Վերլուծություն

Փաշինյանի հաղթանակով Հայաստանն այլևս հնարավորություն չունի չկատարել ստանձնած պարտավորությունները. Minval

Փաշինյանի հաղթանակով Հայաստանն այլևս հնարավորություն չունի չկատարել ստանձնած պարտավորությունները. Minval

Ադրբեջանում պակաս հետաքրքրությամբ ու շահագրգռվածությամբ չէին հետևում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Դա ուղեկցվում էր ոչ միայն ադրբեջանցի բլոգերների կամ ապշերոնյան հակահայ քարոզիչների հոդվածներով, որ պետք է ընտրել Փաշինյանին, այլև ադրբեջանցի հասարակ օգտատերերի՝ ՔՊ-ին փառաբանող ու ՔՊ-ին ընտրություններում հաղթելու բարեմաղթանք- մեկնաբանություններով:

Ադրբեջանական Minval.az-ում Մակսուդ Սալիմովը «Հայաստանի ընտրությունների արդյունքը՝ Ալիևի ստրատեգական հաղթանակ և ակնկալիքներ Բաքվում» վերտառությամբ հոդված է գրել, որտեղ շեշտում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ոչ թե Հայաստանի ներքաղաքական կյանքի բաղկացուցիչ մաս էին, այլև՝ տարածաշրջանային փոփոխությունների կարևոր ինդիկատոր՝ ցուցիչ:

«Հայաստանի ընտրությունների արդյունքը կարելի է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի ռազմավարական հաղթանակ առանց որևէ կասկածի: Տարվող գործընթացի կարևորագույն հիմքը դարձավ հենց Ադրբեջանի նախագահը, նրա կողմից տարվող ռեգիոնալ քաղաքականությունն ու Հայաստանի հետ խաղաղության օրակարգը»,- շեշտում է Սալիմովը:

Վերջինս նշում է, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը պրակտիկ ու լրջագույն աջակցություն ստացավ հենց Իլհամ Ալիևի շնորհիվ, առանց Ալիևի աջակցության Փաշինյանը չէր կարողանա հաջողել այս ընտրություններում: Հեղինակը բաց տեքստով շեշտում է, որ ընտրություններում Փաշինյանի հաջողությունն ապահովելու համար էլ օգոստոսին Վաշինգտոնում հայտնի հանդիպումից հետո ապահովեցին սահմաններում կամ շփման գծում անդորրը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան, իսկ հետո Հայաստան որոշ ապրանքների տարանցումը:

Թվացյալ խաղաղության օրակարգի սպասարկման համար ակտիվացրին նաև, այսպես կոչված, քաղհասարակությունների միջև հանդիպումները, երկկողմանի այցելությունները և այլն: Ադրբեջանցի քարոզիչը բաց տեքստով թվարկում է, թե ինչ տեխնոլոգիաներով են օգնել Փաշինյանին հաղթել ընտրություններում և թե որքան վաղուց են պատրաստվել այս ընտրություններին:

Սակայն Բաքվի ակնկալիքներն այսքանով չեն ավարտվում: Սալիմովը գրում է․ «Հիմա, երբ ընտրություններն ավարտված են՝ գործողությունների անցնելու ժամանակն է: Առաջին հերթին, բոլոր այն համակարգերը, մնացորդներն ու էլեմենտները, որոնք նույնիսկ աննշան կապ ունեն արցախյան «սեպարատիզմի» հետ Հայաստանի տարածքում, ամբողջությամբ պիտի լիկվիդացվեն: Դա վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ համակարգերին, ինստիտուտներին, որոնք շարունակում են աջակցել ռևանշիստական օրակարգին։

Երկրորդը, Հայաստանը պարտավորվում է փակել, այսպես կոչված, «արցախյան ներկայացուցչությունները» Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կամ աշխարհի որևէ այլ կետում․ դրանց գոյության շարունակությունը հակասում է խաղաղության օրակարգին:

Երրորդը, պետք է հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ու հրաժարվել Անկախության հռչակագրից ու Արդբեջանի հանդեպ տարածքային նկրտման որևէ դրսևորումից Սահմանադրության մեջ։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում վերջնականապես փակվել է ռևանշիստական դրսևորման որևէ հնարավորություն: Իլհամ Ալիևն առանց որևէ կոմպրոմիսի թելադրում է օրակարգը մեր տարածաշրջանում, հենվելով ուժի իրավունքի վրա և ոչ թե իրավունքի ուժի: Հայաստանն այլևս հետքայլ անելու հնարավորություն չունի․ Փաշինյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանն այլևս հնարավորություն չի ունենա չկատարել իր ստանձնած պարտավորությունները, այլապես Հարավային Կովկասի խաղաղությունը մեծ կասկածի տակ կհայտնի»:

Սալիմովի տեքստը, անշուշտ, հետաքրքիր էր և, անշուշտ, փաստում էր մի բան, որ ՔՊ-ի օգտին քվեարկած յուրաքանչյուր ոք քվեարկել է Հայաստանը Իլհամ Ալիևի՝ հակահայ պատերազմական հանցագործի իշխանության օրակարգի տակ մտցնելու համար և հենց Փաշինյանի հաղթանակն էլ ավելի սանձարձակ ու լկտի է դարձնում Ալիևին, որը երևի մոռացել է, որ ինքը կատարածու է, պարզապես ի տարբերություն Փաշինյանի, փոքր-ինչ ծանրակշիռ կատարածու է: Եւ Հարվաային Կովկասում այս իրավիճակի հեղինակն ինքը չէ, այլ՝ իր տերերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image