Մշակույթ

«Սպանություն արեւելյան ճեպընթացում»

«Սպանություն արեւելյան ճեպընթացում»

Ագաթա Քրիստիի «Սպանություն արեւելյան ճեպընթացում» դետեկտիվ ժանրի վիպակը կարելի է համարել 20-րդ դարի դետեկտիվի ամենից հայտնի գործերից մեկը, որը նաեւ բազմաթիվ անգամներ է էկրանավորվել։ Առաջին էկրանավորումը եղել է գրքի հրատարակումից մոտ չորս տասնամյակ անց։ Մյուս էկրանավորումները եղել են 21-րդ դարի ընթացքում։ Էկրանավորումների բազմազանության մեջ, կարծում ենք, ամենից հաջողվածներից մեկը Դեւիդ Սուշեի՝ Էրքյուլ Պուարոյի կերպարի մարմնավորմամբ կատարվածն է։ Կինոնկարի եւ վեպի սյուժեում հետեւյալն է․ 1930 թվականին Միացյալ Նահանգներում հանգսթերներն առեւանգում են Արմսթրոնգների ընտանիքի մանկահասակ աղջիկ երեխային՝ Դեյզիին։ Պահանջում են փրկագին, ստանում են, սակայն սպանում են երեխային։

Նկատենք, որ այս մասը պատմական վավերական իրադարձություն է։ Ագաթա Քրիստին հիմնվել է այն ժամանակներում հայտնի օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտության վրա։ Լինդբերգը, հիշեցնենք, առաջին օդաչուն էր, որ 1927 թվականին առանց ընդմիջարկության թռավ Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Այդ ողբերգության հետեւանքով մահացավ մի քանի մարդ՝ աղջկա ծնողները, դայակը։ Մինչդեռ սպանության մեղավոր Քասեթին անպատիժ մնաց։ Այն ժամանակների Ամերիկայում հեշտ էր կաշառել դատավորներին եւ դատախազներին։ Ու չգտնելով արդարություն՝ ընտանիքի բարեկամներն ու հարազատները, նաեւ՝ ծառայողները, որոշում են իրենք իրականացնել այդ արդարադատությունը։ Կարողանում են դասավորել այնպես, որ Քասեթին, որ այլ մարդու անունով էր ապրում, հայտնվում է Ստամբուլից Կալե մեկնող արեւելյան ճեպընթացում։ Ճանապարհին՝ Եվրոպայի ետնաբակ համարվող Հարավսլավիայում, նրանք սպանում են Քասեթիին եւ, ըստ պլանի, փորձում ամեն բան բարդել իտալական մաֆիայի վրա։ Սակայն գնացքում հայտնվում է Եվրոպա վերադարձող Էրքյուլ Պուարոն, որն էլ հետաքննում է գործը եւ պարզում ամեն բան, սակայն խնայում է ընտանիքի վրեժը լուծածներին եւ պաշտոնական մարմիններին ներկայացնում է մաֆիայի տարբերակը։ Կինոնկարն ունի հաջողված երաժշտական ուղեկցություն, որը ողջ ֆիլմի ընթացքում դիտողին պահում է լարված էմոցիոնալ վիճակում։ Հատկապես հետաքրքիր են ճշմարտությունն ասել-չասելու դիլեմայի առաջ կանգնած Պուարոյի ներքին պայքարն ու ապրումները, որոնք փայլուն կերպով է էկրանին փոխանցում Դեւիդ Սուշեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image