Քաղաքականություն

Այնպես են ներկայացնում` կարծես երկնքից մանանա են իջեցնելու

Այնպես են ներկայացնում` կարծես երկնքից մանանա են իջեցնելու

Աբու Դաբիում Ալիևի հետ հանդիպումից հետո, իսկ հետո նաև իր ասուլիսին Փաշինյանը ևս մեկ անգամ փաստացի հաստատեց, որ միջանցքի գործարկման պարագայում դրա վերահսկումը հայկական կողմը չի իրականացնելու, այսպես ասած` արտապատվիրակվելու է այլ ընկերության, այլ պետության: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը` միջանցքը վարձակալելու հավանականության մասին, կարծես թե տեսական քննարկումների շարքից է: 

«Ես կարծում եմ, դա ավելի նպատակ ուներ շոշափելու դաշտը և հասկանալու, թե որքանով է ընդունելի, բայց ենթադրում եմ, որ իրենք վաղուց են նման համաձայնության հասել մեր իշխանությունների հետ, որպեսզի ամերիկյան կողմը վերահսկի այդ ճանապարհը և դա էր պատճառը, որ նոյեմբերի 9-ի հետ կապված մենք տեսանք 2022 թվականից, կամ` 2021-ի վերջից սկսած բարդություններ, և հետո ամբողջությամբ բանակցային գործընթացի` դեպի արևմտյան հարթակ տեղափոխում: Հետաքրքիր էր, այն տրամադրվածությունը, որով դեսպանը նման հայտարարություններ էր անում: Որևէ մեկը նրան իրավունք չի տվել հայ ազգին պատկանող տարածքի վրա խաղադրույքներ անել, բայց տվյալ պարագայում նրա արտահայտությունն այնպիսին էր, կարծես երկնքից մանանա են իջեցնելու, եթե ամերիկյան կողմը համաձայնի ինչ-որ ճանապարհ վերահսկել՝ առանց հասկանալու, որ այս տարածաշրջանում ևս մեկ գերտերության ներթափանցումը ուղղակի քաոս է ստեղծելու այստեղ»,-ասաց դիվանագետը: 

Աղաջանյանը նկատեց, որ ամերիկյան կողմն ինքն իրենով չի գալու, միանշանակ է, որ ամերիկյանի անվան տակ տեսնելու եք թուրքերի առաջխաղացումը: Սակայն, պետք է հասկանալ, որ որևէ արևմտյան ներկայություն այստեղ ոչ Ռուսաստանը, որը ցավոք սրտի, այս կառավարությունների օրոք ռազմավարական դաշնակցից վերածվել է ուղղակի չակերտավոր գործընկերոջ, ոչ էլ մեր հարևանը՝ բարեկամ Իրանը, բացարձակապես ընդունելի չի համարի՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսքով կլինի: Կլինի ՆԱՏՕ-ի, ամերիկյան ընկերության, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ տարբեր ծառայությունների և հետախուզական կազմակերպությունների մասնակցությամբ, որոնց հիմնական նպատակը լինելու է այստեղ բացառապես խառնակչի դերակատարում իրականացնելը: Եւ նմանատիպ մոտեցումներով իրենք շատ ավելի բարդացնում են հնարավոր լուծման ուղիները և փոխանակ իրենք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որ ուղղակի հաղորդակցության ուղիները բացի, ազատ փոխանակման միջոցով հնարավորություն կտա պետությունները զարգացնել՝ նրանք իրավիճակն ավելի են բարդացնում նմանատիպ առաջարկներով և էլ ավելի քաոտիկ իրավիճակ ստեղծում, կարծում է դեսպանը: 

Իրանական կողմը թույլ չի տալու այդ միջանցքը կյանքի կոչել, որովհետև դա իրենց պետության անվտանգային համակարգն ամբողջությամբ փլուզող գործընթացի սկիզբ է լինելու: Իսկ մենք շատ հաճախ թերագնահատում ենք այն լծակները, որ Իրանն ունի և տուրք ենք տալիս արևմտյան լրատվամիջոցների կողմից քարոզչական այս հեղեղին, որը պատերազմի տեսքով փորձում է լվանալ ուղեղները և տրամադրությունները շեղելով` բերել մի իրավիճակի, որ թվա, թե իրենց առաջարկը դա միակ ճիշտ ելքն է, որ կարող է լինել:

«Չմոռանանք, որ մեր այսօրվա վիճակում գերագույն մեղավորների շարքում է նաև այդ Արևմուտքը, որի ծրագրի իրականացման համար է Արցախը նվիրաբերվել Ադրբեջանին: Իրենց ձեռամբ և իրենց գաղափարներով է Արցախն այսօր հայաթափվել և հայ ժողովուրդը քսանմեկերորդ դարում կրկին Ցեղասպանության է ենթարկվել: Մենք չմոռանանք դրանք և եթե նրանք փորձում են իրենց անոտք ոտքերով հրեշետակների տեսք տալ, դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչ մոռանանք և կուլ տանք գեղեցիկ այն հաբերը, որ փորձում են մեզ ներկայացնել՝ լինի դա Թրամփի կողմից որպես լավություն` իբրև թե ճանապարհն իրենց վերահսկողության տակ վերցնելը, այնպես էլ այս երկու օրը անընդհատ հնչող ինչ-որ թվային ներկայացմամբ օժանդակության ամենաբազմազան խոստումներ, որով փորձում են վարդագույն հեռանկար պատկերել մեր ժողովրդի համար, որը երբեք իրականություն չի դառնա»: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image