Արդեն մեկ տարի է՝ Արարատի մարզի Տափերական համայնքի բնակիչ Մհեր Ղազարյանը չի կարողանում գնել 1991-ից իր տիրապետության տակ գտնվող հողը։ Նրան Վեդիի համայնքապետարանից մի քանի անգամ պատասխանել են՝ կառավարությունը թույլ չի տալիս համայնքային հողերն աճուրդի դնել` վաճառել։ Չնայած այդ հողը դժվար է համայնքային հող անվանել, քանի որ 33-34 տարի գտնվել է քաղաքացու տիրապետության տակ` մարդը ծիրանի այգի է գցել: Տափերական գյուղը խոշորացված Վեդի համայնքի կազմում է, իսկ համայնքապետը հայտնի ՔՊ-ական, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանն է։
«Գյուղի պահեստային հողերից է, 1991-ից մշակում եմ, հիմա ուզում եմ առնել, համայնքապետարանից ասում են՝ կառավարությունից ցուցում կա՝ դադարեցնենք գործողությունները, մինչեւ կստանան թույլտվություն։ Մենակ իմ հարցը չի, ընդհանուր հրաման կա, որ հողերի վաճառքը դադարեցվի։ Ես երկարատեւ եմ մշակել այդ հողը, եւ օրենքը թույլ է տալիս, որ առանց աճուրդի, կադաստրային արժեքը մուծում ես` առնում ես, կադաստրային արժեքը 4-5 միլիոն է, 9 հազար մետր է տարածքը։ Ինչ ասեմ՝ չգիտեմ»,- ասաց այգու տերը` Մհեր Ղազարյանը, որին համայնքապետարանից ասել են՝ մենք ո՞վ ենք, որ հարցնենք կառավարությունից, ումի՞ց հարցնենք: «Ասում են՝ սպասեք, երբ կառավարությունը թույլ տա, էն ժամանակ էլ կտեղեկացնենք, կիրագործենք։ Դուրս է գալիս, որ կառավարությունը 1 տարի թույլ չի տալիս վաճառել այդ հողերը։ Ընդհանուր հանրապետությունով մեկ է այս վիճակը, համայնքապետարանի աշխատողներն են ինձ ասել»,- ասում է Տափերականի բնակիչը։ Ղազարյանը երկար տարիներ այդ հողի վրա ծիրան է աճեցնում եւ այս տարի մեկ այլ խնդրի էլ է բախվել՝ բերքը չի կարողացել վաճառել․ «2 տոննա ծիրանը վաճառեցինք, 3 տոննան մնաց: Անցած տարի արտահանում էին, այս տարի՝ չէ: Դուք որ տեսնեք, ձեր աչքերն արցունքով կլցվեն, կասեք՝ ափսոս չէ՞ր՝ այսքան բերքը թափվել է ծառերի տակ։ Ես տարեկան հողի հարկ եմ վճարում՝ 50 հազար դրամ, ջուրն էլ առանձին եմ վճարում»։
Վեդիի համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Շամո Բաքոյանն ասաց, որ համայնքապետարանը պետք է նպատակահարմար գտնի, որ հողը վաճառի քաղաքացուն․ «Մհեր Ղազարյանից բացի, ուրիշ մարդիկ էլ են ապրում Տափերականում, գուցե մեկ ուրիշը մրցույթին մասնակցի` հաղթի, կանխամտածվա՞ծ պետք է ինքը հաղթի: Ոչ, մրցույթ է հայտարարվելու, գուցե ինքը չկարողանա այդ գումարը տալ, աճուրդի է դրվելու, Մհեր Ղազարյանը կարո՞ղ է թագավոր է, որ իրեն նվեր տրվի, աճուրդի է դրվելու: Ինչպես մյուսները, այնպես էլ ինքը»։ Բայց խոսքը կոնկրետ այգու մասին է, որը մարդը 30 տարուց ավելի մշակել է, ինչո՞ւ պետք է մեկ ուրիշը գա ու նրա այգուն տեր դառնա:
- Ինչո՞ւ չի դրվում աճուրդի։
- Եթե հարմար լինի, կդրվի` կվաճառվի։ Համայնքի հող է, համայնքապետարանը պետք է նպատակահարմար գտնի, որ վաճառի, այդ հողն իրենը չէ, շատ էլ, որ երկարատեւ պայմանագրով տվել են, որ ինքը մշակի։ Վա՞տ են արել։
- Երկար տարիներ մարդը մշակել է, պայմանագիր է կնքել համայնքապետարանի հետ, պտղատու այգի է գցել, հողի, ջրի վարձ է վճարել, այժմ ցանկանում է գնել, ո՞րն է խնդիրը։
- Այդ մարդը կուզի «Հրապարակի» հողն էլ գնի, մենք՝ բոլորս, համաձայն չենք, չէ՞, որ հողերը աջ-ձախ վաճառել են։
- Հիմա համայնքապետարանում հողի օտարում լինո՞ւմ է։
- Այո, լինում է։
- Ձեր կայքում չկա այդ մասին։
- Բոլորը հիմա արձակուրդում են, այս պահին չկա, որովհետեւ ավագանու նիստ էլ չունենք, հաջորդը սկսվում է սեպտեմբերին։
- Ասում են` կառավարությունը թույլ չի տալիս վաճառել հողերը։
- Եթե նման որոշում լիներ, դուք էլ կտեսնեիք։ Լսել եք, որ վարչապետն անհանգստություն հայտնեց, որ որոշ տեղեր 50-60 հազար հեկտարով հող են վաճառում, եթե այդպես է, թող մնա համայնքային: Նման մտահոգություն եղել է, բայց որոշում չի եղել, որ արգելվի։
- Գրավոր չէ, բանավոր հրահանգ է իջեցվել։
- Մի քանի օր առաջ հանդիպել եմ քաղաքաշինության հետ, գույքի օտարման նախագիծ են պատրաստում։
- Վերջին անգամ ե՞րբ է հող վաճառվել։
- Մայիս ամսին:
ՀԳ․ Թերեւս, հողերի վաճառքին «ստոպ է տրվել»՝ հողի կադաստրային արժեքը բարձրացնելու համար, որ կարողանան մեծ գումարներ քերել քաղաքացիներից։ Իսկ համայնքներում փորձում են օգտվել վերեւների «մտահոգություններից» եւ հողերի աճուրդներում իրենց շահն առաջ տանել` մարդկանց այգիները խլել, իրենց ծանոթ-բարեկամներին վաճառել: