Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել ընդդիմադիրների տներում։ Բագրատ Սրբազանի տանը խուզարկություն իրականացնելուց հետո նրան եւ Հրայր սարկավագին, նաեւ «Սրբազան պայքարի» ակտիվ աջակիցներից մի քանիսին տարել են, ոմանց նկատմամբ արդեն ձերբակալության որոշումներ կան։
Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում իշխանությունների այս գործողությունը որակեց որպես ամենասովորական բռնապետություն։
«Սահուն կերպով գնում է դեպի բռնապետություն։ Ինքն ուզում է ասել, ինչ կարելի էր իրեն` ուրիշներին չի կարելի` No, no, no։ Ինքը կարող է իրականացնել հեղաշրջում, հեղափոխություն անել` ուրիշը չի կարող։ Բոլոր բռնապետներն էլ այդպես են գալիս, այդպես բռնապետություն են հաստատում. սովորական բռնապետի պահվածք է, մասնավոր բան չկա»,-ասաց Սրբազանը։
Իսկ «հեղաշրջման» վերաբերյալ փաստաթուղթն էլ Շիրակի թեմի առաջնորդը որակեց մանկամիտ մի բան, որը կարծես գրված լիներ 16 տարեկան երեխայի կողմից։
Հարցին, արդյոք երկա՞ր է շարունակվելու այս ամենը, Սրբազանն ասաց, որ քանի դեռ նա իշխանության է, այս ամենը շարունակվելու է։ Իսկ հնարավո՞ր է Փաշինյանն այնքան հեռուն գնա, որ փորձի Վեհափառին էլ ձերբակալել, Սրբազանն ասաց. «Արցախը հանձնածը, հայրենիքը հանձնածը ամեն ինչ էլ կարող է անել։ Բայց հարցը անելը չի, տակից դուրս գալն է կարեւոր, թե չէ շատ բան կարելի է անել, բայց տակից դուրս գալ է պետք։ Դա ավելի կարեւոր է, քան թե անելը։ Եթե նման բան անի, ոնց կմարսի։ Հետո պետք չի կարճաժամկետ դիտել այդ հարցը, երկարաժամկետ է պետք դիտել»,- եզրափակեց Սրբազանը։