Թավշյա հեղափոխությունից հետո հաճախ է խոսվում 2000 թվականից վտարանդի գրող, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին։ Վերջերս էլ լույս տեսավ Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքը, որում Սիրադեղյանի ընկերներն ու համախոհները անդրադարձել են նրա կերպարին, գործունեությանը։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը հիշում է, որ դեռ 1997թ․ ինքը տարաձայնություններ է ունեցել Վանո Սիրադեղյանի հետ։ Հիշում է նաեւ, որ 1999թ․, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որպեսզի կալանավորեն Սիրադեղյանին, այն ժամանակ ինքը Էդվարդ Եգորյանի գլխավորած «Հայրենիք» պատգամավորական խմբում էր, իրենք էլ դեմ քվեարկեցին կալանավորման միջնորդությանը։
«Վանոն ուղնուծուծով հայ մարդ է՝ իր ծայրահեղություններով հանդերձ եւ մեր պետությանը որեւէ վնաս չէր կարող տալ։ Եթե ինչ-որ սխալներ էլ արել է, ապա նա այդ կերպ է մտածել։ Վանոյի ներկայությունը, որպես մտավորականի, որպես պետության կայացման հենասյունի, կարծում եմ, լուրջ դրական իմպուլս կհաղորդի»,- մեզ հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։