Քաղաքականություն

Երբ Նիկոլին Էդմոնն է մեղադրում…

Երբ Նիկոլին Էդմոնն է մեղադրում…

Անդրանիկ Քոչարյանին առաջարկում եմ կազմակերպել ԱԺ լսումներ՝ Ալեն Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանի, Աննա Վարդապետյանի, Արգիշտի Քյարամյանի եւ Արմեն Աբազյանի մասնակցությամբ, կարճ՝ 5-ի գործով: Կարող է տարօրինակ թվալ Էդմոն Մարուքյանի անվան առկայությունն այս ցանկում, քանի որ նա այլեւս բարձրաստիճան պաշտոնյա չէ, բայց եկեք չմոռանանք, որ նա բարձրաստիճան պաշտոնյա էր ոչ վաղ անցյալում, եւ նրա պաշտոնավարման ամիսներին են տեղի ունեցել ամենավատ բաները, որոնց համար ո՛չ այս հնգյակը, ո՛չ էլ որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել: Էդմոնը փոքր մարդ չէր այդ ժամանակ՝ հատուկ հանձնարարությունների գծով վարչապետի դեսպան, ասել է թե` պետական գաղտնի փաստաթղթերին ու ՀՀ արտաքին քաղաքականության մութ հարցերին հասանելիություն ունեցող մե անձնավորություն, մե գործիչ, մե անհատականություն: Եվ, ուրեմն, պարոն Անդրանիկ Քոչարյան, 5-ին էլ կանչեք: Պարտադրեք՝ թող գան ու մեր ժողովրդին հաշվետվություն տան, թե ինչու են Նիկոլ Փաշինյանին տարել-խճճել հայ-ադրբեջանական հարաբերությունների սարդոստայնում ու վիժեցրել վարչապետի սրբության սրբոց «Խաղաղության խաչմերուկ» հանճարեղ ծրագիրը: Չմոռանաք հրավիրել նաեւ էն «սեւ շորերով պատգամավորին», որովհետեւ, վստահ եմ, հնգյակի հարցաքննությունն առանց ռեպլիկների հնարավոր չէ պատկերացնել:

Այն էլ ասեմ, որ ես հատկապես Էդմոն Մարուքյանի մասով հարց ունեմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: Չէ, հարցս կոկաինի հետ կապ չունի, պարոն Աբազյան, ես դրա մասնագետը չեմ, բայց, ահա, կուզենայի իմանալ՝ Էդմոն Մարուքյանը՝ որպես վարչապետին կցված եւ բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի ծանոթացած բարձրաստիճան պաշտոնյա, իրավունք ունե՞ր, արդյոք, կտրուկ «պաշտոնաթողությունից» հետո դառնալ թունդ ընդդիմադիր, TV բացել եւ տակից-վրից դուրս տալ իմացած-չիմացածը: Ասա՝ այ Էդմոն, քո ի՞նչ գործն է, թե միջազգային տարբեր հարթակներում ինչ են խոսում Ազգային ժողովի նախագահն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այդ մարդիկ գուցե ինչ-որ պատճառներ ունեն՝ իրարից տարբեր հայտարարություններ անելու, գուցե Նիկոլը՝ քո երեկվա շեֆն է այդպես կարգադրել, ինչո՞ւ ես քիթդ մտցնում այդ, ըստ էության, նուրբ հարցի մեջ: Հայ-թուրքական հարաբերություններ, «միջին միջանցք», գաղտնի բանակցություններ… ամեն ինչ խառնել է իրար ու ձավար է անում սեփական TV-ի անծայրածիր լսարանի առաջ: Բա որ պատերազմով է վախեցնում մեր բազմաչարչար ժողովրդին: Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել: Թե բա՝ ես այնքան կարեւոր մարդ եմ, որ Սաթիկ Սեյրանյանն իր հաղորդման մեջ իմ անունը երեք անգամ տվել է… Է, տվել է, որովհետեւ արդեն զզվեցնում ես քո «հաղորդումներով», համացանցում քո անկապ առկայծումներով, քո ջուր պղտորելով ու Նիկոլի մանիպուլյացիաները մանիպուլացնելով: Եվ, ուրեմն, պարոն Աբազյան, ի՞նչ եք մտածում ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով երեկվա դեսպան Էդմոն Մարուքյանի այս հանկարծահաս ժողովրդական գործունեության վերաբերյալ:

Պարոն Քյարամյան, իսկ այժմ հարցով դիմեմ Ձեզ: Ես եւ Դուք անգիր գիտենք, որ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, այսինքն՝ չկոռումպացված քաղաքացուց մինչեւ կոռումպացված քաղաքացի մեկ քայլ է: Ես կուզենայի իմանալ՝ արդյոք կոռումպացված չէ՞ քաղաքացի Էդմոն Մարուքյանը, արդյոք երբեք կողմնակի եկամուտ չի՞ ունեցել, խառնված չէ՞ որեւէ հովանավորչական էպիզոդի, ոչ մեկի հանդեպ սուտ մատնություն չի՞ արել, չի՞ եղել, արդյոք, կյանքում խաբեբա: Դուք գիտեք, պարոն Քյարամյան, որ մենք՝ լրագրողներս, կոռուպցիան տեսնում ու զգում ենք ողնուղեղով: Մենք Ձեզ պես հատուկ մեթոդներ չունենք՝ կոռուպցիան ու կոռումպացված քաղաքացուն բացահայտելու համար: Մի քիչ որ հետեւում ենք մարդու շարժուձեւին, դեմքի արտահայտությանն ու աչքերին, մեզ համար այլեւս պարզ է դառնում, թե ում հետ գործ ունենք: Էդմոն Մարուքյանն այս իմաստով այնքան էլ թաքուն գործիչ չէ, միշտ եղել է աչքներիս առաջ, ու մենք գիտենք, թե ով է աճեցրել նրան, որ լրատվամիջոցներն էր նախընտրում՝ իր հասարակական-քաղաքական գործունեության համար, հիշում ենք, թե ինչպես հայտնվեց Ազգային ժողովում որպես «անկախ» պատգամավոր եւ ինչպես կուսակցություն բացեց այն տարիներին, երբ կուսակցություն բացելը, մեղմ ասած, չէր խրախուսվում իշխանությունների կողմից: Հետո եկան գլխապտույտ հաջողություններ՝ սեփական ֆրակցիա Երեւանի քաղաքապետարանում եւ ԱԺ-ում, թավշյա իշխանությունների «թունդ» ընդդիմություն, սեփական կուսակցության «լուծարում»՝ հանուն թավշյա պաշտոնի… Ո՞ր մեկն ասեմ, պարոն Քյարամյան: Դուք ի՞նչ եք մտածում Էդմոն Մարուքյանի այս անկանոն քաղաքական դեգերումների մասին: Նրա «պասով» Վանաձորի ընտրված քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցելու եւ բանտարկելու պատմությունն էլ չպատմեմ: Այնպես որ, իմ կարծիքով, Էդմոն Մարուքյանը գրեթե 100 տոկոսով (թող լինի` 99) կոռումպացված է, պարոն Քյարամյան: Մնացածը՝ Դուք գիտեք:

Տիկին Աննա Վարդապետյան, Ձեր աշխատանքից դժգոհ լինելու ոչ մի պատճառ չունեմ, բայց այս քննարկումը, որ մենք ծավալեցինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի եւ Արգիշտի Քյարամյանի հետ, նաեւ Ձեզ է վերաբերում: Դուք Էդմոն Մարուքյանին հարցեր չունե՞ք տալու: Օրինակ՝ սեփական կուսակցության անդամներին եւ իր ընտրազանգվածին 2021թ. ընտրությունների ժամանակ կողմնորոշելու, ՔՊ ընտրել տալու եւ դրանով իսկ ընտրությունների ելքի վրա ազդելու մասին: Ի դեպ, Սաֆարյան Ստյոպան կարող է այս կապակցությամբ Ձեզ արժեքավոր տեղեկություններ փոխանցել, քանզի նա Էդմոնի հետ էր այդ օրերին, ու միասին էին տապալում «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը:

Պարոն Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ մի հարց էլ Ձեզ տամ, տեսնում եմ՝ առանձնապես ծանրաբեռնված չեք այս լսումներում: Մարուքյան Էդմոնը պնդում է, որ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, խորհրդարանը կցրվի: Ես գիտեմ, որ նա Ձեզ «չի սիրում» եւ առիթը բաց չի թողնում Ձեր որեւէ տեղը կսմթելու համար: Ու էս ամբողջ «շուխերը», թե Դուք ուրիշ բան եք ասել, իսկ ԱԽՔ-ն` ուրիշ, նա բարձրացրել է Ձեր անձի հանդեպ ունեցած «լիչնի նեպրիյազնի» պատճառով: Դե հիմա, որպես ԱԺ նախագահ եւ օրենքներին տիրապետող իրավաբան, ինձ ասացեք՝ ճի՞շտ է, արդյոք, իրավաբանի կարգին դիպլոմ չունեցող Էդմոն Մարուքյանը, երբ հայտարարում է, որ ընդդիմադիրների՝ մանդատներից հրաժարվելը կբերի խորհրդարանի ցրման եւ Ձեր պաշտոնանկության:
Պարոն Անդրանիկ Քոչարյան, այսքանով իմ մասնակցությունը Ձեր հանձնաժողովի կազմակերպած լսումներին կարող եք համարել ավարտված: Կարծում եմ՝ վատ լսումներ չէին, խանգարող էլ չեղավ: Հուսով եմ՝ ինձ կհրավիրեք նաեւ ապագա լսումներին: Ինչպես ասում են՝ նոր լսումներ՝ նոր մարդիկ, նոր մարդիկ՝ նոր հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image