Այլ

Մարկո Ռուբիոյի ճակատի խաչն ու Հայաստանի ղեկավարության «հակաեկեղեցական ընթացքը»

Մարկո Ռուբիոյի ճակատի խաչն ու Հայաստանի ղեկավարության «հակաեկեղեցական ընթացքը»

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ելույթ է ունեցել` ճակատին սեւ խաչ պատկերված։ Խոսել է ուկրաինական կարգավորման մասին։ Սակայն մեզ հետաքրքրում է այս դեպքում ոչ թե այն, թե ինչ խոսել է, այլ՝ ճակատի սեւ խաչը։ Ինչ կարելի է հասկանալ այդ սեւ խաչից։ Նախ որ պետքարտուղար Ռուբիոն պահում է Մեծ Պահքը, ապա որ մասնակցել է Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ Մեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը կատարվող Մոխրոց օրվա ծիսակատարությանը, որի ընթացքում հավատացյալների ճակատին մոխրի խաչ է պատկերվում հոգեւորականի կողմից` ի նշան ապաշխարության։ Նշենք, որ Մոխրոց օրը նշվում է ոչ միայն Կաթոլիկ եկեղեցում, այլ նաեւ Անգլիկան եւ Լյութերական եկեղեցիներում։ Ռուբիոյի կրոնա-դավանական հայացքների մասին բավականին հետաքրքիր տեսակետներ կան։ Թե իրականում որ հարանվանության, որ եկեղեցու անդամ է նա, մեծ հաշվով էական էլ չէ։ Էականն այն է, որ մարդը կրոնական հավատք ունի եւ չի թաքցնում այն, առավել եւս՝ չի ամաչում այն բանից, որ հավատք ունի։

Սա հատկապես ներկայիս՝ կտրուկ փոխվող աշխարհակարգի պայմաններում շատ կարեւոր ազդակ կարող է լինել Հայաստանի ղեկավարության համար, որոնք արդեն մի քանի տարի լուռ առճակատման մեջ են Հայ առաքելական եկեղեցու վերնախավի հետ, փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ Առաքելական եկեղեցին իրենց համար երկրորդական տեղում է եւ նմանատիպ այլ բաներ։ Ի դեպ, դեռ մոտ մեկ ամիս առաջ՝ քչերը կհավատային, որ աշխարհում նման կտրուկ շրջադարձ կարող է լինել, ինչպես եղավ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից եւ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի Էր-Ռիյադյան բանակցություններից հետո /այսօր, ի դեպ, արդեն Ռուսաստանը նոր դեսպան նշանակեց Միացյալ Նահանգներում/։ Հետեւաբար՝ ամենօրյա ռեժիմով Վաշինգտոնից եկող՝ նաեւ կրոնական բնույթի ազդակներին պետք է ուշադիր լինել։ Ով իմանա, ինչ շրջադարձեր դեռ կարող են տեղի ունենալ՝ ոչ ի վնաս այն համակարգի, որն այսօր կազմաքանդվում է մեր աչքի առաջ՝ աշխարհակարգից մինչեւ գաղափարական մակարդակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image