Քաղաքականություն

Երբ գործդ Նիկոլի հետ է, չես կարող չփչանալ

Երբ գործդ Նիկոլի հետ է, չես կարող չփչանալ

Բաբկեն Թունյա՜ն, Բաբկեն Թունյան… Դու այդ ի՞նչ միամիտ տղա ես… Տնտեսագետ ես, կարծեմ: 2025-ի բյուջեն, երբ ընդունում էիք, կետ կա՞ր այնտեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նորոգելու, թարմացնելու մասին: Չկար, չէ՞: Եվ, ուրեմն, որտեղի՞ց ծնվեց այդ հանճարեղ միտքը ձեր գլխում՝ նորոգել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Ձեր առաջնորդը չէ՞ր, որ կասկածի տակ դրեց ցեղասպանության իրողությունը, ինքն իրեն հարց էր տալիս՝ ե՞րբ շրջանառության մեջ դրվեց «ցեղասպանություն» եզրույթը, պետք է դեռ տեսնենք՝ ցեղասպանությո՞ւն է դա եղել, արդյոք… հորդորում էր թուրքի հանդեպ «բարդույթները» հաղթահարել, որովհետեւ, քանի դեռ չենք հաղթահարել ու թուրքին թշնամի ենք համարում, թուրքն էլ մեզ հետ է թշնամանում: Եվ ահա այսօր, երբ սկսել եք քանդել հուշահամալիրի խոնարհված սյուների բազալտը, մարդիկ անհանգստանում են՝ չլինի՞ Բաբկեն Թունյանի շեֆը որոշել է միանձնյա հաղթահարել թուրքերի հետ կապված իր «բարդույթները»: Ադրբեջանի նկատմամբ մեր բոլորի «բարդույթը» մեկ գիշերվա մեջ Պրահայում ինչպե՞ս հաղթահարեց… Միայնակ… Միանձնյա… Առանց որեւէ մեկին հարցնելու… Հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ: Սա էլ հո եղած բան է, Բաբկեն Թունյան:

Բաբկեն Թունյանը հիմա եկել, իրեն միամիտ տնտեսագետի տեղ դրած, գրառում է կատարել ու իր արեւին «ծաղրում» է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդված տեսքից անհանգստացած մարդկանց, որոնց մեջ ոչ միայն ընդդիմադիրներ են, այլեւ՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, հասարակ քաղաքացիներ: Ինչ-որ դեպքեր է հիշել Բաբկեն Թունյանը՝ ԱԺ ճակատի զինանշանը, Դիլիջանի թունելը…Ասում է` մեզ քննադատում էին զինանշանը հանելու եւ թունելը փակելու համար, բայց մոռացան շնորհակալություն հայտնել, երբ թունելը նորոգվեց, իսկ զինանշանը վերադարձվեց իր տեղը: Բա Արցախն էլ վերադարձնեիք իր տեղը, Բաբկեն Թունյան, բա գնացեք Կիրանցի պատը քանդեք, վերականգնեք գյուղի նախկին տեսքը… Գորիս-Կապան ճանապարհով էլ պետք է երթեւեկեինք… Ո՞ւր է: Սեւ լճի կեսից էիք խոսում… Ցույց տուր՝ գնամ, մի հատ պտտվեմ այդ կողմերում: Դուք չէի՞ք ասում՝ «միջանցք» չենք տալու: Տվեցիք, չէ՞: Դե հետ բերեք Մեղրին ու Ագարակը… Բա տնտեսագետ ես, Բաբկեն Թունյան, աշխարհում քանի՞ ինքնիշխան, ՄԱԿ-ի անդամ երկիր գիտես, որի տարածքով անցնող ճանապարհն այդ երկրին չի պատկանում, անգամ այդ երկրի անունը չի կրում… Թե բա՝ Թրամփն էր այդպես ուզում… Թրամփն էդ ո՞վ եղավ, որ իր պատվին այդպիսի «հուշարձան» դրեցիք մեր տարածքի հաշվին: Գնացեք՝ Կիրանցի պատն էլ Նիկոլի անունով դրեք, գոնե հայտնի իջեւանցի է…

Չէ, Բաբկեն Թունյան, դուք չեք կարող քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Ձեզ ոչ ոք թույլ չի տա դա անել: Ուղղակի չեք համարձակվի: Բայց, այ, փորփրել, ճանկռել, տեսքը փոխել, ինչպես անում եք հայոց պատմության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, կարող եք: Փչացնել, ամիսներ շարունակ ժողովրդի աչքը սովորեցնել ավերակների տեսքին… Դուք սա կարող եք: Սա ձեր ոճն է: Ուզում էիք իմանալ, թե ժողովուրդն ինչպե՞ս կարձագանքի… Ինչպե՞ս եք ուզում, որ արձագանքի՝ հեղափոխությո՞ւն անի… Հեղափոխություն չի անի ժողովուրդը, դուք արժանի չեք դրան: Ձեզ կահաբեկեն, կքերեն ասֆալտի վրայից ու Նիկոլով հանդերձ կլցնեն Զանգուն:

Թուրքիայի սահմանն ի՞նչ եղավ, Բաբկեն Թունյան, բացվե՞ց… Գիտե՞ս ինչ, տղա ջան, դու մեզ մի ապակողմնորոշիր, թե իբր Ծիծեռնակաբերդի «քանդումը» մենք համարում ենք Ադրբեջանի հերթական պահանջի կատարում: Ծիծեռնակաբերդի հարցը թուրքերի հարցն է, պարոն Թունյան, եւ դու հրաշալի հասկանում ես, որ Նիկոլը դրան գնում է թուրքերին սիրաշահելու եւ սահմանը բացելու համար: Բայց դուք այդ հարցում էլ եք ուշացել: Թուրքերն իրենց սահմանն արդեն բացել են, դեպի Ադրբեջան հերթական երկաթուղին էլ ձեր քթի տակ կառուցում են, ու դուք կապ չունեք դրա հետ, մնացել եք խաղից դուրս վիճակում: Թուրքերին այլեւս չի հետաքրքրում՝ դուք Ցեղասպանության հուշահամալիր կքանդեք, թե չեք քանդի, զինանշանի վրա Արարատ լեռ կունենաք, թե չեք ունենա, օրհներգ կփոխեք, թե չեք փոխի: Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն այլեւս՝ դուք սահմանադրություն կփոխե՞ք, թե՞ չեք փոխի: Նրանք իրենցն ստացել են ու մի բան էլ ավելի: Մեզ էլ ասում են՝ դուք գնացեք, իրար կերեք, վերջացրեք:

Պարոն Թունյան, արի՝ քեզ մի երկու բան պատմեմ Նիկոլի մասին, որ նրան լավ ճանաչես: Ուրեմն՝ այդ Նիկոլը մեզ մոտ, Ավանում, Երեւանի բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» է կառուցում իբր, որ ցույց տա, թե որքան է հարգում իր իսկ հրահրած արցախյան կոտորածում զոհված 5 հազար տղերքի հիշատակը: Թե բա՝ «Կյանքի պուրակ»… Սա ի՞նչ է, գիտե՞ս, պարոն Թունյան: Ամբողջ այգու հերն անիծել են, ծառ ու կենդանի կոտորել… Ու հիմա, երբ բողոքում ենք, ասում ենք՝ ի՞նչ կարիք կար այդ էշությունն անելու, ի վերջո՝ մենք Եռաբլուր ունենք, ուր ամփոփված են արցախյան պատերազմի անմահները, մեզ պատասխանում են՝ այ, որ սարքենք, այն ժամանակ կտեսնեք… Սա ի՞նչ է, արդարացո՞ւմ՝ անմեղ զոհերի հիշատակի եւ ժողովրդի առաջ: Վստահ եմ՝ նույնն էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ է անելու Նիկոլը: Կքանդի, հետո էլ իբր կնորոգի ու կհայտարարի՝ իսկ դուք մեզ քննադատում էիք… Բա մենք էդ մա՞րդն ենք, որ ցեղասպանությունն ուրանանք:

ՀԳ. Ասեմ, որ շատ անհարմար նախընտրական արշավ եք սկսել, Բաբկեն Թունյան: Տեսեք, որ տակը չմնաք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image