Քաղաքականություն

Դավիթ Իշխանյանին Բաքվում են հետապնդում, Դավիթ Գալստյանին` Երևանում

Դավիթ Իշխանյանին Բաքվում են հետապնդում, Դավիթ Գալստյանին` Երևանում

Hraparak.am-ը զրուցել է արցախցի երիտասարդ վերլուծաբան Աշակ Աբրահամյանի հետ, ով պարբերաբար հետևում է Ադրբեջանում  հայ գերիների, Արցախի  քաղաքական էլիտայի նկատմամբ ընթացող դատավարություններին։

Աբրահամյանը  առաջիններից է, որ հրապարակում է դատավարությունից  մանրամասներ, լուսանկարներ` օգտվելով ադրբեջանական «ուղղորդվող աղբյուրներից»։ Այս անգամ ևս Ռուբեն Վարդանյանի վերջին դատավարությանը հետևելով` ընթացքից փորձել է հետևություններ անել։

«Այո, հետևում եմ և կարող եմ ասել, որ այդ ամենը ծայրից ծայր քաղաքականացված պրոցես է, և պարոն Վարդանյանին վերագրվող հատորանոց քրեական գործերը իրականության հետ որևէ աղերս չունեցող անիմաստ մեղադրանքներ են։ Աշխարհում հայտնի բարերարին ապօրինի կերպով առևանգել, ձերբակալել և այժմ էլ շինծու «դատավարությամբ» փորձում են արատավորել նրա բարի համբավը։ Բաքվի դատարանում նրա դեմ ցուցմունքներ են տալիս այնպիսի անձինք, ովքեր իրենց կյանքում երբևէ չեն էլ տեսել Ռուբեն Վարդանյանին։ Ակնհայտ բեմականացված և կազմակերպված ներկայացում», – ասաց Աբրահամյանը։

Մեր զրուցակիցը ցավալիորեն  զուգահեռներ է տեսնում նաև Հայաստանի ներքաղաքական իրականության և Ադրբեջանում տեղի ունեցող այս գործընթացի միջև՝ նշելով, որ նման համընկնումները պատահական չեն և հիմք են տալիս լուրջ մտահոգությունների ու հետևությունների համար։

«Իհարկե, այդ ամենը ակնհայտ է։ Գրեթե միաժամանակ Բաքվում և Երևանում տեղի են ունենում ԱՀ և ՀՀ նախկին նախագահների դատավարությունները։ Վարդանյանին դատում են այնտեղ, իսկ Սամվել Կարապետյանին՝ այստեղ։ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին Բաքվում են հետապնդում, իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ Երևանում են ձերբակալում», – ընդգծեց վերլուծաբանը։

Աբրահամյանի խոսքով՝ «Հիմնական խնդիրը այն է, որ Հայաստանում առկա է շատ խորը կուսակցական բևեռացվածություն։ Տարակարծությունները և տարբեր հարցերի լուծման շուրջ տրամագծորեն տարբեր մոտեցումները էլ ավելի են խորացնում հասարակության մոտ առկա պառակտված վիճակը։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում գործող հիմնական դերակատարները և ծանր քաշայինները պետք է հանուն երկրի փրկության գոնե կարճաժամկետ տարբերակով մի կողմ թողնեն միջանձնային հակասությունները և գործեն ոչ թե միմյանց դեմ, այլ համախմբվեն ներկա ապազգային իշխանությանը հեռացնելու գաղափարի շուրջ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image