Մշակույթ

Ադրբեջանի նախագահը հիմա էլ հայերին մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ

Ադրբեջանի նախագահը հիմա էլ հայերին մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ

Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուղերձ է հղել Բաքվում կայացած «Իսլամաֆոբիա. նախապաշարմունքների բացահայտում եւ խարանների ոչնչացում» թեմայով միջազգային գիտական համաժողովին՝ նշելով, որ իսլամի դեմ ատելությունն ու թշնամանքը, մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությունը համակարգված բնույթ են ստանում համաշխարհային մակարդակում։ Նա նաեւ հավելել է, որ «օկուպացիայի» (իրականում՝ Արցախի Հանրապետության անկախության, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակաշրջանում) ընթացքում ոչնչացվել են պատմամշակութային հուշարձաններ, իսկ իսլամաֆոբիան դարձել է պետական քաղաքականություն։ 

Այս առիթով ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Տարակուսելի է, որ Ադրբեջանի նախագահը, որտեղ քրիստոնեության դեմ պայքարը պետական առաջնահերթություն է, իսկ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումն ու յուրացումը, քրիստոնյաների կրոնական ազատության եւ մշակույթի իրավունքի ոտնահարումը՝ պետական հստակ քաղաքականություն, խոսում է կրոնական հանդուրժողականության մասին։ Կրոնական խտրականության մասին է խոսում մի պետություն, որը հենց ինքն է ոչնչացրել Շուշիի Կանաչ ժամը, հրթիռակոծել եւ ապա խեղաթյուրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ավերել Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Տանձատափի, Մարիամաձորի Սուրբ Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում եւ այլ եկեղեցիները։

Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին է մեղադրում կրոնական անհանդուրժողականության մեջ, երբ հենց Ադրբեջանն է հայկական Շուշին հռչակում իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք՝ ժխտելով հայ ժողովրդի բազմադարյա ներկայությունը քաղաքում, այնտեղ է կազմակերպում իսլամական համաժողովներ։ Ավելին, հայկական քրիստոնեական պատմամշակութային արժեքներով հարուստ տարածքներում, որտեղ երբեւէ չի եղել իսլամական բնակչություն, ու չեն եղել մզկիթներ, պատերազմից հետո մզկիթների կառուցումը ներկայացնում է իբրեւ իսլամ դավանողների իրավունքների վերականգնում, այնինչ դա տարածքի ինքնության ոչնչացում է, հայերի բազմադարյա գոյության ժխտում։ Բայց կարեւոր է նշել, որ Արցախում մահմեդական հուշարձանների ոչնչացումը երբեւէ չի եղել պետական քաղաքականություն, բացի այդ՝ հանրապետության տարածքում պահպանվել, պետական եւ մասնավոր միջոցներով վերանորոգվել ու ամրակայվել են մի շարք մզկիթներ»։

Հայտարարության մեջ կոչ է արվել նաեւ միջազգային կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի հռետորաբանությունը, հայ ժողովրդի պատմական տարածքների յուրացման նպատակով տարածքի իսլամացման, հայերի հազարամյակների ներկայության ապացույցների ոչնչացումն ու քրիստոնեական արժեքներն այլ հանրույթներին վերագրելու վտանգավոր քաղաքականությունը եւ հարգել հայ ժողովրդի կրոնական ազատության հիմնարար իրավունքը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image