««Վեոլիա ջուր» ընկերությունը, Ջրային կոմիտեի մեր գործընկերներն ունեն հիմնավորումներ եւ բացատրություններ, բայց կարծում եմ, որ մեզ արդեն իսկ պետք են լուծումներ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը՝ անդրադառնալով Երեւանի ջրամատակարարման առումով քաղաքացիների դժգոհություններին: Փոխվարչապետի գրասենյակը, ըստ նրա, զբաղվում է այդ հարցով, եւ ինքը հուսով է, որ լուծումներն օր առաջ կհասունանան եւ կիրականացվեն: Որպես շարքային երեւանցի՝ ուրախ եմ, որ ՔՊ-ական համայնքապետի դեպքում վերջապես տեղ հասավ, որ «ջրամատակարարման հետ կապված խնդիրները սրվում են հատկապես ամռան ամիսներին»: Բայց ուրախ չեմ, որ նա տեղյակ է նաեւ, որ «իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում», ու ինքը, առնվազն որպես համայնքապետ կամ դրանից առաջ՝ որպես տեղակալ, ոչինչ չի արել՝ այդ սրացման դեմն առնելու համար:
Ինչպես հայտնի է, խնդիր արձանագրելը դեռեւս հարցի լուծում չի նշանակում, հատկապես որ դա բացահայտելը ջանք չէր էլ պահանջում: Եվ լուծումներն էլ ոչ թե պետք է օր առաջ հասունանան, այլ վաղուց պետք է կյանքի կոչվեին: Հաշվի առնելով, որ շուտով կլրանա քաղաքային ՔՊ-ական իշխանության յոթ տարին, հատկապես որ լուծում հասունացնելու կարիք էլ չկար, ասենք, վթարային ջրամատակարարման դադարեցման այս մեկ օրինակի դեպքում պատճառը եղել է «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկումը: Չգիտեմ՝ դա իրակա՞ն պատճառ է, թե՞ ՀԷՑ-ի դեմ իշխանության նախաձեռնած պատերազմի մի դրվագ՝ բնակչության մեջ «ցանցերի» նկատմամբ վրդովմունք գեներացնելու ու դա Սամվել Կարապետյանի դեմ օգտագործելու նպատակով: Իսկ եթե դա իրոք պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքով, ապա պետք էր ընդամենը ժամանակին ձեռք բերել պահեստային գեներատոր, որպեսզի նման դեպքերում չեզոքացվեր հոսանքի լարման անկումը, ինչը չի արվել, ու եթե իսկապես հոսանքի լարման տատանում է եղել, ապա ջրամատակարարման դադարեցման հարցում մեղքի իր մեծ բաժինն ունի նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Ինչեւէ, հաշվի առնելով, որ Հայաստանի բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառավարումը դեռեւս նախկիններից մերժված Սերժի օրոք արտապատվիրակվել է ֆրանսիական ընկերությանը, ՏԿԵ նախարարությունն այդ հարցով դժվար թե դիմի ՀԾԿ հանձնաժողովին, այն, ինչ արվեց օրերս ՀԷՑ-ի առումով: Որովհետեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի բարեկամն է, որի հետ ինքն անընդհատ ողջագուրվում է հանդիպելիս: Դե, Մակրոնն էլ ոչ թե քննադատում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, այլ աջակցում է նրա «խիզախ» քայլերը, այսինքն՝ ժողովրդավարության անվան ներքո բռնատիրության հաստատումը եւ թուրք-ադրբեջանական հակահայկական պահանջների իրագործումը: Դրանից հետո չես կարող, չէ՞, Նիկոլին պարտադրել, որ ինքն իր թշնամին դառնա, որ ՏԿԵ նախարարին ասի, որ ջրանջատումների հարցով դիմի ՀԾԿՀ:
Ինչպես երեւում է, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառավարման արտապատվիրակումը ֆրանսիական ընկերությանը ոչ թե նպաստել է խնդիրների լուծմանը, այլ տարիների ընթացքում ավելի է սրել դրանք, ինչը խոստովանել է նույնիսկ Երեւանի փոքրամասնական համայնքապետը: Ինձ թվում է, որ «Վեոլիա ջուրն» այնքան ներդրումներ է կատարել, որ ամեն Աստծո օր այս կամ այն համայնքում կամ որեւէ համայնքի այս կամ այն թաղամասում տեղի են ունենում ջրանջատումներ, եթե, իհարկե, առաջնորդվենք ՀԷՑ-ի առումով ՀԾԿՀ-ի կողմից բարձրաձայնված տրամաբանությամբ: Այն է՝ ներդրումների հոսքի ավելացումը բերելու է մատուցվող ծառայության որակի իջեցմանը: Մնում է, որ խախտվի նաեւ ընկերության ֆինանսական կայունությունը: Ու «Վեոլիա ջուր» ընկերությանն այլ բան չի մնա, քան սակագնի բարձրացմամբ կոմպենսացնելը: Իսկ սպառողին էլ կմնա Աստծուն աղոթելը, որ «Վեոլիա ջուրն» ամռանն իրեն ջուր մատակարարի: