Քաղաքականություն

ՔՊ-ի պարտության եւ անկման պատճառներից մեկը

ՔՊ-ի պարտության եւ անկման պատճառներից մեկը

Բոլոր նրանք, ովքեր ատում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը, ուրախացել, ոգեշնչվել են Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ դա համարելով ՔՊ-ի վերջնական իշխանազրկման նախանշանը: Իսկ ո՞րն էր այդ պարտության պատճառը, ինչո՞ւ է հասարակությունը կամ առնվազն նրա ճնշող մեծամասնությունը դադարել աջակցել Փաշինյանին, որին ընդամենը մի քանի տարի առաջ աստվածացնում էր, համարում փրկիչ: Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ ատելության տարբեր պատճառներ կարելի է նշել` ստախոսություն եւ տված խոստումները չկատարելը, պատերազմն ու պարտությունը, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, Արցախի հանձնումն ու հայաթափումը, Հայաստանի տարածքները պաշտպանելու անկարողությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն անվերապահ կատարելու պատրաստակամությունը, ցեղասպանության ուրացումն ու, ընդհանրապես՝ Հայոց պատմության խեղաթյուրումը, Հայաստանում անվտանգության եւ ապահովության զգացողության վերացումը: Բայց, իմ կարծիքով, ամենամեծ պատճառներից մեկը սոցիալական եւ տնտեսական հետընթացն է, հասարակության զգալի մասի տնտեսական վիճակի էական վատթարացումը: Հայաստանի, այսպես կոչված, միջին խավը տեսնում է, որ վերջին տարիների ընթացքում ինքը ոչ միայն տնտեսական առաջընթաց չունի, այլեւ, ընդհակառակը՝ անընդհատ աղքատանում է, ինչը կապում է իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականության կամ այդ քաղաքականության ձախողման հետ:

Թեեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեցին, բայց փաստ է, որ այն ժամանակ ՔՊ-ի եւ Փաշինյանի վարկանիշն անհամեմատ ավելի բարձր էր, քան հիմա, գուցե անգամ՝ կրկնակի կամ եռակի բարձր: Ինչո՞ւ հասարակությունը Փաշինյանին ներեց նվաստացուցիչ պարտությունը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, բայց չներեց, ասենք, Կիրանցի հատվածում անհամեմատ ավելի քիչ տարածքային զիջումները կամ՝ Արցախի վերջնական հայաթափումը: Հասարակության գուցե զգալի մասն առաջնորդվում է ոչ թե ազգային կամ համամարդկային, այլ նյութական արժեքներով: Եթե 2021 թվականից հետո Հայաստանում տնտեսական աճ լիներ, մարդկանց սոցիալական եւ տնտեսական վիճակն էապես եւ տեսանելիորեն բարելավված լիներ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը հիմա ավելի բարձր վարկանիշ կունենար, իսկ ՔՊ-ական թեկնածուներն էլ կհաղթեին Գյումրիում եւ Փարաքարում: 

Իր իշխանության սկզբում Փաշինյանը որոշակի հարկային վարչարարության թուլացում իրականացրեց, որը հարուցել էր մանր եւ միջին, ինչու չէ՝ նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ոգեւորությունը եւ նույնիսկ խանդավառությունը: Հասարակության մի հսկայական զանգված երկրի գործերի լավ լինելը չափում է իր անձնական բարեկեցությամբ. եթե իր գործերը լավ են, եթե ինքը փող է աշխատում, եթե աշխատում է ավելի շատ, քան մեկ կամ երկու տարի առաջ, ուրեմն ամեն ինչ լավ է: Անկախ նրանից՝ պատերազմում երկիրը պարտվել է, թե՝ ոչ, հազարավոր, թե տասնյակ հազարավոր զոհեր են եղել: Եթե հարկայինն իրեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար չի տուգանում, եթե իր մոտ ստուգումներ չկան, ու ինքը կարողանում է հարկայինից գումար թաքցնել ու դրա հաշվին փող աշխատել, ուրեմն երկրում ամեն ինչ լավ է: Հասարակության մի ստվար զանգված պատրաստ է աչք փակել կառավարիչների ցանկացած հանցագործության կամ ձախողման վրա, միայն թե իրենց համար լավ լինի: Երբ իրենց համար սկսում է վատ լինել, նրանց աչքերը բացվում են, եւ նրանք տեսնում են, թե ինչպիսի հանցագործություններ է գործել իշխանությունը:

Երկրում համեմատաբար տնտեսական բարեկեցության եւ զարգացման երեւութականություն ապահովելու համար Փաշինյանը մեծ քանակությամբ պարտք էր վերցնում, դրանով ինչ-որ ծրագրեր իրականացնում՝ դպրոցաշինություն, ասֆալտապատում, այլ կապիտալ աշխատանքներ, այդ գումարները շրջանառվում էին տնտեսության մեջ եւ տնտեսական զարգացման ու բարեկեցության աճի էֆեկտ ստեղծում: 2022 թվականի փետրվարին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, եւ Հայաստանի որոշ գործարարներ կարողացան փող աշխատել նաեւ, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման-արտահանման վրա: Որոշ մարդիկ ԱՄՆ-ից ավտոմեքենաներ էին ներմուծում Հայաստան՝ արտահանում Ռուսաստան, մյուսները՝ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանման համար արգելված այլ ապրանքներ, ավելի խոշորները զբաղված էին Ռուսաստանից դեպի արտասահման արգելված մի շարք ապրանքների արտահանմամբ: Հիմա այս բոլոր գործոնները զրոյացել են կամ գրեթե զրոյացել:

Պարտքի միջոցով տնտեսական ակտիվության էֆեկտ ստանալ այլեւս հնարավոր չէ. երկրի պարտքն այնքան է աճել, որ դրա սպասարկման համար անհրաժեշտ գումարն ավելի մեծ է, քան այն, ինչ վերցվում է: Ստացվում է, որ եթե նախկինում պարտքն ավելացնում էր ներքին շրջանառությունը, հիմա, ընդհակառակը՝ այդ պարտքը սպասարկելու համար շրջանառությունից փող է դուրս բերվում: Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների ջերմացումն էապես թուլացրել է Ռուսաստանի նկատմամբ արտաքին ճնշումը, շատ երկրներ միանգամից հասկացան, որ ԱՄՆ-ն այլեւս Ռուսաստանը չի դիտարկում որպես թշնամի երկիր, հետեւաբար, կարելի է առանց վախի եւ ավելորդ միջնորդների առեւտուր անել՝ չմտահոգվելով ԱՄՆ-ի սահմանած երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու մասին: Արդյունքում անցած տարվա համեմատությամբ թե՛ Հայաստան ներմուծումը, թե՛ Հայաստանից արտահանումն էականորեն` գրեթե կրկնակի կրճատվել է:

Տնտեսության մեջ ներգրավված մարդիկ տեսնում են, որ երկրի տնտեսական վիճակն օրեցօր վատանում է, հարկային վարչարարությունն էականորեն խստացել է, հարկերը բարձրացել են, տուգանքները դարձել են ավելի հաճախակի եւ ավելի մեծ: Ներքին առեւտրաշրջանառությունը եւս էականորեն կրճատվել է. իմ շրջապատում առնվազն երեք մարդ գիտեմ, որ այս տարի փակել են իրենց խոշոր խանութները, այն էլ՝ մթերային` եկամուտ չլինելու պատճառով: Մարդիկ նույնիսկ սնունդ գնելու փող չունեն կամ ավելի քիչ ունեն, քան ունեին նախկինում:

Համապետական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ վերարտադրվել ցանկացող ուզածդ իշխանություն շրջանառության մեջ փող է մտցնում՝ տնտեսական ակտիվության եւ զարգացման խաբկանք ստեղծելու համար, նախկինում նաեւ փողով ձայն էին գնում՝ կաշառելով հասարակությանը: Փաշինյանի իշխանությունը, իհարկե, ունի սեփական կուտակած փող, անհամեմատ ավելի շատ, քան ցանկացած նախորդ իշխանություն, բայց հաստատ այդ փողը վտանգի տակ չի դնի՝ մտածելով, որ կարող են ե՛ւ իշխանությունը կորցնել, ե՛ւ այդքան սիրելի-պաշտելի փողը: Ինչպես ասում էին մարքսիզմի հետեւորդները՝ կեցությունն է որոշում գիտակցությունը, ի վերջո, Փաշինյանի շուրջ համախմբված խառնամբոխը նրա գժությունների ու հիմարությունների վրա աչք է փակում, նրան ծառայում՝ հանուն փողի, չլինի այդ փողը, նրանք առաջինը կկտրեն Փաշինյանի կոկորդը, քան կհասցնի անել ցանկացած ընդդիմադիր գործիչ կամ հասարակ քաղաքացի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image