Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում կողմերը երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ի թիվս այլ պայմանավորվածությունների, Երևանն ու Բաքուն պարտավորվեցին երկուստեք ազատ արձակել գերության մեջ գտնվող զինծառայողներին։
Ադրբեջանը խոստացավ Հայաստանին են հանձնել 32, Երևանը՝ ադրբեջանական կողմին՝ 2 զինծառայողի։
Փաշինյանը կատարվածին անդրադառնալիս՝ X-ում գրառում արեց և ի լուր աշխարհի ազդարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվելու են հումանիզմի արժեքներով և ոգով։
Ինչպիսի՜ պաթոս․ ժամանակին Ալիևին կիրթ համարող (բացառված չէ՝ հիմա ևս) ՀՀ վարչապետը հերթական անգամ «շոյում է» Բաքվի բռնապետի ինքնասիրությունը՝ սեփական անձի ու երկրի խեղճության հաշվին։ Բայց խնդիրն այդ չէ․․․
Բնական է, ուրախալի է, որ ադրբեջանական գերությունից հայրենիք են վերադառնում մեր տղաները, որոնք, ով իմանա, ի՜նչ անօրինակ զրկանք ու ցավ են կրել թշնամու կողմից ապօրինի անազատության մեջ։
Երևանի ու Բաքվի համատեղ որոշումը միանգամից, գրեթե լույսի արագությամբ, ողջունեցին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, առանձին պաշտոնյաներ՝ այն դրական քայլ համարելով փոխադարձ վստահության և խաղաղության պայմանագրի ստորագրման տեսակետից։
Մեր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանն ամենավերջում արձագանքեց ուժային կենտրոնների ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ակտիվ խաղացողների մեջ։ Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ի անունից տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ Մոսկվան մշտապես առաջ է քաշել գերիների փոխանակման «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը։ Մինչդեռ, ըստ երեկվա համաձայնության, 32 հայ զինծառայողի փոխանակում են մարդասպանների հետ, իսկ հայ գերիների մեջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ոչ ոք չկա։
Փաստորեն, «հարց լուծող» Ռուսաստանն անգամ հայտնվեց Բաքվի պարտադրած խաղի լուսանքում։ Իսկ որ Ալիևը կարողացավ շանտաժով առաջ մղել իր օրակարգը՝ վկայակոչենք մի քանի փաստեր։
Նախ, Արցախում ադրբեջանցիների կողմից այս սեպտեմբերին իրականացրած ռազմական ագրեսիայի ժամանակ սպանվեցին նաև ռուս խաղաղապահներ։ Այս ամենի մասին ոչ մի դեմարշ, ոչ մի ծպտուն Կրեմլից, որի համար յուրաքանչյուր քաղաքացու ու հատկապես զինվորի կյանքը պետք է թանկ լիներ։ Նման դեպքերում ընդունված պրակտիկա է բողոքի նոտա հղելը և այլն։ Բայց, կրկնում եմ, ոչ մի ձայն ու աղմուկ․․․
Ապա, Ալիևը հայտարարեց, թե ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, որովհետև դա իրենց տարածքն է (հղում անելով նաև Փաշինյանի խոստովանությանն ու գրավոր համաձայնությանը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է)։ Մոսկվան սրան էլ համաձայնեց՝ աստիճանաբար ապամոնտաժելով իր դիտակետերն ու անցակետերը և հավաքելով ճամպրուկները մի տարածքից, որտեղ Ռուսաստանը սովոր էր հարց լուծել կամ սպասել, որ իրեն կդիմեն տարբեր խնդրանքներով (Լաչինի միջանցքի շրջափակումից մինչև ռազմագերիների վերադարձ և այլն)։
Շարունակելով Ալիևի համառ շանտաժի թեման, հիշենք նաև, որ Գրանադայի, Բրյուսելի, Վաշինգտոնի բանակցային հարթակները բոյկոտելուց հետո, Բաքվի բռնապետը դեմարշ սկսեց ԱՄՆ-ի դեմ, որտեղ հանդգնել էին մի փոքր շեղվել «նավթադոլարային» կուրսից։ Արդյունքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Ալիևի հետ զրույցում վերջինիս խնդրեց թույլատրել իր տեղակալ Օ'Բրայենի այցը Բաքու՝ հարաբերությունների կարգավորման համար, ինչը կայացավ։
Ապա ադրբեջանական կողմը ՀՀ-ին առաջարկեց բանակցությունների նոր փուլն անցկացնել հենց հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչին պաշտոնական Երևանը համաձայնեց։
Դրան հաջորդեց արդեն երեկվա հայտնի հայտարարությունը։
Այս փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը խաղը տեղափոխում է երկկողմ դաշտ, ինչը մեզ համար հղի է լրջագույն վտանգներով։ Արցախին ոճրագործաբար տիրած, Հայաստանի հասցեին սպառնալիքներից ու հոխորտանքներից չհրաժարվող Ալիևը (օրերս Բաքվում կայացած համաժողովում բազմաթիվ այդօրինակ հայտարարություններ են հնչել) վստահաբար կշարունակի իր ճնշումը՝ խաղաղության քողի տակ, որն ընդամենը գեղեցիկ վարագույր է արևմտյան հանդիսատեսի համար, իսկ ետնաբեմում Ադրբեջանի նենգ ծրագրերն են՝ Զանգեզուրից մինչև «Արևմտյան Ադրբեջան»։