Հասարակություն

Ինչ տրամաբանությամբ են վարույթից դուրս մնացել Հոգեւոր խորհրդի մյուս անդամները

Ինչ տրամաբանությամբ են վարույթից դուրս մնացել Հոգեւոր խորհրդի մյուս անդամները

Հունվարի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը նաև օրեր առաջ կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նախօրեին Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, ինչպես նաև տեր Մովսես քահանան, ով Հոգեւոր խորհրդի նիստերի քարտուղարն է: 

Նրանք բոլորը մեղադրյալներ են, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գևորգ սրբազանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո, հիշեցնենք, այդ որոշումը վիճարկել էր դատական կարգով, դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ որոշել էր մինչեւ հայցը բավարարելը կամ մերժելը, հայցի ապահովման միջոց կիրառի` պարտադրել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, և Մայր Աթոռի այս եպիսկոպոսները մեղադրվում են այդ ակտը չկատարելու, դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար: Ի դեպ, նշենք, որ դատավոր Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, եւ, ըստ ամենայնի, գործը նրան մակագրելն ու իշխանահաճո որոշում կայացնելը պատահական չէր։ 

Հոգևորականների փաստաբաններն ընդգծում են, որ այս ամենն ակնհայտորեն ուղղված է փետրվարի կեսին Ավստրիայում հրավիրված եպիսկոպոսական ժողովը տապալելուն, այսինքն՝ Մայր Աթոռի միաբանները զրկվում են երկրից բացակայելու հնարավորությունից: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: 

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ այստեղ իրավաբանություն պետք չէ փնտրել․ «Դատավոր Հովհաննիսյանի որոշումն ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունի, եւ հակաօրինական, հակաիրավական գործընթացի բաղադրամաս է։ Ոչ մեկիս հասկանալի չէ՝ ինչպես են խոչընդոտել, իրենք որեւէ իրավազորություն չունեն որեւէ  որոշում կայացնելու, նման որոշումները Վեհափառի անմիջական եւ բացարձակ տնօրինության հետ կապված հարցեր են, իրենք խորհրդատվական բնույթի կարծիքներ կարող են հայտնել, բայց այս գործընթացի մեջ իրավաբանություն մի փնտրեք, ուղղակի մի փնտրեք։ Եթե փորձեք իրավաբանություն փնտրել, ոչ իրավաբանը, ոչ այլ ոլորտի մասնագետը տրամաբանություն չի գտնելու, հետեւաբար ձեզ մի ծանրաբեռնեք իավաբանության հետ առնչություն չունեցող գործընթացներով, եւ սա դիտարկեք զուտ քաղաքական ճնշումների եւ քաղաքական պատվերներ կատարելու համատեքստում»։ 

-Դատարանի որոշումը ԴԱՀԿ-ն ուղարկե՞լ է Մայր Աթոռ, ի՞նչ գործողություններ է արել մինչ քրեական վարույթի հարուցումը ԴԱՀԿ-ն։ 

-Հարկադիր կատարման ծառայություն ուղարկվել է այդ չարաբաստիկ դատական ակտը, եւ Ծառայությունն այդ դատական ակտը նույն օրը եւեթ հանձնել է Մայր Աթոռի դիվանապետարան։ Հարկադիր կատարման գործողություններն այս դեպքով այդպիսին են, իրենք կատարողական վարույթ են նախաձեռնել, եւ կատարման համար այդ «որոշում» կոչեցյալը հանձնել են Մայր Աթոռ։

 -Բայց Հոգեւոր խորհրդի անդամներ են նաեւ գիտնական անձինք, մարդիկ, որոնք հոգեւորականներ չեն, նրանք կանչվե՞լ են ՔԿ, ինչպե՞ս են այս պրոցեսներում ներգրավված։ 

- Ոչ, ներգրավված չեն, եւ դա նույնպես հաստատում է, որ տվյալ անձինք, ովքեր որ կանչված են եղել ՔԿ՝ որպես մեղադրյալ, եպիսկոպոսներ են, մասնակցելու էին Ավստրիայում Եպիսկոպոսած ժողովին, հետեւաբար նրանց ելքը խափանելու համար, Եպիսկոպոսած ժողովի անցկացումը խոչընդոտելու համար է այս ապօրինի գործընթացը նախաձեռնվել, որն իրավաբանության հետ առնություն չունի։

ՀԳ Ի դեպ, տարօրինակ էր, որ երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել եւ խափանման միջոց չէր ընտրվել Վեհափառի նկատմամբ, որն այս դատական ակտի կատարման միակ սուբյեկտն է` նրա հրամանով է պաշտոնից ազատվել Գեւորգ Սարոյանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image