Օրերս Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ։ Այս մասին hraparak.am- ին տեղեկացրեց Իսպանիայի Վալենսիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Հայ համայնքի նախագահն ասաց, որ իրենց միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները` իշխող Ժողովրդական կուսակցությունը (PP ), Սոցիալիստական կուսակցությունը (PSOE ), Կոմպրոմիսը (Compromís), ՎՈՔՍԸ (VOX) և Կոմու Պոդեմ-Ձախ միությունը (Comu Podem- Esquerra Unida) միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինստիտուցիոնալ հայտարարություն, որով դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Ինչպես նաև քաղաքային խորհուրդը կոչ է արել Իսպանիայի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններին, Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններին, նաև Թուրքիայի կառավարությանը, հետևել իր օրինակին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` պայքարելով հանուն արդարության և ընդդեմ մոռացության։
«Հայտարարությունը ներկայացրեց քաղաքապետ Ալբերտո Պրիմոն, որին հետևեց բոլոր կուսակցությունների միասնական կողմ քվեարկությունը։ Նիստին ներկա էին ես և Ալկասերի հայ համայնքի ներկայացուցիչները։ Սա պատմական իրադարձություն է ոչ միայն իսպանահայ համայնքի, այլև քաղաքի համար, քանի որ Ալկասերը ցույց տվեց, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն և արժանի են ճանաչման, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից, որոնց, դժբախտաբար, ականատես ենք լինում մեր օրերին։ Նշեմ, որ բացի 42 քաղաքներից, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի 6 մարզերը։ Ի հեճուկս բազմաթիվ առկա խոչընդոտների, իսպանահայությունը պայքարում է կենտրոնական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման համար»,-ասաց Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը ։