ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ երկուշաբթի օրվա հանդիպմանը քննարկվելու էր նաև Հայաստանի հարցը: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության պատասխանատու և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը X հարթակում, ըստ aravot.am-ի, տեսանյութ է հրապարակել, նշելով՝ «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։ Ինչպես երևում է, «արտաքին միջամտությունը կանխելու հարցում օգնություն ստանալու» խնդրանքով ԵՄ է դիմել հենց ՀՀ ԱԳՆ-ն: Սակայն նույն նախարարության կայքում խնդրանքի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ընդամենը նշված է, որ «դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։ Դե իսկ արտաքին միջամտությունն էլ պետք է հասկանալ ոչ թե, ասենք, ամերիկյան կամ թուրք-ադրբեջանական, այլ հենց ռուսականը:
Ավելին, մինչև Կայա Կալլասի հայտարարությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փորփրել էր Եվրոպական խորհրդի և Լատվիայի ԱԳՆ կայքերը և պարզել էր, որ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։ Ինչպես նշում է Աշոտյանը, «հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի»։ Ինչպես, ի դեպ, ասվել է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Եվ Լատվիայի ԱԳՆ կայքի միջոցով պարզվել է, որ այդ նախաճաշի շրջանակներում էլ քննարվելու է Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրության հարցը: Ենթադրում եմ, որ տկն. Կալլասի աշխատակազմում ուշադիր հետևում են Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջին: Այլապես դժվար թե տիկինն այդպիսի օպերատիվությամբ նման հայտարարություն տեղադրեր X-ում, ինչը հակասելու էր ՀՀ ԱԳՆ-ի կայքէջում ներկայացվածին: Ենթադրում եմ նաև, որ, ի տարբերություն Աշոտյանի ՖԲ էջի, Եվրոպայում մեր ԱԳՆ-ի կայքին հետևող չկա:
Իսկ թե ինչպիսի օգնություն մատուցեց ԵՄ-ն Մոլդովայի խորհրդարանական ընտրությանը՝ «Հրապարակ»-ում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ներկայացվել է թե՛ տողերիս հեղինակի և թե՛ Ավետիս Բաբաջանյանի կողմից: Մեկ բառով օգնության ձևաչափը ներկայացնելու համար ասեմ՝ հատկապես արտասահմանյան ընտրատեղամասերում եղել են լցոնումներ: Այն, ինչ վաղուց վերացվել էր մեր երկրում նախկինների օրոք: Իտալական Թուրին քաղաքի ընտրատեղամասում, օրինակ, քվեարկությունից հետո պաշտոնապես հայտարարվել էր, որ մասնակցել է 1806 միգրանտ քաղաքացի, իսկ իրականում դրանց քանակը կազմել է 786: Թե 786-ից որքանն էր ընտրել իշխող կուսակցությանը՝ չգիտեմ, բայց 100 տոկոանոց վստահությամբ կարող եմ պնդել, որ 1020 «ընտրող քվեարկել է» նախագահ Սանդուի կուսակցության օգտին: Դա ԵՄ-ի կողմից «ժողովրդավարական» Մոլդովային մատուցված ծառայությունն էր ֆինանսական օգնությունից բացի: Իսկ բուն Մոլդովայում Մերձդնեստրի ընտրողների համար նախատեսված չորս ընտրատեղամասեր երկրի ԿԸՀ-ի կողմից տեղափոխվում են այլ վայրեր, իսկ քվեարկության օրն էլ մի քանի ժամով փակում են Դնեստրի վրայի մի քանի կամուրջ, որպեսզի մարդիկ չկարողանան հասնել ընտրատեղամաս: Կարծում եմ, որ ֆինանսականից բացի հենց նման վարքագիծ դրսևորելու խորհուրդներ կտրվեն ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արոյին: Չէ, թող ների ինձ Արոն, Միրզոյան Արարատին. նրա «շեֆը» խնդիր ունի, չէ՞, Արարատ անվան հետ:
Որպեսզի միայն բացասականը չներկայացնեմ՝ որոշեցի մի քանի դրվագ ավելացնել ԵՄ կյանքից կամ պահանջներից: Որպեսզի մեր բնակչությունն ավելի պարզ պատկերացնի, թե դեպի ուր է ինքը ձգտում: Վերջերս ՏԳ ալիքներից մեկից իմացա, որ ԵՄ երկրները պարտավորվել են տարեկան ընդունել 30 հազար գաղթական, իսկ գաղթականներին մերժելու դեպքում յուրաքանչյուր մերժվածի դիմաց ԵՄ-ին վճարել 20 հազարական եվրո տուգանք: Երկրորդ «դրական» օրինակը կրկին ֆինանսական է: Եվրոպայում կաթոլիկ ընտանիքների ընկերակցությունների դաշնությունը (FAFCE) ֆինասավորման նպատակով ԵՄ-ին 6 ծրագիր էր ներկայացրել, ու բոլորն էլ մերժվել էին: Ուզում եք իմանալ պատճառը, խնդրեմ. դրանք մերժվել էին Եվրահանձնաժողովի կողմից «գենդերային գաղափարախոսությանը չհամապատասխանելու» պատճառով: Էլ չեմ խոսում ԵՄ անդամ երկրներում միասեռ ամուսնությունները գրանցելու՝ բացարձակ պարտադրանքի մասին:
Կարծում եմ, որ հակառուսականության՝ մոլդովական լավագույն փորձի կիրառումը մենք կտեսնենք 2026 թվականի հունիսին ու այնուհետև «կվայելենք» ԵՄ մուտք գործելու անհրաժեշտ պայմանների իրականացումը: Եթե, իհարկե, մինչ այդ չկանգնեցնենք մեր պետականության՝ անդունդ գլորվելն «ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի ժողովրդավարական» ուղիով: