Քաղաքականություն

«Հրապարակ». Քաղաքական դաշտում փորձում են առողջ ուժերի համագործակցության հարթակ ստեղծել

«Հրապարակ». Քաղաքական դաշտում փորձում են առողջ ուժերի համագործակցության հարթակ ստեղծել

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի եւ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանի միջեւ հուլիսի 23-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Կողմերը հայտարարեցին, որ նպատակ ունեն համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի հասարակության համախմբմանը, վստահության վերականգնմանը, համակարգային խնդիրների հաղթահարմանը եւ պետության կայուն զարգացմանը։ Նաիրի Սարգսյանն իր ելույթում նշել էր․ «Հայաստանում վաղուց չկա քաղաքականություն։ Կա գոյության պայքար։ Դրանից դուրս գալու միակ ուղին տեխնոկրատիան է»։

Մեզ հետ զրույցում Նաիրի Սարգսյանը նշեց, որ համագործակցության առաջին հուշագիրը ստորագրվել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հետ, երկրորդը՝ «Արմենիա 2026» շարժման։ Հետագայում այլ հուշագրեր էլ կստորագրվեն: «Հուշագրով մենք նախնական համագործակցությունն ենք ֆիքսում միմյանց հետ, ովքեր որ կիսում են այն գաղափարները, ինչ ունի «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, այսինքն՝ ազգայնականություն, ռացիոնալություն ու տեխնոկրատիզմ: Մարդիկ ունեն կենսագրություն, բավարար փորձառություն եւ գիտելիք՝ իրենց ոլորտում օգտակար լինելու համար, եւ Հայաստանի տվյալ ոլորտը, որտեղ իրենք այդ փորձառությունը, գիտելիքն ունեն, կարողանում են առաջարկներով ու խնդիրների լուծման տարբերակներով հանդես գալ: Այս մարդկանց հետ մենք ֆիքսում ենք նախնական համաձայնություն՝ միմյանց հետ համագործակցելու: Դա կլինի ծրագրային կետերի շուրջ, կլինի հետագա Հայաստանի զարգացման տեսլականի, ծրագրի կազմման շուրջ, որովհետեւ այդպիսի առողջ համագործակցությունները, այդ թվում՝ ներքին բանավեճերը, միշտ հանգեցնում են շատ ավելի լավ լուծումների, քան երբ յուրաքանչյուրը նստում՝ իր համար է գրում»,- շեշտեց Սարգսյանը:

Քաղաքական դաշտում փորձում են առողջ ուժերի համագործակցության հարթակ ստեղծել՝ հետագայում շատ ավելի լավ արդյունք արձանագրելու համար: Իհարկե, հուշագրի ստորագրումը դեռեւս քաղաքական մեկնարկի արձանագրում չէ, չնայած որ այդպիսի էլեմենտ է իր մեջ պարունակում, բայց մեկնարկը մի քանի ամսից կտրվի՝ ասում է Սարգսյանը։ «Մի առանցքի շուրջ ենք փորձում միավորվել։ Չէի ցանկանա այստեղ վերմակը քաշել մեր ուղղությամբ, որ մենք ենք միավորողը հանդես գալիս, բայց առանցքը հետեւյալն է՝ ազգային գաղափարի շուրջ համախմբել այն ուժերին, որոնք ունակ են խնդիր լուծելու, որովհետեւ մենք գտնում ենք, որ Հայաստանը ներկա վիճակից դուրս բերելը, եթե որեւէ ուժ կհայտարարի, որ միայնակ կարող է իրականացնել, դա մեծամտություն կլինի, որովհետեւ փոքր երկիր ենք՝ շատ սակավաթիվ հասարակությունով: Այդ իրավիճակում ուժերի համախմբում հանուն երկրի, հանուն պետության՝ անխուսափելի է: Եվ փորձում ենք այս գաղափարի շուրջ համախմբում ձեւավորել»,- նկատում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

«Ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներն ի՞նչ արդյունքներ են տվել» հարցին Սարգսյանը պատասխանեց, որ գրեթե բոլորի հետ հանդիպել են, միայն մի քանի ուժի հետ առիթ չի եղել հանդիպելու, ունենում են հանդիպումներ, զրույցներ, պարբերական շփումներ: Սակայն կոնկրետ քաղաքական ուժերի անուններ տալուց խուսափեց՝ նշելով, որ երբ հստակ պայմանավորվածություն ձեռք բերված լինի, այն ժամանակ էլ կհայտարարեն: Իհարկե, ոչ բոլոր քաղաքական ուժերի հետ են պատրաստ հանդիպել ու քննարկումներ ունենալ․ «Բացառվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ իր սատելիտների հետ որեւէ փոխգործակցություն կամ քննարկում»:

Հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ եւս կա, եւ այդ մասին առանձին հայտարարությամբ հանդես կգան: Ինչ վերաբերում է տեխնոկրատների իշխանությանը, Սարգսյանն ասում է․ «Մեր հուշագրերով մենք ցույց տվեցինք, որ այդ ռեսուրսը կա: Օրինակ, «Արմենիա 2026»-ի ղեկավարը առողջապահական ոլորտի արդյունք արձանագրած դերակատար է, իմ պարագայում՝ սոցիալ-տնտեսական հատվածի, մեր թիմակիցների պարագայում՝ իրավական, առողջապահական, անվտանգային։ Այդ ռեսուրսն իրականում կա, ուղղակի այդ ռեսուրսը պետք է կոմֆորտ զոնայից դուրս հանել, որպեսզի այդ՝ նախկին բաժանարար գծեր քաշած «նախկին, ներկա» դիսկուրսից դուրս, որոնք դիստանցավորվում են քաղաքականությունից այս կամ այն կերպ, մենք փորձում ենք այդ մարդկանց դուրս հանել իրենց կոմֆորտ զոնայից, եւ մեզ դա հաջողվել է: Վստահեցնում եմ, որ այդ ռեսուրսը կա Հայաստանում»:

Նոր ակցիաներ են անելու Հայաստանում վարվող քաղաքականության եւ բռնապետության հաստատման դեմ, նոր գործողություններ են ուզում սկսել։ Թե ինչպիսի պայքար են մղելու, ինչ գործիքակազմով եւ թե ինչպես են հանրությանը դա մատուցելու, այդ մասին կհայտարարեն շուտով: Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին, ապա աջակցությունը Եկեղեցուն եւս նախատեսված է: «Չորս հիմնական ուղղություն է լինելու, որի մի ուղղությունը Եկեղեցին է, որովհետեւ Եկեղեցու դեմ գործողությունը Հայաստանի Հանրապետությունում հենց ավտորիտարիզմի վերջնական հաստատման փուլերից է, եւ Եկեղեցին այստեղ չի կարող մնալ այդ ակցիայի շրջանակներից դուրս: «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 2024 թ․ սեպտեմբերին որպես կուսակցություն հայտ տալուց հետո շատ ակտիվ գործունեություն է իրականացրել, ընդ որում՝ բավականին հաջող, հիմա ուղղակի ուժերի համախմբմամբ պետք է շարունակենք իրականացնել: Երբեւէ կանգ չենք առել եւ ոչ էլ կանգ ենք առնելու»,- ասաց Նաիրի Սարգսյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image