Քաղաքացու օրը ապրիլի վերջին շաբաթ օրը տոն հռչակած մեր կառավարությունը չի մոռացել մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր տոնի մասին, որը նույնպես նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին։
Այս տարի Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը նշվեց պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ։
«Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողովի մեկնարկին այսօր ցուցադրվեց անասնաբույժների մասին պատմող ֆիլմ։ Հայաստանի գյուղերում ապրող անասնաբույժները պատմում էին, թե ինչպիսի պայմաններում են ապրում եւ աշխատում իրենք, որքան ցածր է իրենց աշխատավարձը՝ 19000-25000 դրամ, ինչ խնդիրների են բախվում։ Պատմում էին նաեւ, որ տեղի չի ունենում սերնդափոխություն, երիտասարդներին չի հրապուրում անասնաբույժի մասնագիտությունը, եւ նրանք չեն ցանկանում ցածր աշխատավարձի պայմաններում մտնել գոմ, զբաղվել կենդանիների բուժմամբ։ Այդ իսկ պատճառով էլ ունենք անասնաբույժների լուրջ դեֆիցիտ։ Մի գյուղացի ֆիլմի ժամանակ ասաց, որ ի տարբերություն նախորդների՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անասնաբույժ անունը տվեց։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ անցած տարի 20 տոկոսով ավելացրել են համայնքային անասնաբույժների աշխատավարձը, նախատեսվում է այս տարի եւս 20 տոկոսով բարձրացնել այն։
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 10 վարակիչ հիվանդություններից 6-ը փոխանցվում են կենդանիների միջոցով, իսկ աղիքային հիվանդությունների 70 տոկոսը պայմանավորված է սննդային գործոնով։
Նա նաեւ նշեց, որ ներկա պահին ներդրվում է էլեկտրոնային համակարգ, որը կնպաստի հիվանդությունների հայտնաբերմանը։