Ընտրական թոհուբոհին զուգահեռ, կարծես թե նախօրեին էր՝ նկատեցի, որ Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել ամուսնու ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքների եւ աջակցության համար:
Հասկանալի է՝ հանրային ուշադրության հանդեպ պատասխան ուշադրությունը եւ քաղաքավարությունը:
Բայց, Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հանդեպ հանրային ուշադրությունը հասարակության պարտքն է: Ավելին, չգիտեմ, որքանով կհնչի ճշգրիտ, բայց այդ ուշադրությունը նաեւ պետք է լինի հանրային արժանապատվության զգացում: Եթե կա այդ ուշադրությունը, ուրեմն կա հանրային արժանապատվության զգացումը, ուրեմն այն վերջնականապես ստորադասված չէ «ինքնության նենգափոխման» կոնյուկտուրային:
Եվ այդ իմաստով, պատանդառված մեր հայրենակիցների հանդեպ հանրային ուշադրությունը նաեւ բնազդ է՝ ինքնապաշտպանական առողջ բնազդ: Ըստ այդմ, մեղմ ասած մեծ հարց է, թե ով ավելի շատ ունի այդ ուշադրության կարիքը՝ պատանդառված մեր հայրենակիցները, թե ինքներս մենք՝ քանի դեռ նրանք պատանդի կարգավիճակում են, իսկ ինքնությունը՝ նենգափոխման գրոհների ներքո:
Գրել է Հակոբ Բադալյանը