Քաղաքականություն

«Հրապարակ». Մահմեդական բոլոր աննշմար տոները շնորհավորում է, քրիստոնեական եկեղեցի չի այցելում

«Հրապարակ». Մահմեդական բոլոր աննշմար տոները շնորհավորում է, քրիստոնեական եկեղեցի չի այցելում

Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ խաչակրաց արշավանքներ հրահրող Նիկոլ Փաշինյանն առանձնակի հոգածություն եւ հարգանք է դրսեւորում այլակրոնության, մասնավորապես՝ մահմեդականության նկատմամբ։ Նա վերջին տարիներին շնորհավորում է բոլոր մահմեդական տոները: Իսկ նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով։

Վարչապետի աշխատակազմից մարտի 31-ին հայտնեցին, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել մեծ խումբ պետությունների ղեկավարների. «Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին, Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարիկ Ալ Սաիդին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին, գահաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Մաջիդ Թաբբունին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով»: 
Տասն օր առաջ էլ շնորհավորական ուղերձ էր հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Դրանից առաջ էլ Կուրբան-Բայրամն էր շնորհավորում:

Ամենեւին չենք դատապարտում այլակրոնության նկատմամբ հանդուրժողականությունն ու հարգանքը, առավել եւս, որ պետության ղեկավարի համար շնորհավորական ուղերձներ հղելն արարողակարգային, գուցե պարտադիր բնույթ է կրում։ Սակայն տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ խնդիր է դրել պեղել մահմեդական բոլոր, անգամ աննշմար տոները եւ շնորհավորական ուղերձներ հղել դրանց առիթով, բայց զուգահեռ անտեսել, արհամարհել քրիստոնեական տոները, խզել կապը հոգեւոր դասի հետ, եկեղեցի չգնալ՝ լինելով առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի ղեկավար։

Դիցուք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ գլխավոր կամ, եկեղեցական լեզվով ասած՝ «Տաղավար տոներ» ունի՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը եւ Խաչվերացը, որոնցից Փաշինյանը հիմնականում միայն երկուսի դեպքում է ուղերձներ հղում՝ Սուրբ Ծննդի եւ Զատկի (համենայնդեպս, բաց հարթակներում չգտանք այլ տոների առիթով հղված ուղերձներ), ընդ որում՝ դա անում է բացառապես «ներկա դնելու» համար, ո՛չ օրվա խորհուրդն է հասկանում, ո՛չ էլ, առավելապես, ապրում այդ խորհրդով։ Օրինակ, այս տարի Սուրբծննդյան տոնի առթիվ Դավթի Սաղմոսից էր  կարդում՝ իբրեւ ուղերձ․ «Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ սա փրկություն չունի Աստծուց, բայց դու, Տեր, իմ օգնականն ես»։ Նույն օրը նա Սուրբ Ծննդի առիթով հանրությանը հրամցրեց նաեւ իր հայտնի վետչինայով ձվածեղի բաղադրատոմսը, ավելին` արդեն քանի տարի է՝ եկեղեցի այցելելու եւ Սուրբծննդյան պատարագին մասնակցելու փոխարեն Փաշինյանն ու իր անհավատների խմբակը խորհրդանշական վայր են ընտրում՝ տոնը նշելու համար․ նրանք այցելում են Արագածոտնի մարզի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցի եւ համերգ լսում՝ կաթողիկոսի մատուցած պատարագի փոխարեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image