Վերլուծություն

ՀՀ Սահմանադրության «կրիյամանա կարման»

ՀՀ Սահմանադրության «կրիյամանա կարման»

Հինդուիստական և բուդդայական կրոնա-փիլիսոփայական ուսմունքներում մեծ տեղ է զբաղեցնում կարմայի գաղափարը: Այն իրենից ներկայացնում է անընդհատ գործող պատճառահետևանքային շղթա: Ինչը գալիս է նախորդ կյանքերից կամ հոգու նախկին մարմնավորումներից և փոխանցվում է ապագա կյանքերին: Առկա է դրա երեք տեսակ՝ պրարաբդհա (հասունացած) կարմա, կրիյամանա (ընթացքում ստեղծվող) կարմա և սանչիտա (կուտակված) կարմա: Կանգ առնենք երկրորդ տեսակի՝ կրիյամանա (ընթացքում ստեղծվող) կարմայի վրա: Դա այն է, երբ մարդն ինչ-որ արարք է գործում (կա՛մ ինչ-որ բան է ասում և կա՛մ մտածում), և այն ազդում է անմիջապես, կա՛մ ազդում է ավելի ուշ այս կյանքում և կա՛մ ազդեցությունը փոխանցվում է ապագա կյանք:

Իսկ հիմա մի փոքր զարմացնեմ ընթերցողին՝ այստեղ խոսվելու է ոչ թե Նիկոլի, ինչպես կարող էր ենթադրվել, այլ Սահմանադրության մասին: Որ ընդունվել է Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող նորանկախ երկրում 1995 թվականի այս օրը: Ու ժամանակին ընդդիմության կողմից բնորոշվել է որպես հատուկ նրա համար «կարված կոստյում»: Ի դեպ, սկզբում ասվում էր, որ սահմանադրության կարիք նորանկախ պետությունը չունի, կլինեն հիմնական օրենքներ՝ ինչպես Իսրայելում է: Հետո որոշվեց, որ, այնուամենայնիվ, ունի, Սահմանադրության համար էլ որպես բնօրինակ վերցվեց ֆրանսիական տարբերակը: Վեց լեզու իմացող առաջին նախագահի համար, նախ, առանձին տեղ էր զբաղեցնում ֆրանսերենը: Ինչը, կարծում եմ, ունեցել է ընտանեկան ավանդույթ՝ հաշվի առնելով կառավարման ֆրանսիական մանդատի ներքո գտնվող Սիրիայում բնակվելը: Երկրորդ, ուժեղ նախագահական իշխանություն այդ ժամանակի Եվրոպայում կար միայն Ֆրանսիայում: Իսկ ծանր պատերազմից նոր դուրս եկած պետության ղեկավարությունը, բնականաբար, պետք է ձգտեր ուժեղ իշխանություն ունենալուն:

Ինչևէ, քանի որ «կոստյումը» կարվել էր հատուկ մեկ անձի համար, ապա դրա ընդունման հանրաքվեն անցավ ընդդիմության «ոչ» քարոզարշավի ներքո: Այն պաշտոնապես ստացավ ավելի քան 70 տոկոս, ինչն ընդդիմության կողմից համարվեց կեղծիք: Դրանով սկիզբ դրվեց ՀՀ Սահմանադրության՝ բացասական «կրիյամանա կարմային»: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունը մահկանացու չէ, ու, առաջին հայացքից, անհեթեթ է թվում պետության հիմնական օրենքին մարդկային ճակատագիր վերագրելը: Բայց եթե փորձենք պատկերացնել, որ սահմանադրություն մշակելն ու ընդունելը կատարվում է մարդկանց կողմից՝ իր վրա ընդունելով նույն այդ մարդկանց վարքագծի ազդեցությունը, ապա ինչո՞ւ չի կարող այն կրել որպես ինքնուրույն, տվյալ դեպքում, սուբյեկտ: Ի դեպ, կարելի է պնդել, որ այդ երևույթն անուղղակի ձևով ներկայացված է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպում: Գրքին կամ կինոնկարին անծանոթ՝ «Հրապարակ»-ի ընթերցողներին ասեմ, որ դիմանկարն իր վրա էր կրում է Դորիան Գրեյի յուրաքանչյուր անբարոյական արարքի հետքը:

Շարունակենք: Որքան էլ ՀՀ Սահմանադրությունը փոփոխություններ կրեց՝ հատկապես 2005-ին՝ այն չէր կարող իր վրայից թոթափել ընդունման ոչ օրինական գործընթացի բեռը: Ավելին, 2015-ին կատարվեց վերադարձ 1995-ի տարբերակին. ուղղակի «սուպերնախագահական» կառավարման համակարգը վերաձևվեց «սուպերվարչապետական» համակարգի: Այդ բեռն, իր հերթին, նույն բնույթի ազդեցություն գործեց մեզ վրա: Դրա ողբերգական հետևանքներն այսօր կրում ենք մենք, կրում է Հայաստանի Հանրապետությունը: Հետաքրքիր է, որ այդպիսի զարգացում տեղի ունեցավ նաև Ուայլդի վեպում՝ Դորիան Գրեյի դիմանկարի պարագայում: Երբ ինչ-ինչ պատճառով Գրեյը փորձում է դանակի հարվածով ոչնչացնել կտավը՝ պարզվում է, որ այդ հարվածը կրել է հենց ինքը, իսկ դիմանկարը վերադառնում է իր նախնական վիճակին:

Ի դեպ, էզոթերիկային որոշակիորեն ծանոթ Փաշինյանին թվում է, թե նոր սահմանադրություն պատվիրելով՝ ինքն ազատվելու է գործողի բացասական կարմայից: Բայց այդ հարցում ևս ինքը սխալվում է՝ ինչպես բոլոր այն հարցերում, որին անդրադարձել է որպես վարչապետ: Նախ այն պատճառով, որ Սահմանադրության ընդունման օրվա նախօրեին ՍԴ-ն, որը կոչված է պահպանել սահմանադրական դրույթները, կատարեց հերթական հակասահմանադրական քայլը: Բազմաթիվ ընտրախախտումներով ու կեղծիքներով անցկացված ընտրությունները հռչակեցին որպես օրինական: Երկրորդ, ագրեսիվ թշնամու պահանջով նոր սահմանադրություն մշակելն ու վստահաբար կրկին կեղծիքներով ընդունելն արդեն վկայում է, որ այն կրելու է գործողի բացասական աուրան: Ինչը շատ ավելի ծանրորեն է անդրադառնալու մեր կյանքի վրա:

ՀԳ. Դորիան Գրեյը դանակահարում է դիմանկարը՝ փորձելով ոչնչացնել իր խղճի խորհրդանիշը և իր մեղքերը հիշեցնող միակ հանցանշանը։ Նա հույս ուներ, որ ազատվելով իր հոգու այդ սարսափելի հայելուց՝ կարող է նոր կյանք սկսել և ազատվել մեղքերի բեռից։ Բայց քանի որ դիմանկարն ու իր հոգին խորհրդավոր կերպով միահյուսվել էին, հարվածը մահացու եղավ հենց իր համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image