի մեկին ու դրանով հարցը կլուծի վերջնականապես:
Ալիեւի այս կարգի հոխորտանքներին մենք, կարելի է ասել, արդեն սովորել էինք: Անսովորն այն է, սակայն, որ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացնում, այն էլ՝ այսպիսի լկտիությամբ, հաշվի չառնելով օգոստոսի 8-ի վերոնշյալ փաստաթուղթը, որ Նիկոլի հետ իր կոտրած ձեռքով է ստորագրել: Էն, որ Թրամփի ճանապարհը վերանվանեց «Զանգեզուրի միջանցք», դեռ ոչինչ, բայց դու տես, որ Սեւանն էլ է ուզում, Հայաստանն էլ, դեռ իր ժողովրդին էլ բերել Երեւան: Ահա, այսպիսի փորձանք…
Նիկոլն էլ, հակառակի պես, ժամանակ չունի Ալիեւի պորտը տեղը դնելու: Վեհարանը Վեհի, հայ բուդուր, պատարագ… Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար է առաջնորդում մարդը, ի՞նչ Ալիեւի ժամանակն է… Համ էլ՝ Ալիեւն ասաց, հո հենց վաղը չարե՞ց: Կխոսի, կխոսի, հետո կտեսնի, որ իրենից ավելի լավին չի ճարում, կսկսի աջակցել, որ վարչապետի աթոռին էլի ինքը մնա: Ընտրություններ են առջեւում, Ալիեւը մահապարտ հո չի՞, որ թողնի Հայաստանում իշխանության գան «ռեւանշիստներն» ու պահանջեն զորքերը հանել Հայաստանից: Եթե էդքան տղա էր, թող Հայաստան գար, բա ինչո՞ւ չեկավ… Վախեցավ, այո, որ «ռեւանշիստները» ցույց կանեն իր դեմ, կբացահայտեն իսկական դեմքը, քամուն կտան իր բոլոր «խաղաղասիրական» մտքերը:
Էն էլ կա, որ Նիկոլը հարմար տեղ չունի՝ մի լավ միջոցառում կազմակերպելու եւ Ալիեւին պատասխանելու համար: Ալիեւն իր վերջին հայտարարություններն արել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում, գիտնականների մեծ շրջապատում, իսկ Նիկոլը ո՛չ գիտությունների ակադեմիա է թողել, ո՛չ գիտնական, ո՛չ էլ մեծ շրջապատ: Գիտության հետ նրա վերջին շփումը Գյուղակադեմիան փակելու ժամանակ է տեղի ունեցել: Ակադեմիկոս, պրոֆեսոր, դոցենտ… Բոլորին հավասարեցրեց իրեն, դարձրեց ականջները կտրած ՔՊ-շնիկ: Ինքը կարող է, շատ-շատ՝ մի սիմֆոնիկ նվագախումբ հավաքել գլխին ու այդ համերգի ընդմիջմանը ոտքի վրա մի քանի բառ «փոխանցել» Ալիեւին:
Ինչեւէ, Ալիեւի՝ Սեւանի եւ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին հայտարարություններից հետո Նիկոլենք շոկի մեջ էին ու չգիտեին ինչ անել: Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը մի երկու խայտառակ բառ արտանետեցին եթեր ու միայն այդքանը: Ալենը հայ ժողովրդին հորդորեց չվախենալ, քանի որ Ալիեւը տանկի անուն չի տվել, իսկ Ռուբոն էլ Ալիեւին հորդորեց՝ ոչ թե հետ գնալ պատմության խորքերը, այլ առաջ գնալ: Հա, Պապիկյան Սուրենն էլ ձեւ տվեց, թե չի լսել Ալիեւի հայտարարությունները: Առայժմ՝ այսքանը: Մի քանի ժամ հետո, սակայն, պարզվեց, որ ՔՊ-ն ոչ միայն լսել է Ալիեւի հայտարարությունները, այլեւ՝ դրանցից հետեւություններ արել: Նրանց աչքում, ընդամենը մեկ երեկոյի ընթացքում, փուլ էր եկել Նիկոլի ամենակարողության մասին առասպելը: Հանկարծ պարզվել էր, որ այն, ինչ ասել ու արել էր Նիկոլը 2018 թվականից այսկողմ, ամբողջը բլեֆ է եղել, հանցագործություն, մատնություն, դավաճանություն… Իրենք էլ՝ այդ ք.քի մեջ: Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ «հաղթանակ», ի՞նչ Թրամփի ուղի, ի՞նչ խաղաղություն, ի՞նչ իրական Հայաստան, ի՞նչ այլընտրանքային քահանա… Ամբողջը բլեֆ է, բլեֆ ու բլեֆ: Ալիեւին հաջողվել էր նախաբունտային մթնոլորտ ստեղծել ՀՀ իշխանությունների մեջ: Նիկոլի արածների համար պատասխան տալու հեռանկարն այնքան պարզ էր ներկայացրել Ադրբեջանի նախագահը, որ այլեւս տեղ չէր թողել վերընտրվելու՝ նրանց երազանքներին:
Այստեղ արդեն արժանին պետք է մատուցել Նիկոլ Փաշինյանին: Կներեք, բայց շան հոտառություն ունի եւ իսկույն գործի անցավ՝ ՔՊ-ի ներսում հնարավոր բունտը ճնշելու համար: Ալիեւի հետ նույն երեկոյան հայտարարեց, որ դիմել է ՔՊ վարչությանը՝ իրեն ընդգրկելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական ցուցակում: Նիկոլի այս հայտարարությունը սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ ՔՊ-շնիկների վրա… Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ մինչեւ հունիս կարող են լափ ճարել կերակրատաշտում, իսկ դրանից հետո՝ որտեղ կտրի կապը… Առաջին ուշքի եկողներից մեկն Ալեն Սիմոնյանն էր, որ կրկնօրինակեց Նիկոլի հայտարարությունը ցուցակում ընդգրկվելու մասին… Տեսեք, տեսեք, մենք քաջ ենք, հավատում ենք մեզ ու մեր գործին… Կհանգստացնե՞ն ՔՊ-ին այս հայտարարությունները, կկարողանա՞ն նրանք հանդարտություն պահպանել՝ չեմ կարող ասել: Ամեն ինչ այս պահին Ալիեւից եւ իրավապահներից է կախված: Մեր իրավապահները լսե՞լ են Ալիեւի հայտարարությունները, ի՞նչ են մտածում այս պահին Նիկոլի մասին, որ դեռ երեկ իրենց աստվածն էր: Էն Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը լավ քայլ էր: Թող այսպես աստիճանաբար մոտենան Նիկոլենց տներին, ուրիշ ճանապարհ չկա, գուցե դեռ կկարողանան քավել իրենց մեղքը Հայրենիքի ու հայ ժողովրդի առաջ: Հարգելի իրավապահներ, եթե ձեր մեջ դեռ մի էսքան հայի ոգի կա, ապա չեղյալ արեք բոլոր շինծու գործերը, բանտերից ազատեք խելացի մարդկանց: Այդ դեպքում միայն մենք կկարողանանք ինչպես հարկն է պատասխանել Ալիեւին ու տեր կանգնել մեր կործանվող պետությանը: