Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի շփումներում ակտիվ դինամիկա կա, բնականաբար՝ հայկական կողմի անարժանապատիվ ջանքերի ու Բաքվին «տրվելու» անհագուրդ ցանկությամբ լի: «Քայլ արա» կարգախոսով իշխանության եկած ՔՊ-ական ռեժիմը հիմա էլ որոշել է քայլ անել «խաղաղության» ուղղությամբ, բայց դրանք ոչ այնքան քայլեր են, որքան տեղապտույտ՝ սատանայի անիվի ռեժիմով:
Մտաբերենք այդ շփումների, որոշ իմաստով՝ ստորացուցիչ, երբեմն՝ վտանգավոր ժամանակագրությունը: Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երեւանյան կլոր-սեղանի մասնակիցներին եւ նշեց. «Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձեւաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են՝ դրական ազդելու մարդկանց միջեւ շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ միջոցառումը կազմակերպելու եւ դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարեւորությունը՝ ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը: Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին»:
Ըստ ժամանակագրության, հիշենք նաեւ, որ նոյեմբերի 17-19-ը Ստամբուլում կայացավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանը, որի շրջանակում հանդիպում ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Հայկական կողմի խոսույթը, ինչպես միշտ, «սիրառատ» էր ու պաթետիկ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել էր. «Առաջին անգամ այս վեհաժողովի պատմության մեջ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ Ժնեւում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, քննարկեցինք եւ ողջունեցինք ձեռք բերված խաղաղությունը, նաեւ քննարկեցինք 2 խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցության հարցեր, ինչպես երկու ֆորմատներում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, եւ հույս հայտնեցինք, որ այն խնդիրները, որոնք շարունակում են մնալ խնդրահարույց, այդ թվում եւ հումանիտար, շուտով կհասցեագրվեն»։ Թե ինչ խաղաղություն են ձեռք բերել, որ մենք չենք տեսնում, եւ մարդասիրական խնդիրների ներքո ինչ կամ ում նկատի ունեն՝ Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում տառապող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ու մյուս հայ ռազմագերիների՞ն: Կամ՝ ո՞ւմ են այս խոսքերը հասցեագրում՝ մարդատյաց, հայատյաց, մարդասպան Ալիեւի՞ն: Եվ ովքե՞ր են խոսում մարդասիրությունից, Արցախը հանձնած, արցախահայության արդար իրավունքները մեր խաղաղության ու ինքնիշխանության համար «վտանգ» համարող իշխանության ներկայացուցիչնե՞րը:
Վերադառնանք քաղհասարակությանը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների խումբը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաեւ խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջեւ ուղիղ կապերի հաստատման եւ խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքային շփումները եւ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան եւ Ադրբեջան։ Այցի շրջանակում տեղի է ունեցել նախաձեռնության անդամների հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Հիմա հարց. ադրբեջանցիներին պաշտոնական Երեւանն ընդունում է առանձնահատուկ՝ ԱԽ քարտուղարի մակարդակով, իսկ Բաքվում հայերին հանդիպում է Ալիեւի օգնականը: Նախագահի օգնականի կարգավիճակը համարժեք չէ ԱԽ քարտուղարի կարգավիճակին: Իսկ ի՞նչ են գրում ադրբեջանական ԶԼՄ-ներն այս այցի մասին․ կա՛մ կցկտուր ու տրաֆարետային տեքստեր, կա՛մ լռում են։ Ահա․ «Պաշտոնական մասից բացի, կազմակերպվել էր նաեւ մշակութային ծրագիր։ Հայ հյուրերն այցելել են Բուսաբանական այգի, Իչերիշեհեր, Շիրվանշահերի պալատ, Կույսի աշտարակ, Ծովափնյա բուլվար, Նիզամի փողոց, տիկնիկային թատրոն եւ Փոքր Վենետիկ։ Հաջորդ օրը նրանք այցելել են Աղ Շեհեր եւ շրջել Հեյդար Ալիեւի կենտրոնում՝ ուսումնասիրելով դրա մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները։ Մշակութային ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական պատվիրակության շրջանում եւ դարձել է այցի կարեւոր բաղադրիչ»։
Այսինքն՝ մերոնք հմայվել են Արցախին ու Հայաստանին «թիվ մեկ թշնամի համարող» Ալիեւի ոչ պակաս հայատյաց հոր՝ Հեյդարի թանգարանով եւ ադրբեջանական տեսարժան վայրերով էքսկուրսիա են գնացել.…
Իսկ հիմա՝ այս քաղաքական եւ տեղեկատվական նվաստացուցիչ «ապտակի» կիզակետը: «Հրապարակը» լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ անդրադառնալով Երեւանում նոյեմբերի 4-6-ը տեղի ունեցած «Օրբելի ֆորում 2025»-ին, որին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հրավիրել էր նաեւ Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից ներկայացուցիչներին։ Հայաստան էին եկել 2 ադրբեջանցի լրագրող, որոնց ծախսերը հոգացել է հայկական կողմը։ Այս փաստը հաստատել էր ՊՈԱԿ-ի աշխատակիցը: Ապա ուսումնասիրել էինք Azertac առցանց լրատվամիջոցը՝ հասկանալու, թե այցի շրջանակներում ինչ նյութեր են հրապարակվել ֆորումի եւ Հայաստանի կամ Հայաստանում գտնվելու օրերի մասին։ Պարզվում է՝ լրատվամիջոցը որեւէ նյութ չի հրապարակել «Օրբելի ֆորում 2025»-ի մասին, որի բանախոսներից երկուսն ադրբեջանցի էին, անգամ նրանց ելույթները չեն լուսաբանել։ Նոյեմբերի 3-7-ը Հայաստանին կամ հայերին վերաբերող միակ հրապարակումը եղել է հայ գերիների կեղծ դատավարության եւ 2 կարճ լուր Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի՝ Հայաստան տեղափոխման մասին։ Իսկ գլխավոր թեման 44-օրյա պատերազմին նվիրված Բաքվի զորահանդեսն ու այդ թեմայով Արցախում անցկացվող միջոցառումներն էին։
Հիմա տրամաբանական հարց․ ինչո՞ւ էին ադրբեջանցիները եկել Հայաստան, ու ինչո՞ւ էր գաղտնի պահվում նրանց այցը։ Ինչո՞ւ էր հայկական կողմը նրանց տեղավորել Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում եւ անվտանգության աշխատակիցներ տրամադրել, իսկ այցելության ծախսերն էլ հոգացել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Իրականում, սրանք ոչ թե հարցեր են, այլ՝ ցավալի փաստագրումներ, որոնք շարունակելի են։