Միեւնույն է, ինչ էլ գրենք Գյումրու ընտրությունների մասին, միանշանակ պետք է արձանագրենք, որ ընդդիմությունը հաղթեց Նիկոլի փտած, գարշահոտ, կապիտուլացված դավաճան իշխանությանը: Պնդեք հակառակը, եթե կարող եք: Հրեն, Նիկոլի խոսնակուհին հայտարարել է, թե ընդդիմությունը ձայներ է կորզել, ընտրակեղծիքներ է արել: Լո՞ւրջ… Ուրեմն դուք էդ ի՞նչ տանձի իշխանություն եք, որ ընդդիմությունը ձեր քթի տակ այդպիսի բաներ է անում: Եվ կամ՝ ամոթ չի՞, որ Նիկոլն ասում է՝ ընտրակեղծիքների էջը փակված է, իսկ Դուք, տիկին խոսնակուհի, ձեր անզգույշ հայտարարություններով խայտառակում եք մեծն տեսաբանին:
Եվ, վերջապես, ով չի հավատում, որ Գյումրիում ընդդիմությունը փռել է իշխանությունների «մեիդը», թող այցելի հետընտրական Գյումրի ու սեփական աչքով տեսնի Նիկոլի թողած «դիակները»՝ ֆայտոնով Ծյոմիգ, «Եվրատաշիգ», 9 ՔՊ-շնիկ մարզպետ, տասնյակ ՔՊ-շնիկ քաղաքապետեր, 6 տասնյակից ավելի ՔՊ-շնիկ պատգամավորներ, վարչապետի դեբիլակազմի ղեկավար եւ մի կին՝ յանի թե վարչապետի խոսնակուհի եւ համատեղության կարգով` ավագանու թեկնածու, Սարիկի ցուցակով:
Ի դեպ, Սարիկ ջան, կներես, որ քո անունը չտվեցի Նիկոլի համար «նահատակվածների» շարքում: Դու քո կողմնակիցների շնորհիվ հրաշքով «ողջ» մնացիր ՔՊ-շնիկների խառնամբոխի մեջ, դու «չփչացար», դու վաղն էլ կարող ես գլուխդ բարձր շրջել քո հայրենի քաղաքում: Պետրոսի կազմակերպած «խլամ» բանավեճն էլ մոռացիր: Էդ դմփանի ծուղակը շատերն են ընկել: Դու «մեր Սարիկն» ես, աշխատիր թիմիդ հետ, հաջորդ ընտրությունները, գուցե, հենց քո աստեղային ժամը լինեն:
Իսկ հիմա, բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, որ Գյումրիում Նիկոլը «մեռավ», թող մի կողմ քաշվեն եւ ճանապարհ բացեն հավատացողների համար, որպեսզի վերջիններս էլ հնարավորություն ունենան հրաժեշտ տալու այդ քաղաքական դիակին: Գնացեք, գնացեք, մի քանի հատ իշաոտնուկ բերեք, շարեք դրա «նաշի» կողքերը, որ մարդիկ նստեն… Հավատացողներն իսկապես շատ են, մեջները ծերեր ու կանայք կան…
Այդ մարդիկ Նիկոլին միշտ են հավատացել՝ 2018-ին, 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին… Իշաոտնուկներ դրեք, որ նստեն, հիշեն Նիկոլի հետ անցած իրենց ճանապարհը, հիշեն իրենց ապրումներն ու մեռած հույսերը, անիծեն իրենց բախտը… Թողեք՝ այդ մարդիկ անարգել արցունք թափեն, դա հանգստացնում է:
Էս, ինչ է, տերտերի հետեւից մարդ չեք ուղարկե՞լ: Բա Գյումրի տեղ առանց տերտերի թաղում կանե՞ն… Օ՜, ամենակարող Տեր, մեղավոր Նիկոլ ծառայիդ հոգին քո աջակողմյան հրեշտակների շարքին դասիր… Արա, ե՞ս պիտի Տիրոջ առաջ բարեխոսեմ Նիկոլի համար… Մի հատ տերտեր կանչեք, ասում եմ, թե չէ սրա հոգին դժոխք է ընկնելու: Հեռախոսս ո՞ւր է…
- Ալո, տեր Թոդիկ, բոլոր գործերդ թող ու արի «Վառեմ-մարեմ»… Ո՞նց թե՝ չեմ կռնա… Այ մարդ, ի՞նչ սերունդ կրթելու ժամանակ է, Նիկոլն է «մեռե», կհասկընա՞ս, Նիկոլը… Դիպլո՞մ… Չէ, չունի: Մաշինա՞… Մաշինա կուղարկեմ: Կնո՞ւնք… Տեր Թոդիկ, դա դու պետք է իմանաս՝ «հանգուցյալը» կնքվա՞ծ է, թե՞ կնքված չէ: Չէ, մոտիկ ՔՊ-շնիկներից մարդ չկա, որ հարցնեմ, խմած էին, գնացին Էրեւան… Հա, հա, թեզըմ արի, ժողովուրդը քեզի կսպասե…
Դե ի՞նչ, սիրելի սգո հանդիսականներ, մեծարգո ընդդիմադիրներ, հարգելի Վարդան Ղուկասյան, հարգելի Սարիկ Մինասյան, ժամանակն է համակերպվելու այս կորստի հետ: Ասեմ, որ ցավակցական հեռագիր ունենք նաեւ Ռուսաստանից: Հարգելի Մարտուն Գրիգորյանը կխնդրե՝ «հուղարկավորությունը» քանի մը օր հետաձգենք: Կըսե՝ «պրյամոյ» Գյումրի ռեյս չկա, Էրեւան բդի իջնիմ, Էրեւանից էլ մինչեւ հասնիմ… Կարծում եմ՝ կարելի է քանի մը օր սպասել: Շատ շոգ չէ, «Նիկոլը» չի փչանա:
ՀԳ. Սիրելի հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում Նիկոլի «թաղումը» զավեշտի վերածելու համար: Այստեղ նկարագրված «հոգեհանգստի» տեսարանները միանգամայն մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այսուհանդերձ՝ չմոռանանք ողորմի տալ նաեւ «Նիկոլի» կողքի «մեռելներին», որ հերոսաբար ընկան Գյումրու քաղաքապետի աթոռի համար մարտերում: Ըհը, շատ լավ է, տեր Թոդիկն էլ հասավ… Ամեն: