Քաղաքականություն

Ապագան հասավ սոցապ

Ապագան հասավ սոցապ

Կարող ենք շնորհավորել սոցիալական ոլորտի բոլոր շահառուներին: Թորոսյան Արսենը վայրէջք կատարեց սոցապնախարարի աթոռին: Դա արդեն իսկ նշանակում է, սիրելի թոշակառուներ (տարիքային եւ այլ կարգի), որ դուք այլեւս ստիպված չեք լինի երկարաձգել ձեր չարքաշ կյանքի տարիները, որպեսզի սրանցից թոշակ ու նպաստ ստանաք: Թորոսյան Արսենը կարագացնի պրոցեսը: Նա շատ լավ է տիրապետում մարդկանց կյանքի տեւողության հետ կապված հարցերին եւ ձեզ թույլ չի տա երկար «տանջվել»:

Քովիդի ժամանակ նրա հիվանդները 7-8 օր էին ապրում, իսկ դուք, սիրելի թոշակառուներ, հավանաբար, կհասցնեք տանջվել ընդամենը 2-3 տարի: Իսկ դա ի՞նչ մեծ ժամանակ է, աչքներդ կբացեք, կփակեք ու չեք էլ հասկանա, թե որտեղ դրվեց ձեր փրկարար վերջակետը: Նույնիսկ չարժե թոշակի տարիքը լրանալուն պես վազել սոցապ՝ թոշակը ձեւակերպելու, որ նույնն է՝ Թորոսյան Արսենի նավսի տակ ընկնելու: Ավելի լավ է մարդ մնա հպարտ քաղաքացի, քան այս ողորմելի իշխանություններից թոշակ ստանա: 50 հազար դրամ են տալիս՝ 50 անգամ հետեւիցդ «չանչ» անում՝ երբ պիտի մեռնի էս բիձեն, ազատվենք սրանից: Արսեն Թորոսյանը, ուրեմն, եկել է, որ այդ պրոցեսն արագացնի եւ մեզ ազատի ավելորդ թուքումուր ուտելուց:
Արսեն Թորոսյանի մի լավ կողմն էլ այն է, որ թուղթ ու թարազուի հետ գլուխ չունի: Շատ պրագմատիկ է, մերժում է ավելորդ հաշվետվություններ ներկայացնելու պրակտիկան: Նրա համար ի՞նչ նշանակություն ունի՝ կենդանինե՞ր են անկել, թե՞ մարդիկ: Կարեւորը չոր թվերն են ու ոչ թե անկման պատճառները: Քովիդի ժամանակ ինչպե՞ս էր հաշվում, կհիշեք՝ քովիդ ընկավ՝ մեռավ, քովիդ ընկավ՝ մեռավ… Եվ այդպես՝ 7-8 հազար մարդ:  Առողջապահության նախարար էր այն ժամանակ… Թե դուք նրա հաշվետվությունը տեսել եք, ես էլ եմ տեսել: Նիկոլն էր, ինքն էր, մեկ էլ՝ Ավինյանը: Ո՛չ ստացված օգնությունների ծավալներն իմացանք, ո՛չ բուժման մեթոդների մասին լսեցինք: Գիտեինք, որ լափում են, բայց ինչքա՞ն՝ այդպես էլ չիմացանք:

Արմեն Սարգսյանը (քովիդի օրերին մենք այդպիսի նախագահ ունեինք) հեռավոր Քուվեյթներից ու Քաթարներից, իր կապերն օգտագործելով, ինքնաթիռներով դեղորայք ու սարքավորումներ էր բերում Հայաստան, որ Թորոսյան Արսենը կազմակերպեր քովիդով հիվանդների բուժումը: Այսօր ո՞վ է խոսում այդ ինքնաթիռների մասին: Թե բա՝ հաշվետվություն… Չէ-չէ մի՝ բրդած մածուն: Քովիդ ընկավ՝ մեռավ, քովիդ ընկավ՝ մեռավ, քովիդ ընկավ՝ մեռավ: Սա՝ դեռ Երեւանում: Մարզերում մեռնում էին, հետո էին քովիդ ընկնում: Այսօրվա պես եմ հիշում, թե ինչ էր կատարվում Լոռու մարզում: Չպատմեմ՝ շատ դաժան էր: Ո՞ւր էին Արմեն Սարգսյանի բերած դեղերն ու սարքավորումները, ինչո՞ւ էին քովիդով հիվանդներին ընդունում ԲԿ-ների նախասրահներում ու ճամփում զանազան ուղղություններով՝ մեռնելու: Արսեն Թորոսյանի, Նիկոլի ու Ավինյանի երեսից չփախա՞վ, արդյոք, Արմեն Սարգսյանը, որ այս խայտառակությունը ջրի երես չելնի:

Դե, իսկ ստեղծված իրավիճակում ամենաարագն ու ճիշտը կողմնորոշվեց երկրի թիվ մեկ աճպարարը՝ Նիկոլը: Նա Թորոսյանին ազատեց առողջապահության նախարարի պաշտոնից ու բերեց ԱԺ, որ այստեղ-այնտեղ ավելորդ բաներ չխոսի, եւ լափածի հետքերը թաքցվեն: Իսկ առողջապահության նոր նախարար ո՞ւմ նշանակեց՝ Անահիտ Ավանեսյանին,  մասնագիտությամբ իրավաբանի, որ կարգի բերի Թորոսյանի արխիվը, ու պոչեր չմնան:

Բայց պոչեր եւ հիշողություններ, այնուամենայնիվ, մնացին: Ավինյանի եւ Թորոսյանի միջեւ ինչ-որ անախորժություն եղավ, Թորոսյանի նկատմամբ նույնիսկ գործ հարուցվեց, որն այդպես էլ մարեց, կամ միտումնավոր կորցրին, որովհետեւ Թորոսյանն սպառնում էր անուններ տալ: Նիկոլին եթե հարցնեք, կասի՝ ես այդպիսի բան չեմ հիշում: Դե, իհարկե, չես հիշի… Հիմա էլ Արսենին տարար գործադիր, որ հանգիստ վեր ընկնի տեղն ու ձայնը վերջնականապես կտրի, չէ՞:

Քովիդի ժամանակների ամենավառ հիշողություններից մեկն էլ քովիդի քարտեզն է: Միլիոններ էին «ծախսել», որ, իբր, միլիմետրի ճշտությամբ իմանան քովիդով հիվանդների բնակության կամ մեկուսացման վայրերը: Տեսնես ի՞նչ եղավ այդ «թանկ» քարտեզը, որ այնքան օգնեց մեր իշխանություններին՝ թոզ փչելու հանրության աչքերին, թե տեսեք-տեսեք՝ գիտությունով ենք չալում:
Չէ, սիրելի թոշակառուներ, Արսեն Թորոսյանը ձեզ թույլ չի տա երկար «տանջվել»: Վերջերս, էն ե՞րբ էր, արտասահմանյան կայքերը գրել էին, որ Արսեն Թորոսյանն անմրցելի է նաեւ հատուկ դեղորայքների միջոցով երկրի բնակչության թվակազմը կարգավորելու գործում: Գարդասիլի պատմությունը՝ իր հերթին, այս անգամ գրել էին, որ Թորոսյանի միջոցով, փորձարկման նպատակով, զանազան արգելված դեղեր են բերվել Հայաստան եւ արդեն իսկ օգտագործվել: Իշխանությունները, բնականաբար, հերքեցին օտար կայքերի հրապարակումները, բայց նստվածքը, այնուամենայնիվ, մնաց: ԱԺ ամբիոնից հայհոյող Արսեն Թորոսյանից, ինչ է, նման բան սպասել չէ՞ր կարելի: Եվ Փաշինյանը, քննություն նշանակելու փոխարեն, Թորոսյանին կրկին բերում է գործադիր, այս անգամ՝ «կարգավորելու» պետության վզին նստած թոշակառուների թվաքանակը: Արսեն Թորոսյանի հետ ապագան հասավ սոցապ: Ծափ տվեք, արա:   
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image