Լոռվա մարզի Ստեփանավան համայնքում գործում է «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիր տնօրենը Ստեփանավանի ղեկավարի խորհրդական Լուսինե Հովհաննիսյանն է, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ըստ պետռեգիստրի՝ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին: Վերջերս էլ Ստեփանավանի ավագանին որոշեց քաղաքի վարչական տարածքում գտնվող, 16.29061 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով:
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում՝ համայնքի համար ժամանակակից տեխնիկա՝ 1 բեռնատար, 2 աղբատար, փողոցները լվացող եւ մաքրող մեքենա ձեռք բերելու համար: Հիմնադրամի տնօրեն Լամարա Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով է ստեղծվել հիմնադրամը, եւ Ստեփանավանի համայնքապետարանն արդյոք չի՞ կարողանում իր քաղաքի համար տեխնիկա գնել, որ հիմնադրամն է այդ կարիքը հոգում։ «Հիմնադրամը գործում է ի շահ համայնքի: Մենք համայնքապետարանի հետ ունենք կնքած հուշագիր՝ կոնկրետ տեխնիկայի համար, որ մենք ուզում ենք օգնել իրենց, ի՞նչ խնդիր կա»: Ի՞նչ միջոցներով եք օգնում։ «Կոնկրետ համայնքի կարող ուժերով կամ ծրագրերով: Նրանք, ովքեր ուզում են մեր կողմը լինել, հիմնադրամում միջոցների հավաքագրմանը չկա սահմանափակում:
Համայնքապետարանն ունի նման մեքենաներ, բայց չեն հերիքում: Շուտով համայնքում խոշորացում է լինելու, համայնքներ են միանալու, այս պահին էլ չեն բավականացնում աղբահանության համար: Մոտ 2 ամիս է, ինչ սկսել ենք դրամահավաքությունը, բավականին գումար ունենք հավաքված: Ամեն բան թափանցիկ է, մենք հրապարակում ենք արդյունքները եւ հաշիվները: Հիմնադրամին բոլոր գումարները փոխանցվել են բարերարների կողմից, համայնքապետարանը մեզ աջակից է, որովհետեւ գործում ենք ի շահ համայնքի»: Կասե՞ք, թե ով է հիմնադրամին ամենաշատ գումար փոխանցած բարերարը։ «Այս պահին չեմ կարող ասել, դա պետք է քննարկվի բարերարի հետ, նոր անունը հրապարակվի: Հետեւեք մեր ֆեյսբուքյան էջին, այնտեղ ամեն ինֆորմացիա տեղադրում ենք»: Արմեն Գրիգորյանը ե՛ւ համայնքապետ է, ե՛ւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որքա՞ն գումար է նա փոխանցել հիմնադրամին։ «Քաղաքապետը փոխանցում չունի կատարած: Մենք միայն բարեգործների միջոցով ենք անում»: