Հասարակություն

Հերթական «ոչ մի բանը»՝ Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոն փքուն անվանումով

Հերթական «ոչ մի բանը»՝ Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոն փքուն անվանումով

Երբ պաշտոնական լրահոսից տեղեկացա, որ Հայաստանում բացվել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը, անկեղծ զարմացա։ Նախ՝ ինչ է անելու այդ հիմնարկը։ Հետո՝ քանի աշխատակից է ունենալու։ Որքան գումար է ծախսվելու այդ կենտրոնի պահելու վրա։ Որտեղից է հատկացվելու այդ գումարը։ Եթե բյուջեի հաշվին է, ապա արդյոք դա անիմաստ հավելյալ ծանրաբռնվածություն չէ բյուջեի վրա, ինչը կարող է ձեւեկերպվել նաեւ այսպես՝ «արդյոք անիմաստ հերթական «ոչ մի բանը» չի նախաձեռնվում հարկատուների հաշվին»։ Ու առհասարակ՝ ինչ հայրենադրաձության մասին կարող է խոսք լինել, որ մի հատ էլ ինտեգրման խնդիր լինի ու անհրաժեշտություն առաջանա համապատասխան կենտրոն բացելու։ Որպես քաղաքացի եւ հարկատու, կարծում եմ, որ ինչպես շատ դեպքերում թե նախահեղափոխական, թե հետհեղափոխական Հայաստանում, այս մի դեպքում էլ գործ ունենք անիմաստ մի հիմնարկի հետ, որը միայն փքուն անվանում ունի՝ նման սիրամարգի գեղեցկագույն պոչի եւ դրա տակ թաքնված ամենասովորական հավի հետույքի մասին առակի։ Ու քանի որ թեման բացվել է, պիտի ուրեմն արձանագրել մի քանի թեզ․ 

• Հայաստանում չի կարող լինել հայրենադարձություն։ Դա բացառված է։ Հազար ու մի պատճառներ կան՝ սկսած քաղաքականից, աշխարհաքաղաքականից եւ ֆինանսա-տնտեսականից, մինչեւ սոցիալ-մշակութային եւ մենթալ։ Չի կարող պատերազմը նոր ավարտված երկրում, որը դեռ գտնվում է հետպատերազմական ճգնաժամի մեջ բոլոր իմաստներով եւ ուղղություններով, լինել հայրենադարձություն։ Դա ուտոպիա է, եւ որքան շուտ այդ ուտոպիայից ազատագրվի այս իշխանությունը, այդքան ավելի լավ ՀՀ հարկատուներին, որովհետեւ նման անիմաստ կառույցների վրա գումար քիչ կվատնվի։ 

• Հայաստանի որ նախկին իշխանությունները, ոչ ներկայիս իշխանությունները այդպես էլ չկարողացան ճիշտ պատկերացնել Սփյուռքը եւ ըստ այդմ կառուցել Սփյուռքի հետ հարաբերությունները։ Սկսած Հրանուշ Հակոբյանից մինչեւ Սինանյան, Սփյուռքի մասին ունեն մակերեսային պատկերացումներ, ընդ որում, Սինանյանը ունի ամենից մակերեսային պատկերացումը։ Որեւէ սյուռքահայ եթե ուզենա գալ Հայաստան եւ հաստատվել այստեղ, ապրել եւ այլն, հաստատ այդ «ոչ մի բանի համար» նախատեսված կենտրոնի ծառայություններից չի օգտվելու։ Կան այլ խողովակներ, ավելի լուրջ ճանապարհներ, քան նման կենտրոններն են։ 

• Եւ վերջապես՝ առնվազն հիմարություն է կարծել, թե ռուս-ուկրաինական պատերազմը հավերժ ձգվելու է, որպեսզի այդ կենտրոնը գոնե զբաղվի Հայաստան ռելոկացված ռուսահայերի խնդիրներով։ Ու առհասարակ՝ տխմարագույն մի բան է՝ սեփական երկրիդ տնտեսական քաղաքականությունը կամ բարեկեցության երաշխիքները կառուցել աշխարհաքաղաքական առճակատման, կոնկրետ դեպքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image