Քաղաքականություն

«Հրապարակ». ԴՕԿ-ը դիմելու է ՍԴ, որ իրենց դիմումն անջատ քննվի

«Հրապարակ». ԴՕԿ-ը դիմելու է ՍԴ, որ իրենց դիմումն անջատ քննվի

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակել է ԿՀԸ-ն: ՍԴ-ն հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թեւեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:

Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում։ Մենք ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանից հետաքրքրվել էինք, թե որ դեպքում է ՍԴ-ն դիմումները միավորում մեկ վարույթով։ Բալայանը պատասխանել էր․ «Ճիշտ է՝ բոլորը դիմել են ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, բայց մենք չգիտենք դիմումների բովանդակությունները։ Չգիտենք, թե ինչ հիմքով են վիճարկում։ Ընդհանուր առմամբ, ՍԴ-ն միավորման իրավունք ունի, որպեսզի միավորի մեկ գործի մեջ, բայց եթե տարբեր հիմքերով են դիմել, չի կարող միավորել»։

ԴՕԿ կուսակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումի հիմքերի ու սպասելիքների շուրջ զրուցել ենք ԴՕԿ կուսակցության ցուցակի երկրորդ համար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ, որն այս ընթացքում կազմակերպել է նախընտրական ողջ գործընթացը, քանի որ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ դեռ պահվում է էմիգրացիոն կալանավայրում։

- Հունիսի 19-ին ԴՕԿ կուսակցությունը եւս դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։ Ի՞նչ հիմքերով եք վիճարկել ընտրությունները։

- Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք ՍԴ ենք դիմել ե՛ւ վարչական ռեսուրսի կիրառման համար, ե՛ւ օլիգարխիայի ու ընտրակաշառքի այլ քաղաքական ուժերի գործառույթների հետ կապված։ Ասինքն՝ մենք տարբերվում եք մյուս քաղաքական ուժերից, որոնց մի մասը գրում է՝ վարչական ռեսուրս, մյուս մասն էլ գրում է՝ ընտրակաշառք։ Մենք ունենք համապատասխան ապացույցներ, փաստեր, որոնց ուժով գտնում ենք, որ էական ազդեցություն է թողել այս ընտրությունը ընտրողների ձայների վրա։

- Դուք նշեցիք, որ ապացույցներ ունեք։ Ի՞նչ ապացույցների մասին է խոսքը։

- Ե՛վ պետական լիազոր մարմինների, ե՛ւ փորձագետների կողմից տրված գնահատականներ են։ Խոսքը վերաբերում է այն ուժերին, ովքեր որ անցան։ Այսինքն, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք բազմիցս հայտարարել ենք, որ դեմ ենք ե՛ւ նախկինների իշխանությանը, ե՛ւ ներկաների։ Ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ԱԺ անցան նախկիններն ու ներկաները, եւ մեր դիմումը վերաբերում է ինչպես վարչական ռեսուրսին, այնպես էլ ԱԺ անցած ուժերի տված ընտրակաշառքներին, որն էական ազդեցություն թողեց ընտրողների ձայների վրա։

- ՍԴ-ն մեկ վարույթով քննելու է դիմումները, դուք տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր ՍԴ դիմած մյուս քաղաքական ուժերի փաստաբանական թիմերի հետ։

- Մենք միջնորդություն ենք ներկայացնելու, որպեսզի մեր դիմումն անջատ քննվի, քանի որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մենք երկու հիմքով ենք դիմել ՍԴ։

- Ի՞նչ սպասելիքներ ունեք ՍԴ-ից։

- Այնպես չէ, որ հիացած եմ դատական իշխանությամբ, այդ թվում՝ նաեւ սահմանադրական արդարադատության հետ կապված, բայց, որպես իրավապաշտպան, կարողացել եմ հանրային հնչեղություն ունեցող գործերում գրանցել նախադեպային որոշումներ։ Սպասելիքներ, որպես այդպիսին, ինչպես նշեցի, հիացած չեմ արդարադատությամբ, բայց այն, որ փաստերը կդրվեն հանրության եւ դատական իշխանության առաջ, որի ուժով ընտրությունների արդյունքում առարկայական փոփոխություն է տեղի ունեցել, մասնավորապես ԴՕԿ կուսակցության ձայները փոշիացվել են` ինչպես վարչական ռեսուրսի, այնպես էլ ընտրակաշառքի պահով, ես դա կապացուցեմ, մնացածը թող գնահատական տա դատարանը, ինչպես նաեւ՝ հանրությունն իր կարծիքը կարտահայտի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image