«Կփորձենք, կստացվի՝ կստացվի, ամեն դեպքում, մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Ես վստահ եմ մեր ժողովրդի բանականության, խոհեմության վրա, իմաստնության վրա: Որոշողը լինելու է ՀՀ քաղաքացին, մեզ ընտրողը նա է, այլ ոչ թե նեղ շրջանակները, էլիտաներն ու օլիգարխները: Մենք վստահ ենք, որ մեզ քաղաքացին ձայն է տալու, մենք առաջ ենք քաշում միջին խավի խնդիրները: Հանրությունն իր գնահատականը տալիս է ընտրությունների միջոցով»,- հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունն այսպես են հիմնավորում այն բազմաթիվ կուսակցությունների ղեկավարները, որոնք գիտեն, որ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու ոչ մի հնարավորություն չունեն: Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ իրենք մասնակցում են ընդդիմադիր ընտրազանգվածից ձայներ փախցնելու` ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու իշխանության պատվերի շրջանակներում, պատասխանում են, որ փոշիացնելու մասին խոսողները ճիշտ կանեն՝ իրենց վրայի փոշին մաքրեն:
Հետեւելով նրանց խորհրդին եւ մաքրելով մեր վրայի փոշին, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչու են այդ փոքր եւ աննշան կուսակցություններն ակտիվանում ընտրությունների նախաշեմին, ինչու է հենց իշխանությանը ձեռնտու նրանց մասնակցությունն ընտրություններին, եւ ինչ խնդիր են նրանք լուծում իրենց մասնակցությամբ:
Ընտրություններին մասնակցությունը կապված է ֆինանսական ծախսերի հետ. հենց միայն ընտրագրավը յուրաքանչյուր մասնակցի համար կազմում է 10 միլիոն դրամ: Պաշտոնապես ոչ մի տեղ չաշխատող եւ պաշտոնական որեւէ եկամուտ չունեցող կուսակցության ղեկավարների համար դա պետք է որ մեծ թիվ լինի: Գումարած ընտրական պրոցեսի հետ կապված այլ ծախսեր`գովազդ, այցելություններ եւ հանդիպումներ մարզերում, ընտրական շտաբներ եւ այլ ծախսեր: Եթե նրանց հարցնելու լինես, թե որտեղից այդ գումարը, միաբերան կպատասխանեն, որ դա արվում է անդամավճարներից գոյացած գումարներով: Կուսակցությունները, որոնք հաճախ կազմված են մեկ կամ լավագույն դեպքում մի քանի մարդկանցից, մուծում են միլիոնավոր դրամների անդամավճարներ, որն էլ նրանք սիրահոժար վճարում են պետբյուջե: Իրականությունը բոլորովին այլ է. կուսակցությունը դրանց տերերի համար բիզնես է, քաղաքական բիզնես, որն ապահովում է եկամուտ, հատկապես՝ ընտրություններին մասնակցելու միջոցով:
Հայաստանի ընտրական պատմությունը ցույց է տալիս, որ փոքր, աննշան կուսակցությունների մասնակցությամբ շահագրգռված է բացառապես իշխանությունը: Վերցնենք թեկուզ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. դրանց մասնակցեցին 24 կուսակցություն եւ դաշինք, բայց խորհրդարան անցան միայն երեքը`«Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս երեք կուսակցությունները միասին ստացել էին ընտրողների ձայների 80 տոկոսը, իսկ մնացած 21 կուսակցություններն իրար հետ` 20 տոկոսը: Ո՞վ օգտվեց այդ 20 տոկոսից, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ի՞նչ իրավիճակ կլիներ խորհրդարանում, եթե ընդդիմությունն ունենար ոչ թե 27 տոկոս, այլ՝ 47, եթե ընդդիմության եւ իշխանության ստացած մանդատների տարբերությունը լիներ 5-6 եւ ոչ թե 30: Բոլոր այդ կուսակցությունները հանդես են գալիս որպես իշխանությանն այլընտրանք, եւ հասարակության մի մասը, կա՛մ անձնական, կա՛մ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրանց ձայն է տալիս, արդյունքում ստացվում է, որ իրենք ձայն են տվել իշխանությանը, քվեարկում են ոչ իշխանության օգտին` մանդատ է ստանում իշխանությունը:
Իշխանությունը, տիրապետելով հսկայական ֆինանսական եւ վարչական ռեսուրս, կարողանում է շահագրգռել այդ կուսակցություններին կամ դրանց սեփականատերերին՝ մասնակցելու ընտրություններին: Մի պահ պատկերացրեք, որ իշխանության հանձնարարությամբ որեւէ գործարար հանդիպման առաջարկ է անում նման կուսակցության սեփականատիրոջը` նախագահին, հանդիպման ժամանակ գործարարը խոսք է բացում կուսակցության ընտրություններին մասնակցելու մասին: «Ինչ է` ձեր նման կարեւոր եւ շատ հարգված մարդը մի՞թե չպետք է մասնակցի ընտրություններին»,- ասում է գործարարը, շոյված նման խոսքերից՝ կուսակցության սեփականատերը պատասխանում է. «Մենք էլ ենք մտածում մասնակցության մասին, բայց դրա համար փող է պետք, որը չկա»: «Եթե խնդիրը միայն փողն է, ես այդ հարցը կլուծեմ, չի կարելի թույլ տալ, որ միայն փողի բացակայության պատճառով ձեր նման ազգային, հայրենասեր, սկզբունքային մարդիկ չկարողանան մասնակցել ընտրություններին, հասարակությունը զրկված լինի ձեզ ընտրելու հնարավորությունից եւ ստիպված՝ կա՛մ ընտրությանը չմասնակցի, կա՛մ գնա, ձայն տա անարժաններին»: Պայմանավորվում են գումարի չափի եւ վճարումների ժամանակացույցի շուրջ, եւ գործարքը կայանում է: Երկու կողմն էլ գոհ է. գործարարը կատարեց իշխանության հանձնարարությունը եւ դրա դիմաց կստանա որոշակի արտոնություններ ու կկարողանա հետ բերել իր կողմից ներդրված գումարը` մի բան էլ ավել, կուսակցության սեփականատերը գոհ է, քանի որ կկարողանա փող աշխատել. տրված գումարի մի մասը, հնարավորինս քիչ մասը կծախսի ընտրական պրոցեսի կազմակերպման վրա, մնացածն իր մաքուր շահույթն է: Կան նաեւ այլ մեխանիզմներ, բայց կարեւորը դա չէ:
Ինչպե՞ս տարբերել` ով է ծառայում իշխանությանը, ով` ոչ, ո՞վ է ինքնուրույն, ո՞վ է կառավարվում, չէ՞ որ այդ կուսակցությունների ղեկավարների ասածների մեջ կա տրամաբանություն` ընտրողն է որոշում, թե ով է առաջատար, ով՝ հետնապահ, մինչեւ ընտրություն չլինի, ինչպե՞ս որոշես, թե ով որքան հանրային աջակցություն ունի, ով է իրական ընդդիմադիր, ով` իշխանության պատվերով ձայն գողացող: Դրա համար կան մի քանի պարզ չափորոշիչներ. առաջինը խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի են ունեցել այլ տեղական ընտրություններ, այդ ուժերը մասնակցե՞լ են այդ ընտրություններին եւ ի՞նչ արդյունք են արձանագրել: Եթե նրանք ունեն հանրային աջակցություն, ապա կարո՞ղ են կազմակերպել հազար, 2 հազար կամ 3 հազար հոգանոց որեւէ միջոցառում, հանրահավաք, հանդիպում սեփական աջակիցների հետ: Եթե կուսակցությունը մասնակցել է որեւէ տեղական ընտրության եւ նույնիսկ 500 ձայն չի ստացել, եթե չի կարողանում նույնիսկ 500 մարդ մի տեղ հավաքել եւ կուսակցական միջոցառում կազմակերպել, ինչպե՞ս կարող է խոսել հանրային աջակցության մասին: Սրանք բաներ են, որոնց մասին մինչեւ ընտրությունները իմաստ ունի անընդհատ հիշեցնել, քանի որ չի կարելի թույլ տալ, որ 100 հազարավոր մարդիկ զոհ դառնան մի քանի բիզնես շահերի, իսկ երկիրը նմանների պատճառով մնա գործող ռեժիմի տիրապետության տակ: