Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների եւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման ուղղությամբ Նիկոլի կառավարությունը ոչինչ չի անում: Ընդդիմությունը սա բազմիցս ֆիքսել է եւ բազմիցս արժանացել ՀՀ իշխանությունների հակադարձումներին, թե ամեն ինչ արվում է մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Դուք մեզ խանգարում եք՝ ընդդիմությանն ասում են իշխանությունները: Ինչ պետք է եւ ինչ հնարավոր է, արվում է՝ հավատացնում է Նիկոլը, հավատացնում է Արարատ Միրզոյանը… Կոնջորյանը, որ Կոնջորյան է, նա էլ է հավատացնում: Իսկ մենք գիտենք, որ եթե ՀՀ իշխանությունները մի բան շատ են հավատացնում, ուրեմն ստում են, ժամանակակից բառապաշարով ասած՝ «տուֆտում» են:
ՀՀ իշխանությունները, մինչդեռ, կարող էին շատ բան անել այս հարցը փակելու ուղղությամբ: Օրինակ, կարող էին «խաղաղության պայմանագրում» ներառել կետ՝ հայ բոլոր գերիների վերադարձ: Գոնե նման առաջարկ արե՞լ են: Չգիտեմ, ամեն ինչ ծածկված է անթափանց վարագույրի հետեւում: Փոխարենը Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ չի վերադարձնի ռազմագերիներին: Ադրբեջանը չի կարող նման բան հայտարարել, դա դեմ է բոլոր միջազգային օրենքներին: Եվ մնում է միայն ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն էլ առաջարկել, որ նման հարց քննարկվի «բանակցություններում»: Ադրբեջանին, բնականաբար, ռազմագերիները պետք են՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար՝ շանտաժով լինի դա, վախեցնելով, թե մեկ այլ ճանապարհով: Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, եւ, պատկերացրեք, երբ տեսնի՝ չի կարողանում իր ուզածին հասնել, չի խնայելու անգամ Նիկոլ Փաշինյանին: Մենք հո գիտենք՝ ինչ պատերազմ է եղել Արցախի դեմ, ինչ դերակատարում են ունեցել ՀՀ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն այդ պատերազմում, ինչպես են համագործակցել Ադրբեջանի հետ, ինչպես են հանձնվել Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Լաչինը, մյուս տարածքները: Եվ սպասել, որ ՀՀ իշխանությունները, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ռազմագերիների հա՞րց կբարձրացնեն: Միամտություն: Ծպտուն էլ չեն հանի: Կարող է, չէ՞, Ալիեւն այնպիսի բացահայտումներ անել Նիկոլի մասին, որ Հայաստանում իսկույն անկայուն վիճակ ստեղծվի, եւ իշխանափլուզում տեղի ունենա: Գող՝ սիրտը դող. հենց այս վիճակում են այսօր ՀՀ իշխանությունները, լռում են ստիպված, ցույց են տալիս, որ Արցախի հարց ընդհանրապես չկա, Արցախ չկա, արցախցիներ չկան, ռազմագերիներ չկան: Ջայլամ տեսե՞լ եք… Սրանք ջայլամ են, մի բան էլ՝ շատ վախեցած ջայլամ:
Հիշո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում Հայաստանում, երբ Բաքվից «արտահոսք» եղավ, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Նշում էին, որ առաջիկա օրերին կհրապարակեն այդ հարցազրույցը: Ո՞ւմ էին լսեցնում կամ, որ ավելի ճիշտ կլինի, ո՞ւմ էին վախեցնում այդ լուրով: Հարցազրույցն այդպես էլ չհրապարակվեց: Ինչո՞ւ… Այո, որովհետեւ ով պետք է վախենար այդ հարցազրույցից, վախեցավ, պոչը մտցրեց ոտքերի արանքն ու տազ արեց, գուցե զանգեց Մհեր Գրիգորյանին՝ տես ինչ են ուզում դրանք, տուր, միայն թե խայտառակ չլինեմ: Բայց հարցազրույցը, եթե իսկապես նման բան կար, հո չանհետացա՞վ, կարող է, չէ՞, ՀՀ իշխանությունների գլխին այն եւս մեկ անգամ օգտագործվել որպես մահակ: Մյուս կողմից էլ՝ ո՞վ կարող է բացառել, որ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներից էլ նման հարցազրույցներ չեն վերցրել կամ մյուսներին էլ չեն ստիպել՝ ասել բաներ, որոնք, մեղմ ասած, կաթվածահար կանեն ոչ միայն Նիկոլին, այլեւ ողջ հայ ժողովրդին, որն առանց այն էլ կաթվածահար է Նիկոլի 6-ամյա իշխանությունից:
Կույրն ի՞նչ կուզի… Երկու աչք: Մարդակեր Ալիեւն ի՞նչ կուզի… Նիկոլի նման «հակառակորդ»: Այո, հենց Նիկոլի նման՝ վախկոտ, տգետ, փողի մեռած, պաշտոնի գերի, անանցյալ եւ անապագա: Ավելի կառավարելի էակ, քան Նիկոլի նման «հակառակորդն» է, չկա: Ադրբեջանի ոչ մի ղեկավար Նիկոլի նման նվեր չի ստացել իր կյանքում: Նվերն ի՞նչ է որ, գանձ, իսկական գանձ: Ուրիշ ո՞վ կարող էր Նիկոլի նման էշի տեղ դնել սեփական ժողովրդին ու ցույց տալ, թե ոչինչ տեղի չի ունենում՝ հեծանիվ քշեր, դալլաքություն աներ, կնոջը ճաշ եփելիս նկարահաներ, կնոջ հետ իր ինտիմ կյանքը պատմեր եթերում… Մի խոսքով՝ իրեն գժի տեղ դներ: Մարդ արդեն չի էլ իմանում՝ ադեկվատ է, ադեկվատ չէ, կարելի՞ է նրանից որեւէ պատասխանատվություն ակնկալել, թե՞ ոչ: Երանի ինչ-որ բան պատահի՝ կորչի, գնա: Մի գրող էլ չի կպնում, որ տեսնենք՝ ինչ կարելի է անել այս խայտառակությանը վերջ տալու համար:
Ի դեպ՝ Ադրբեջանի դատախազությունը մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել, որով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։ Ի՞նչ եք կարծում, Նիկոլն ու նրա կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեին այս նորությանը: Միայն թե չասեք՝ Արարատ Միրզոյանին պետք է թռցնեին Բրյուսել, որ անհրաժեշտ մարդկանց ոտքի հաներ: Ոչ, ոչ, Նիկոլը չէր կարող նման բան անել: Նա պետք է Աննայի հետ դուրս գար եթեր եւ պատմեր իրենց համատեղ կյանքը՝ ինչպես են հանդիպել, ինչպես են 4 երեխա ունեցել՝ դե յուրե ամուսնացած չլինելով: Երեւի Բաքվում էլ են զարմացել, թե էս ինչ գանձ ունեն իրենք՝ ի դեմս Փաշինյան ամուսինների:
ՀԳ. Սիրելի ընթերցող, իմ կարծիքով՝ այս ամենը շատ տխուր կլիներ, եթե այսքան զզվելի չլիներ: Ի՞նչ կասես: